Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱԿ-ը վերածվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության /լրացված/

ՀԱԿ-ը վերածվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ագզային կոնգրես կուսակցությունների դաշինքը կվերածվի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: Այս մասին փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Երեկ քսանութ հոգու կողմից դիմում է ներկայացվել Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն` «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու մասին: Այդ դիմումի մեջ ասված է, որ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները, մենք հայտարարում ենք «Հայ ազգային կոնգրես»-ի ստեղծման մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ մարտի 22-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կկայանա կուսակցության առաջին համագումարը:

Փաստաթղթի տակ ստորագրել է քսանութ մարդ` Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, Զոյա Թադևոսյան, Գագիկ Ջհանգիրյան, Վահան Վարդապետյան, Գագիկ Մաթևոսյան, Ավետիս Ավագյան, Վահագն Խաչատրյան, Աշոտ Սարգսյան, Արման Մուսինյան, Վարդան Մալխասյան, Վլադիմիր Կարապետյան, Ավետ Պողոսյան, Արշակ Մանուչյան, Անահիտ Եղոյան, Արմեն Օհանյան, Արման Գրիգորյան, Դավոյան, Թաթուլ Սարոյան, Հովհաննես Քիրամիջյան, Կարեն Թովմասյան, Արշակ Մուրզախանյան, Սամվել Տեր- Մուրադյան, Եվա Ադամյան, Ելենա Աբրահամյան, Դավիթ Հովհաննիսյան եւ այլք:

ՀԱԿ-ին անդամակցող մյուս քաղաքական գործիչներին ևս Զուրաբյանը միանալու հրավեր է անում: «Ուզում եմ շեշտել, որ սա Կոնգրեսի ներսում ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ է, որը ուղղված է Կոնգրեսի միասնությունը չխարխլելուն»,-ասաց նա:

Լևոն Զուրաբյանը ցանկանում է, որպեսզի նոր կուսակցության ղեկավար դառնա Լևոն Տեր-Պետրոսյանը: «Դաշինքին ոչինչ չի պատահել, Կոնգրեսը պահպանվում է, կուսակցության ստեղծումը ոչ մի բանով չի խանգարում դրան: Դաշինքային առումով այն կպահպանվի, չնայած չեմ կարող կանխատեսումներ անել, միգուցե գտնվեն ուժեր, որոնք չցանկանան մնալ այդ դաշինքի մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զուրաբյանը՝ շեշտելով, որ չի կարող ասել, թե որ քաղաքական ուժերը կմիանան այդ կուսակցությանը, բայց կուսակցությունը համագործակցելու է դաշինքի հետ:

Նրա խոսքով՝ «ամեն ինչ անելու է», որ նոր կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը: «Սակայն դա իմ որոշմամբ չէ միայն, պետք է լինի դեմոկրատական գործընթաց»:

Խոսելով կուսակցության ստեղծման իմաստից՝ Զուրաբյանն ասաց, որ հիմնական նպատակն այն է, որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցի Հայաստանի քաղաքական կյանքին, որը «ապագայում խաղալու է գերակա դեր, ինչպես նաև գալ իշխանության և իրագործել ծրագրեր»:

«Մենք գործում ենք` ելնելով մեր Սահմանադրական իրավունքից: Կուսակցությունը ստեղծելու մասին խոսակցությունները վաղուց են եղել, և դաշինքի բոլոր ուժերն էլ տեղյակ են եղել»,-ասաց Զուրաբյանը՝ հստակ չպատասխանելով հարցին, թե արդյոք դաշինքի մյուս անդամներին դիմումը պատրաստելուց առաջ առաջարկ եղել է , թե ոչ:

ՀԱԿ-ը հայտարարել էր, որ չի մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին և չի սատարելու ոչ մեկին:

Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել էր 2008 թվականին: Այն գլխավորում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսի կազմում էին 18 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ: Այս գումարման Ազգային ժողովում ՀԱԿ-ը ներկայացված է յոթ պատգամավորներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]