Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Ժամանակակից պոեզիայի երևանյան 4-րդ փառատոնը կունենա մրցութային չորս ուղղություն

Ժամանակակից պոեզիայի երևանյան 4-րդ փառատոնը կունենա մրցութային չորս 
ուղղություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից պոեզիայի երևանյան 4-րդ փառատոնը կմեկնարկի մայիսի 13-ին եւ կունենա մրցութային չորս ուղղություն` գրական-ստեղծագործական, գեղանկարչական, լուսանկարչական, պոեզիայի: Այս մասին մարտի 7-ին հրավիրված ասուլիսում ասաց փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մանուկ Նիգոյանը: «Մասնակցության համար տարիքային սահմանափակում կա միայն ասմունքի մրցույթում, որին կարող են մասնակցել Երևանի դպրոցների 12-18 տարեկան ներկայացուցիչները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նիգոյանը: Կազմակերպիչների համար կարևոր է այն, որ մրցույթի անցած տարվա հաղթող մասնակիցները բավական պահանջարկ ունեցող ասմունքողներ են Երևանի մի շարք միջոցառումներում:

Փառատոնի նախաձեռնողը Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միությունն է: Այն աջակցության համար դիմել է Մշակույթի նախարարությանը: Փառատոնին աջակցում են Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի և Երևանի գրողների միությունները, մի շարք գրադարաններ, թանգարաններ:

Մրցույթին իր աջակցությունն է ցուցաբերում նաև «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան», որի նախագահ Խաչատուր Մարոզյանը նշեց, որ իրենք օժանդակում են փառատոնին ամեն կերպ` ընդհուպ մինչև ֆինանսական խնդիրների լուծում, ինչի կարիքը փառատոնը շատ ունի:

Մրցույթի հաղթողներին ընտրում է պրոֆեսսիոնալ ժյուրին, որի կազմում ընդգրկված են Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, «Անտարես» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր, գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը, գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման նախագահ Ժաննա Հովհաննիսյանը, Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանը և ժյուրիի նախագահ ՀՀ մշակույթի նախարարության գրականության և արվեստի թանգարանի տնօրեն գրականագետ Կարո Վարդանյանը: Հաղթողներին սպասվում են անակնկալ մրցանակներ:

Փառատոնի հայտերն ընդունվում են մարտի 1-ից ապրիլի 15-ը, իսկ ամփոփումը տեղի կունենա մայիսի 18-ին: Նախորդ երեք տարիներին մրցույթը կոչվել է «Սևակյան պոեզիայի փառատոն» և անցկացվել է միայն պոեզիայի մրցույթ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ