1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խուլիո Իգլեսիասն ուսումնասիրել է, թե ինչ երգեր են հայերը սիրում

Խուլիո Իգլեսիասն ուսումնասիրել է, թե ինչ երգեր են հայերը սիրում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը Հայաստան է այցելել ոչ թե որպես սովորական անհատ, այլ որպես հարազատ ընկեր: Հայաստանում մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց Խուլիո Իգլեսիասը` ընդգծելով, որ ինքը երբեւիցե չի երգում այնպիսի վայրում, որն իրեն դուր չի գալիս: «Թեեւ սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց այցը չէ, որ պետք է ինձ ստիպի ճանաչել Հայաստանը: Արդեն շուրջ 2000 տարի է, որ իմ հոգու երկիրը` Իսպանիան, մեծ կապ ունի Հայաստանի հետ: Մեր լեզուները մեծ նմանություն ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Խուլիո Իգլեսիասը` հավելելով, որ վերջին 45 տարների ընթացքում ինքը ճանաչել է հազարավոր հայերի, ովքեր իրենց մշակույթն են փոխանցում ամբողջ աշխարհում: «Ես մեծ սիրով եմ պատրաստվում երգել այստեղ: Սա է պատճառը, որ այսօր Երեւանում եմ: Ինձ երկար տարիներ չի մնացել ապրելու եւ երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ` ճանաչելու հայ ընկերներիս երկիրը»,- ասաց նա:

Երգիչը նաեւ կիսվեց իր առաջին զգացողություններով, որոնք ունեցավ, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում: «Ես միանգամից հասկացա, որ հաճելի մարդիկ են հայերը: Երբ ինձ երեկ Մոսկվայից ճանապարհեցին, ասացին, որ գնում եմ մի տաք երկիր, բայց ոչ այն պատճառով, որ այնտեղ ավելի լավ եղանակ է, այլ այնտեղ ժողովուրդն ավելի մեծ ջերմությամբ կընդունի»,- պատմեց երգիչը: Խուլիո Իգլեսիասը նաեւ այն կարծիքին է, որ Հայաստանը մելանխոլիկ մի բան է հիշեցնում: «Սա շատ հաճելի է, որովհետեւ մելանխոլիկությունը խոցելիության քույրն է համարվում: Իսկ երբ անձը խոցելի է, նշանակում է, որ անձն ունի հերոսական վերաբերմունք»,- ասաց երգիչը:

Հայաստանյան համերգի ընթացքում կհնչեն Իգլեսիասի բոլոր ամենահայտնի եւ սիրված կատարումները: Իգլեսիասի արվեստի երկրպագուները համերգի ընթացքում երգչի կատարմամբ հնարավորություն կունենան ունկնդրելու «Intro», «Amor Amor», «La gota fria», «Natalie», «Galicia», «A media luz», «Echame a mi la culpa», «My sweet lord», «Mammy blue», «Me siento de aqui», «Carusso», «Ne me quites pas», «Careless whisper», «Cumparista», «All of you», «Always on my mind», «I want to know», «Let it be me» եւ այլ սիրված կատարումներ: Բացի դրանից, հնարավոր է` կատարի հայերեն երգ կամ երգից հատված, քանի որ յուրաքանաչյուր երկիր գնալիս հանրաճանաչ երգիչը սիրում է կատարել տվյալ երկրի լեզվով երգ: «Ես արդեն ուսումնասիրել եմ, թե ինչ երգ են հայերը սիրում»,- նշեց նա:

Խուլիս Իգլեսիասը Հայաստան ժամանեց մեծ «շքախմբով»` իր սեփական ինքնաթիռով: Երգչին ուղեկցում են երաժիշտներ, բեք-վոկալային երգիչներ, պարողներ: Հայաստանում համերգ տալու գաղափարը Խուլիո Իգլեսիասինն է, քանի որ նրա հայ ընկերները պատմել են, որ Հայաստնում երգիչը շատ սիրված է, այնուամենայնիվ, մինչեւ համերգը կազմակերպելն ուսումնասիրվել է հասարակության պահանջարկը: Համերգի տոմսերի գները տատանվում են 5 հազարից մինչեւ 80 հազար դրամի սահմաններում: Թեեւ դեռեւս համերգի բոլոր տոմսերը վաճառված չեն, այնուամենայնիվ, քիչ քանակությամբ է մնացել: Կազմակերպիչներն էլ Կանանց մեկամսյակի կապակցությամբ որոշել են յուրահատուկ նվեր մատուցել. տոմսերը վաճառվում են 20 տոկոս զեղչով:

70-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի հայաստանյան համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art եւ հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները: Երգչի համաշխարհային համերգաշարի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ից` Գվատեմալայից, այնուհետեւ` ՌԴ, Ուկրաինա, Արաբական Միացյալ էմիրություններ, Ֆիլիպիններ, Կորեա, Չինաստան, Սինգապուր, Թայվան, Իսպանիա: Խուլիո Իգլեսիասն ամենահայտնի իսպանալեզու կատարողն է, ով վաճառել է ավելի քան 300 մլն ձայնասկավառակ: Իր ստեղծագործական ողջ կարիերայի ընթացքում երգիչը ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2011 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]