1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հավակնորդների մրցաշարում հաղթող չլինելը հավասար է պարտության. Լեւոն Արոնյան

Հավակնորդների մրցաշարում հաղթող չլինելը հավասար է պարտության. 
Լեւոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները մեկ անգամ չէ, որ ապացուցել են աշխարհին` շախմատն Հայաստանում այնքան է սիրված, որքան ֆուտբոլը` Բրազիլիայում: Եվ այսօր համոզված կարելի է ասել, որ շախմատի հայկական դպրոցում նոր ու տաղանդավոր անունների պակաս երբեք էլ չի զգացվելու, քանի որ այն որպես առարկա  դասավանդվում է դպրոցներում և որը ոչ միայն կրթում է մատաղ սերնդին, այլ նաև` դաստիարակում: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի եւ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի` Լեւոնի Արոնյանի հետ հարցազրույցը:

-Ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքներն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից: Ո՞ւմ եք հիմնական մրցակից համարում:

- Այդ մրցաշարում իմ մասնակցությունն արդեն մեծ ուրախությունն է ինձ համար: Հավակնորդների մրցաշարն այնպիսինն է, որ յուրաքանչյուր շախմատիստ ցանկություն ունի անպայման հաղթելու: Հավակնորդների մրցաշարում հաղթող չլինելը հավասար է պարտության: Բոլոր 8 մասնակիցներն էլ ձգտելու են հաղթանակի, նրանցից 7-ը իմ հիմնական հակառակորդներն են: Դժվար է ասել, թե ով իրեն լավ կդրսեւորի, քանի որ երկար ժամանակ բոլորն էլ պատրաստվել են այս մրցաշարին:

-Հայ շախմատիստների հետ մարզվում էիք Ջերմուկում: Ի՞նչ մարզավիճակում եք այժմ:

- Այո, տղաների հետ մարզվում էի: Ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս մեր հավաքականի բժիշկը նույնպես շատ օգնեց: Իհարկե, պարապմունքները շարունակում եմ: Կարծում եմ այն աշխատանքը, որն այնտեղ արել ենք, իր արդյունքները կտա, ես շատ գոհ եմ:

-Տարվա առաջին հանդիպումներից հետո տարածվեց մի կարծիք, որ Դուք խնայում եք Ձեր ուժերը հետագա մրցաշարերի համար: Արդյոք դա այդպես է:

-Շախմատում, ինչպես նաև ցանկացած մարզաձևում, յուրաքանչյուր մասնակից ուժեղագույն մրցաշարերից առաջ ամեն ինչ անում է իրեն լավագույն կերպով դրսեւորելու համար: Սխալ եմ համարում և համաձայն  չեմ, որ իբր խնայում են իրենց, ես ինքս չեմ խնայում: Կան մրցաշարեր, որտեղ հաջող ես հանդես գալիս, լինում է նաեւ հակառակը: Բայց եթե դու քո գործին լուրջ ես վերաբերում եւ հարգում ես մրցակցին, ուրեմն սխալ կլինի շախմատիստի կողմից, եթե ամեն ինչ չանի. իր լավագույն խաղը ցուցադրելու համար:        

-Լեւոն, «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նորվեգացի Մագնուս Կարլսենն ասաց, որ իր համար աշխարհի եթե ոչ ուժեղագույն, ապա ուժեղագույն շախմատիստներից մեկը Դուք եք: Ինչպիսի՞ մրցակից է նա Ձեզ համար:   

-Մագնուսի հետ հետաքրքիր է խաղալ: Պայքարի մեր ոճերը շատ են տարբերվում իրարից, եւ կարծես թե հենց դա է, որ ինձ գերագույն հաճույք է պատճառում: Սիրում եմ մրցել այն շախմատիստների հետ, ովքեր իրենց ոճն ունեն եւ շատ են տարբերվում ինձանից:

-Երբ օրը գա, Դուք կմասնակցեք Բաքվի 2016 թվականի օլիմպիադային: Եվ կարող է Բաքուն ի՞նչ որ կերպ անդրադառնա Ձեր խաղի որակի վրա:

- 2016 դեռ հեռու է: Մինչ այդ շատ բան կարող է փոխվել: Հուսով եմ, որ մեր ազգերը լեզու եւ ելք կգտնեն այս դժվարին իրավիճակներից դուրս գալու համար: Մենք հարևաններ ենք եւ մնալու ենք հարեւաններ: Եթե ամեն ինչ մնա այնպես ինչպես հիմա է, այսինքն շարունակվի այս վիճակը, ապա դժվար կլինի մեզ համար Բաքվում խաղալը կամ Բաքու մեկնելը:

-Տղամարդկանց մեր հավաքականի վերելքը, հաջողությունները կապում են միասնականության հետ: Ի՞նչն է, որ ձեզ այդպես միասնական է դարձրել:  

-Մեր ջերմությունն ու բարեկամությունը: Երկար տարիներ է` մեկ մեկու գիտենք: Բոլորս էլ հարգում ենք իրար: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Հայաստանի համար ենք խաղում: Կարող եմ ասել, որ մեր հավաքականի յուրաքանչյուր անդամ իր ներուժով ոչնչով չի զիջում աշխարհահռչակ ոչ մի շախմատիստի:

-Շախմատիստ դառնալու ճանապարհին ո՞ւմ օրինակին եք հետևել: Բոլորի սիրելի Լեւոն Արոնյանն ունի՞ սիրելի շախմատիստ:

-Ամեն հայ երեխայի համար օրինակ է համարվում Տիգրան Պետրոսյանը: Բայց շախմատային առաջին գիրքս եղել է Ալեքսանդր Ալյոխինի «300 խաղ»-ը, եւ օրինակ էլ հենց դա է:

-Տիգրան Պետրոսյանն ասում էր. «Շախմատը ձեւով խաղ է, բովանդակությամբ` արվեստ, տիրապետելու դժվարությամբ` գիտություն»: Ի՞նչ է քեզ համար շախմատը:

 -Շախմատն ինձ համար լեզու է: Ես  կարողանում եմ դրանով արտահայտվել: Շախմատն այն զբաղմունք է, առանց որի ես «ես» չէի լինի:

-Մանկության տարիներին շախմատի հետ մեկտեղ զբաղվել եք նաեւ երաժշտությամբ: Ինչպե՞ս եղավ, որ հաղթեց շախմատը: 

Երաժշտությունը շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Ես մեծ ոգեւորություն եմ ապրում երաժշտություն լսելիս: Երեւի տարբերությունն այն էր, որ իմ շախմատի ուսուցիչը չափից ավելի շատ էր սիրում շախմատը, իսկ երաժշտության ուսուցիչը` ոչ այդքան:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]