Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ԿԸՀ նախագահը հավաստիացնում է՝ յուրաքանչյուր ընտրողի քվեն կհաշվարկվի այնպես, ինչպես տրվել է


ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայանալիք նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտվում է: Փետրվարի 17-ը լռության օր է: Քվեարկության օրվան` փետրվարի 18-ին ընդառաջ «Արմենպրես»-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած աշխատանքների, քվեարկության անցկացման պատրաստվածության մասին զրուցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

 -Պարոն Մուկուչյան, նախընտրական քարոզարշավի ավարտին կխնդրեի ամփոփել. ԿԸՀ-ն որքանով է պատրաստ քվեարկությանը, ինչ աշխատանքներ են տարվել:

-Քարոզարշավն այսօր ավարտվում է: Այս ընտրարշավի ընթացքում ստացել ենք ընդամենը չորս դիմում, միաժամանակ հետեւել ենք լրատվամիջոցներով հրապարակվող բոլոր տեղեկություններին. դրանք ստուգվել են, հաստատվելու դեպքում անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Այս ամենի արդյունքում, նաեւ հիմք ընդունելով նախընտրական քարոզչության համար ներկայացվող հայտարարագրերի տվյալների ուսումնասիրումը, ինչպես նաեւ ՀՌԱՀ պարբերաբար իրականացվող մոնիթորինգի վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունները, թերեւս կարող ենք փաստել մեկ բան. այս ամբողջ ընթացքում ԸՕ պահանջները պահպանվել են, թեկնածուներն ունեցել են հավասար հնարավորություններ, այլ խնդիր է` յուրաքանչյուրն ինչ չափով է օգտվել դրանցից, սակայն բոլորը հնարավորություն են ունեցել` ներկայացնելու իրենց տեսակետները, ծրագրային դրույթները, ըստ էության` իրենց խոսքն ընտրողներին են հասցրել: Յուրաքանչյուր թեկնածու սեփական նախաձեռնությամբ է կազմակերպում իր քարոզարշավը: Մի դեպքում` դրանք հանդիպումներն են, մեկ այլ դեպքում` սոսկ ԶԼՄ-ների օգնությամբ կամ աջակցությամբ սեփական տեսակետները հանրությանը հասանելի դարձնելը: Միանշանակ կարող ենք պնդել, որ քարոզարշավն իրականացվեց ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ:

- Կարեւորագույն իրադարձության` նախագահի ընտրության շեմին կխնդրեի վերահաստատել արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու ԿԸՀ վճռականությունը:

-Դա միանշանակ է: Բոլոր այն գործընթացները, որոնք մինչ այս իրականացվել են, արդեն իսկ փաստում են այդ մասին: Մասնավորապես` նոր տեխնիկական լուծումների արդյունքում հնարավորություն ընձեռվեց հանրությանը ԿԸՀ նիստերին հետեւել օնլայն հեռարձակման ռեժիմի միջոցով, բացի դրանից, ԿԸՀ «Ընտրողների ռեգիստր» հատվածը համալրվեց նոր ծառայությամբ, որով հնարավոր է արդեն ավելի հեշտացված, պարզեցված եղանակով տեսնել` քանի այլ ընտրող է հաշվառված համապատասխան հասցեում: Սրանք, ինչ խոսք, գործողություններ էին, որոնք հակված էին առավելագույն թափանցիկություն ապահովելու ընտրական գործընթացներում, պետք է նշել նաեւ թանաքանյութի հրապարակային փորձարկումը եւ այլն: Այս անգամ ԿԸՀ-ն, ըստ էության առաջին անգամ, հայտարարեց բաց դռների մասին. դա ոչ թե պլանավորած հանդիպում էր քաղաքացիների ինչ-որ խմբի հետ, այլ հրապարակային հայտարարության արդյունք: ԿԸՀ-ն հյուրընկալեց բազմաթիվ քաղաքացիների, որոնք բաց դռների օրն այցելեցին ԿԸՀ, վերջիններիս ներկայացվեց որոշակի տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ, այն հնարավորությունները, որոնք օրենքն ամրագրել է, եւ որոնք կիրառվելու են ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար: Նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրականացված այս բոլոր միջոցառումների նպատակը մեկն է. հասարակությանն այս ողջ գործընթացին, ինչպես նաեւ ԿԸՀ աշխատանքին հետեւելու առավելագույն հնարավորությունների ընձեռում: Կարեւոր խնդիրներից մեկն էլ ՏԸՀ անդամների համար իրականացված դասընթացներն էին, որոնք այս անգամ անցան աննախադեպ ակտիվությամբ: Դրանց նպատակն էր հանձնաժողովի անդամներին տալ ոչ միայն իրավական գիտելիքներ` կապված ընտրական օրենսգրքի նորմերի կիրառման հետ, այլեւ ներկայացնել այն բոլոր տեխնիկական լուծումները, որոնք կիրառում են ընտրական գործընթացի ժամանակ, մասնավորապես` թանաքանյութի ճիշտ օգտագործում, ուղեցույցների ներկայացում, դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան լիարժեք ծավալով պատկերացնելու` թե իրենց իրավունքները, թե պարտականությունները: Կարծում եմ` այս անգամ հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք շատ ավելի պատրաստ կլինեն ընտրական գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

-ԿԸՀ-ն բաց է արդյոք քաղաքացիների ահազանգերի առաջ: Ինչ դիմումներ եք ստանում, եւ որքանով են դրանք հասցեական:

-Այս ընթացքում ԿԸՀ-ն ստացել է չորս դիմում, որոնք քննել ենք. երկուական դիմում ներկայացրել էին հանրապետության նախագահի թեկնածուներ: Մեր կայքէջում նշված է էլփոստի հասցեն, որով եւս ստացվում էին դիմումներ: Դրանք եւս մեծ թիվ չէին կազմում` ընդամենը մի քանի տասնյակ, բայց պետք է նկատել, որ որեւէ նամակ անպատասխան չի մնացել: Դրանք հիմնականում նամակներ էին, որոնցով քաղաքացիները հայցում էին որոշակի տեղեկատվություն, պարզաբանումներ` կապված իրենց իրավունքների կամ դրանց իրականացման հետ: Բոլորին ոչ միայն ներկայացվել են պատասխաններ, այլեւ դրանք կայքի առանձին հատվածում հրապարակված են` նպատակ ունենալով ապահովել ոչ միայն մեր աշխատանքի հրապարակայնությունը, այլեւ գուցե սպառիչ պատասխան տալ այլ քաղաքացիների նմանատիպ հարցերի: Այլ կայքերում զետեղվող տեղեկությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրախախտումների դեպքերի, ուսումնասիրվել են, հաստատվելու դեպքում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, հետեւանքները կանխելու, շտկելու ուղղությամբ քայլեր են արվել:

ԿԸՀ-ն բոլոր դիմումները, որոնք առկա էին, քննել է նիստերի միջոցով, նիստերը եղել են բաց, հրապարակային, հեռարձակվել են, դիմումատուները հրավիրվել են, լսվել է նրանց կարծիքը, քննությունն իրականացվել է ԸՕ պահանջների լիակատար պահպանմամբ, մենք ԿԸՀ-ին ներկայացված դիմումների արդյունքում կայացված որեւէ որոշմամբ դատական վիճարկումներ չունեցանք, սակայն եղան դեպքեր, երբ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ հարուցեց վարչական վարույթներ: Պետք է նկատել, որ հատկապես տարբեր ԶԼՄ-ներում ներկայացվող տեղեկությունների հետ կապված` բավական օպերատիվ արձագանքում էին նաեւ պետական մյուս պատկան մարմինները` ոստիկանությունը, դատախազությունը: Դժվարանում եմ հիշել թեկուզեւ մեկ հրապարակում, որով պայմանավորված եթե կային որոշակի տեղեկություններ, համապատասխան գործողություններ չիրականացվեին պատկան մարմինների կողմից: Մենք ունեցանք որոշ դեպքեր` կապված ուսումնական հաստատությունների հետ, եւ արձագանքը երկար սպասել չտվեց: Միանգամից իրավասու մարմինների կողմից կիրառվեցին համապատասխան գործողություններ, ընդունվեցին համապատասխան որոշումներ, առանձին անձինք ենթարկվեցին անգամ պատասխանատվության` թույլ տված այս կամ այն խախտման համար: Ցանկացած երեւույթի դեպքում, որի վերաբերյալ բարձրաձայնվում էր, անմիջապես ձեռնարկվում էին միջոցառումներ, բնական է` հաստատվելու պարագայում անմիջապես կանխելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: ԿԸՀ-ն Երեւանի քաղաքապետարանի հետ մայրաքաղաքում շրջայց կատարեց` հետեւելով քարոզչական պաստառների ճիշտ վայրերում փակցված լինելու հանգամանքին, նման շրջայցեր կազմակերպվել են նաեւ հանրապետության այլ մարզերում: ԸԸՀ-ները եւս այդ առումով հետեւել են քարոզչության իրականացման ընթացքին, անհրաժեշտության դեպքում` վերջիններս եւս օպերատիվ կարգով տեղեկատվություն էին տրամադրում ԿԸՀ-ին: Այս ամենի արդյունքում կարող ենք փաստել. Ընտրական գործընթացում, իհարկե, չենք կարող բացառել, որ չեն գտնվի քաղաքացիներ, որոնք կխախտեն օրենքի պահանջները: Կարեւոր է, սակայն, որ նման դեպքերում լինի պետական պատկան մարմինների պատշաճ արձագանքը: Իսկ դա եղել է, ընդ որում` հրապարակային. եւ ԿԸՀ, եւ ոստիկանության, եւ դատախազության գործողությունների մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացվել, տեղեկատվություն է տրամադրվել:

 - Ընտրատեղամասերն արդյոք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար:

-Նշված խնդիրը բավական ընդգրկուն է: Կարեւորելով հաշմանդամ ընտրողների համար հավասար հնարավորությունների ապահովումը` ԿԸՀ-ն այս անգամ եւս միջոցառումներ է իրականացրել: Այս անգամ եւս ունեինք ուղեցույցներ` բրալյան համակարգով, որը նախատեսում է քվեարկության կարգի պարզաբանում, այս անգամ նաեւ հրապարակել ենք թեկնածուների կենսագրական տեղեկությունները. նման նախաձեռնության մասին բարձրաձայնել էին ՀԿ-ները, որոնք տեսակետ էին հայտնել, թե իրենք կարողանում են հետեւել քարոզչությանը, սակայն քանի որ թեկնածուները հաճախ չեն հրապարակում իրենց կենսագրական տվյալները, խնդրել էին աջակցել իրենց: ԿԸՀ-ն նախորդ ընտրության ժամանակ ձեռք էր բերել հատուկ ոսպնյակներ` վատ տեսնող քաղաքացիներին աջակցելու նպատակով, այդպիսիք կային մի քանի տեղամասերում, այսինքն` դրանց թիվը մեծ չէր, այս անգամ ձեռք բերեցինք շատ ավելի մեծ քանակությամբ ոսպնյակներ, դրանք հատկացված են բոլոր տեղամասերին: Տեղամաասերում լինելու են նաեւ համապատասխան կաղապարներ` բրալյան համակարգով, որը հնարավորություն կտա ընտրողներին` լիարժեք, ինքնուրույն իրականացնել քվեարկությունը: Այս տարի եւս ՏԻՄ-երը ձեռնամուխ եղան նոր թեքահարթակների կառուցման, թեեւ ասել, որ խնդիրն ամբողջությամբ լուծված է, հնարավոր չէ: Պետք է նկատել, սակայն, որ այդ ուղղությամբ արվեց առավելագույնը: Քվեարկության ավարտից հետո մենք նաեւ համապատասխան հաշվետվություն կներկայացնենք հանրությանը, թե կենտրոններից քանիսն էին նորովի կահավորել իրենց մուտքը եւ հնարավորություն ընձեռել շարժասայլակներով տեղաշարժվող անձանց` ավելի դյուրին մուտք գործել ընտրական տեղամասեր: Հանրային նշանակության բոլոր հոլովակները, որոնք ԿԸՀ կողմից թողարկվել են եւ վերաբերում են քվեարկության կարգի ներկայացմանը, զուգակցված են համապատասխան սուրդո թարգմանություններով, ինչը հնարավորություն է տալիս նաեւ լսողության խնդիրներ ունեցող անձանց հետեւել այս գործընթացին: Կարծում եմ` ԿԸՀ նիստերի հեռարձակման շնորհիվ` ձայնի միջոցով, տեսողական խնդիր ունեցող անձինք կարող են լիակատար կերպով հետեւել անգամ մեր նիստերի ընթացքին: Իհարկե այդ ամենը արխիվացվում է, վերջիններս կարող են նաեւ հետեւել արխիվում:

- Վերջում կխնդրեի նշել` ինչ գիտակցությամբ պետք է գնա քաղաքացին ընտրության: Ինչպես պետք է նա գնահատի իր քվեի արժեքը:

- Կարեւորագույն խնդիրը հետեւյալն է. արված է առավելագույնը, ապահովված են առավելագույն պայմաններ հասարակական լիակատար վերահսկողություն իրականացնելու համար: Հանձնաժողովները միանշանակ իրականացնելու են օրենսգրքով իրենց վերապահված իրավասությունները, ինչը նշանակում է, որ ընտրողներն այդ լայն հնարավորությունն ունեն` թափանցիկ կերպով հետեւելու ամբողջ ընտրական գործընթացին: Այս ամենը, թերեւս, ունի մեկ նպատակ. բարձրացնել ընտրողի վստահությունը` կապված իր քվեի հետ, առ այն, որ իր տված քվեն հաշվարկվում է ընտրական հանձնաժողովի կողմից հենց այնպես, ինչպես տրված է եղել: 

Հարցազրույցը՝ Հայկանուշ Թորոսյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ