Մի խումբ դամասկոսահայեր հրաշքով փրկվել են ռումբի պայթյունից
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում փետրվարի 24-ին ռումբ է ընկել Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի «Հոմենմեն» հնչակյան ակումբի մոտ գտնվող Սանտա Ռիտա եկեղեցու վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանը` ավելացնելով, որ տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան: Բարեբախտաբար, ռումբը չի վնասել հայկական ակումբը, որտեղ այդ ժամանակ մահացած հայ կնոջ համար հոգեհացի արարողություն էր տեղի ունենում եւ բավական մեծ թվով հայեր էին հավաքվել:
Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող ընդհանուր վիճակին, Էլմաջյանը նշեց, որ գիշերն ուժգին բախումներ են տեղի ունեցել Աբբասին հրապարակի կից թաղամասերում: Տրոպիկանա լողավազանի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որից հետո բախումներ են սկսվել: Փետրվարի 26-ի առավոտյան իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում