Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 
100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես` աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաև եղած բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա, առավել համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելով, հավուր պատշաճի կազմակերպել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները և դրանց միջազգային հնչեղություն տալ:

Հաջորդ տարի համայն մարդկությունը ոգեկոչելու է Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը և անդրադառնալու է մարդկությանը պատուհասած լայնամասշտաբ պատերազմի հետևանքներին ու դասերին: Ցավոք, այդ պատերազմի քողի տակ իրականացված զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները, որպես այդպիսիք, մնացին անպատիժ, և հենց այստեղ պետք է փնտրենք նոր ու ծավալներով առավել ահարկու Երկրորդ աշխարհամարտի և Հոլոքոստի սարսափների ակունքներն ու ծագումնաբանությունը:

Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը, ի հեճուկս աշխարհի երեսից իրեն ջնջել ցանկացող ոճրագործների ու նրանց գործը շարունակողների, կարողացավ ոտքի կանգնել, կերտել իր պետականությունը, ստեղծել ամուր ու հուսալի ազգային կառույցներ սփյուռքում: Մեծ եղեռնի հարյուրամյակը սոսկ տարելից չէ. միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների անցկացումը մեզ հնարավորություն կտա ամբողջ աշխարհին ի ցույց դնել մեր միասնականությունն ու հաստատակամությունը` ցեղասպանության հետևանքների վերացման հարցում ոչ միայն չընկրկելու, այլև հաջորդ սերունդներին պայքարի ու մաքառման նոր եղանակներ փոխանցելու առումներով:

Հարգելի՛ բարեկամներ,

Հայոց ցեղասպանության պատմությունը և դրա դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը: Այն հավասարապես վերաբերում է նաև թուրքական պետության և թուրք ժողովրդի պատմությանն ու հիշողությանը, և այս տեսանկյունից մեզ համար ոգևորիչ է, որ տասնամյակներ շարունակ անփոփոխ մնացած լռությունն ու ժխտողական կեցվածքն այլևս տեղի են տալիս, և թուրք հասարակության առավել գիտակից հատվածն իր մեջ ուժ է գտել վերանայելու անցյալում տեղի ունեցած ողբերգության հանդեպ պարտադրված մոտեցումներն ու կեցվածքը, ավելին` նույնիսկ քննադատաբար մոտենալու պաշտոնական դիրքորոշմանը և ըմբոստանալու ժխտողականության նոր երևույթների դեմ:

Մենք համոզված ենք, որ հայերի և թուրքերի ապագա սերունդներն անպայման գտնելու են համակեցության նոր բանաձևը, և դրան հասնելու համար, անշուշտ, օգտակար է լինելու անցյալում գործած ոճրագործությունների հետևանքների վերացման հարցում փոխգործակցությունը՝ որպես արդարության վերականգնման կարևոր երաշխիք:

Այս գիտաժողովի արդյունքում ի մի բերված առաջարկություններն ու նկատառումներն անպայմանորեն հաշվի են առնվելու Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, ուստի մեր հորդորն է՝ հնարավորինս բաց և անկաշկանդ քննարկումներ իրականացնել հետագա անելիքների ճշգրտման ու ռազմավարության որդեգրման առումներով:

Գիտաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]