Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Հայաստանում բազմացող Վանա կատուներն ունեն տեսակին բնորոշ բոլոր առանձնահատկությունները


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից և ԱՄՆ-ից Հայաստան բերված Վանա կատուներն ունեն այդ տեսակին բնորոշ բոլոր հատկությունները՝ ի տարբերություն Թուրքիայում բազմացող Անգորական կատուների, որոնք թուրքերը փորձում են ներկայացնել որպես Վանա կատու։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում վանա կատուների բուծումը կազմակերպող Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ կատուների թվաքանակը մեր երկում արդեն անցել է 70-ից, իսկ ողջ աշխարհում դրանց թիվը հասնում է 2000-ի։ «Վանա կատուներին Հայաստան բերելու և տեղում բազմացնելու գաղափար ունեինք դեռ 1990-ական թվականներից։ Մի խումբ կենդանասերներով ուսումնասիրեցինք տեսակի առանձնահատկությունները, ապա Հայաստան բերեցինք առաջին կատուներին»,- նշեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ ցանկություն կա ավելացնել նրանց թիվը, թեև մեծամասշտաբ բազմացման համար հարկավոր է ունենալ համապատասխան բուծարան։

Դավիթ Մաթևոսյանի խոսքով` սխալ է այն կարծիքը, թե Վանա կատուն պարտադիր պետք է ունենա տարբեր գույնի աչքեր. այս կատուները կարող են ունենալ երկու դեղին, երկու կապույտ կամ մեկ դեղին և մեկ կապույտ աչք։ Կարևորը մարմնի կառուցվածքն է, նարնջագույն ականջները, պոչը և, իհարկե, բնավորությունը։ «Վանա կատուն չափազանց նվիրված է տիրոջը։ Նա ոչ այնքան կապված է տեղանքին, որքան մարդկանց։ Հատկանշական է, որ այս կատուները հետևում են իրենց տերերին և չեն բաժանվում նրանցից»,- ավելացրեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ Վանա կատուների համար բնորոշիչ է նաև մազածածկույթը. կենդանու մորթիի 70-80 տոկոսը սպիտակ է, իսկ գլխի և պոչի հատվածում կարող է ունենալ այլ գունավորում։ «Վանա կատուները կատվազգիներից միակն են, որ սիրում են ջրի հետ շփումը։ Այդ պատճառով էլ նրանց թաթերի արանքում առաջացել են լողակներ, որը բնորոշ է ջրային կենդանիներին»,- ասաց Մաթևոսյանը։

Վանա կատուն Արևմտյան Հայաստանում՝ Վանա լճի շրջակայքում տարածված կատվի տեսակ է, որը գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Դասական Վանա կատվի գեղմի նշանների գույնը համապատասխանում է Վանա լճի` արևածագի կամ մայրամուտի գույնին։ Դասական գույնի Վանա կատուների մոտ նշանները գտնվում են մորթու այն մասերի վրա, որոնք կգտնվեին ջրի մակերեսից բարձր, եթե կատուն լողար լճի մեջ արևածագին կամ մայրամուտին` այնպիսի տպավորություն թողնելով` կարծես թե արևն ինքն է թողել կատվի մորթու վրա այդ ծիրանագույն նշանները։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ