1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջազգային հանրության արձագանքը բացահայտեց օդանավեր խոցելու Ադրբեջանի «բլեֆը»

Միջազգային հանրության արձագանքը բացահայտեց օդանավեր խոցելու 
Ադրբեջանի «բլեֆը»

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման դեպքում հայկական քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու Ադրբեջանի նկտրտումների շուրջ քննարկումները վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են: Ակնհայտ է միջազգային հանրության ձգտումը՝ թույլ չտալ Ադրբեջանի բարբարոսական և միջազգային պրակտիկայի առումով անընդունելի սպառնալիքների իրականացումը կամ դրա իրագործման համար նպաստավոր հանրային կարծիքի ձևավորումը: Թերևս ոճրագործ Սաֆարովի հերոսացումից հետո միջազգային հանրությունը էապես համոզվել է Ադրբեջանի ոչ ադեկվատության և անկանխատեսելիության մեջ: Այժմ Ադրբեջանի շիզոֆրենիայի մակարդակը չափելու լուրջ առիթ է ստեղծվել՝ ի դեմս քաղաքացիական ինքնաթիռները խոցելու այդ երկրի սպառնալիքի:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը փետրվարի 5–ին ժամանել է Ադրբեջան: Այդ երկրի պաշտոնյաների  հետ  հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Դժվար է պատկերացնել, որ ԵՄ ներկայացուցիչը քաջալերել է Ադրբեջանին իր հակաիրավական ձգտումներում: Ի դեպ, Լեֆորն այս անգամ Հայաստան չի այցելել, իսկ Ադրբեջան այցի նախօրեին տարածված հաղորդագրության մեջ քննարկվելիք հարցերի թվում Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ ստեղծված իրավիճակն էր: Ասել է թե` Լեֆորն Ադրբեջան հստակ առաքելությամբ էր եկել: Միջազգային հանրության մտահոգություններից կարելի է եզրակացնել, որ համաշխարհային ազդեցիկ ուժերը Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու սպառնալիքներն առնվազն անընդունելի են համարում:

Մասնավորապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում օրեր առաջ Ադրբեջանի դիրքորոշումը հիշյալ խնդիրի վերաբերյալ անհաջող կատակ կամ մտքի անհաջող ձևակերպում էր համարել: «Չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունը իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները», - ասել էր Բորդյուժան: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը նոյեմբերին  կոչ էր արել Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության հարցը լուծել միջազգային իրավունքի եւ քաղաքացիական ավիափոխադրումների ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի համար ընթացիկ պրակտիկայի հիման վրա:  

Նկատելի է, որ Բորդյուժայի ձևակերպումը բավական կոշտ է և միանշանակ: Չնայած պետդեպի խոսնակ Վիկտորիա Նուլանդի ձևակերպումներում դիվանագիտական լեզվին հատուկ ճկուն անորոշությանը՝  այնուհանդերձ կարելի է արձանագրել, որ Նուլանդի նշած «միջազգային իրավունքն» արգելում է խոցել քաղաքացիական ինքնաթիռները, իսկ «ընթացիկ պրակտիկայի հիման վրա» ձևակերպումից կարելի է եզրահանգել, որ ամերիկացի պաշտոնյան Ադրբեջանին հիշեցրել է, որ այդ երկրի քաղաքացիական ինքնաթիռները առանց արգելքի և հրթիռակոծվելու Հայաստանի տարածքով թռչում են Նախիջեւան:

Վերջին օրերին նկատելի է Ադրբեջանի սկզբնական կոշտ դիրքորոշման այլակերպում՝  ի դեմս Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի փետրվարի 4-ին արված հայտարարության, որում ասվում է, թե Ադրբեջանը չի պատրաստվում ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Ազիմովը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը ընդունել է Չիկագոյի կոնվենցիայի որոշ կանոններ: Հիշյալ արձագանքից կարելի է եզրակացնել, որ ինքնաթիռներ խոցելու Ադրբեջանի սպառնալիքը սոսկ «բլեֆ» է և միջազգային ուժերի ու հայկական կողմի արձագանքը ստուգելու միջոց:

Օդանավակայանի բացման հարցում որևէ կասկած չի թողնում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հունվարի 29-ին արած հավաստիացումը, որ Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ոչ հեռու ապագայում: Թերևս ներկայում օդանավակայանի բացման ձգձգումը Ադրբեջանին վերջնականորեն «մշակելու» և այդ երկրի մտադրության անընդունելիությունը հասկացնելու հետ կապված քայլերով է պայմանավորված: Մասնավորապես, նաև Ադրբեջանում ծավալված ներքին խժդժությունները և բողոքը արտաքին հուն փոխադրելու գայթակղությունից զերծ պահելու նպատակ կարող է հետապնդել:

Համաշխարհային ազդեցիկ երկրների ներկայացուցիչների ձևակերպումները այնուհանդերձ Հայաստանի համար վճռորոշ հիմք չեն ապահովության և հանգստության շղարշով ծածկվելու համար: Ոչ վաղ անցյալի պատմական փորձը հաշվի առնելով՝ Հայաստանը գիտակցում է, որ  Ադրբեջանը ավելի լավ է հասկանում ուժի դիրքերից նրան տրված նախազգուշացումներն ու «խրատները»: Այս առիթով տեղին է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնական Բաքվի կողմից արվող այդ սպառնալիքների առնչությամբ արված  հայտարարությունը. «Հայաստանի Զինված Ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռների գործողություններն ու կատարվող բոլոր թռիչքները»:

Մնում է մաղթել, որ Ադրբեջանի ղեկավարության սթափ գնահատող մասը տվյալ իրավիճակում ճիշտ եզրահանգումներ կանի և հերթական անգամ թույլ չի տա այդ երկրի խայտառակումը միջազգային ասպարեզում:

Վերլուծեց Հակոբ Վարդանյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]