1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Երազ իմ երկիր հայրենի»-ից մինչեւ «Գետաշեն». երգը զինվորի լավագույն ուղեկիցն է մարտի դաշտում

«Երազ իմ երկիր հայրենի»-ից մինչեւ «Գետաշեն». երգը զինվորի 
լավագույն ուղեկիցն է մարտի դաշտում

ԵՐԵՎԱՆ, 28  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բոլոր զորամասերում Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը` հունվարի 28-ին, կհնչեն բացառապես ռազմահայրենասիրական երգեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ոչ միայն յուրաքանչյուր պաշտպանական շրջան, այլեւ զորամաս ունենա իր երգը: Սեփական երգն ունեցող զորամասերի գերակշիռ մասը Հովաննիսյանի հավաստմամբ` անցել է որոշակի մարտական ուղի:

«Հունվարի 28-ին հանրապետության բոլոր զորամասերում առավոտյան եւ երեկոյան անվանականչի ընթացքում կհնչի Հայոց բանակի օրհներգը` «Երազ իմ երկիր հայրենի»-ին: Դա նվիրվում է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին»,- ասաց մամուլի քարտուղարը:

 

«Երազ իմ երկիր հայրենի»-ն սկզբունքային բանակի խորհրդանիշն է

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց բանակի օրհներգի հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ «Երազ իմ երկիր հայրենի» -ն իր մեջ առաջացնում  է ոչ թե վերամբարձ, այլ նուրբ հայրենասիրական զգացումներ:

«Մի անգամ ինձ մի զինվոր էր դիմել` ասելով, որ երբ երգում է այս երգը, այն օգնում է իրեն դիմակայել դժվարություններին, հավատալ»,- ասաց Ամիրխանյանը: Նրա խոսքով` իր համար լիարժեք երջանկությունը հենց այդ գնահատականն է, երբ ծառայության դժվարին պայմաններում էլ երգը ոգեւորում է զինվորներին:

«Երգը մարդու պես մի բան է, ծնվելիս չգիտի թե ճակատագիրն իրեն ուր կտանի: Երգի հեղինակն էլ չգիտի, թե իր ստեղծագործությունն արդյունքում ինչ կդառնա»,-նշեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստը: Նրա բնորոշմամբ` իր հեղինակած երգը երկրի հանդեպ հիացումի զգացողության արտացոլումն է: «Այն սկզբունքային բանակի խորհրդանիշն է: Ես երջանիկ եմ: Մնում է մտածել երկրի հիմներգի մասին»,- կատակեց Ամիրխանյանը:

 Գուսան Հայկազունի  երգերից տասն այսօր հնչում են հայկական բանակում` որպես քայլերգ

«Գետաշեն», «Հայեր, միացեք», «Արի, Զորավար», «Պարիր, արցախցի», «Պիտի գնանք վաղ, թե ուշ», «Հողը արյունով են պահում» , «Վեր կաց Շահեն»   ռազմահայրենասիրական երգերը տարբեր տարիներին հեղինակել է գուսան Հայկազունը: Նրա երգերն առանձնակի սեր են վայելում  համայն հայության շրջանում:

«Երգերի մեծ մասը գրել եմ հենց Արցախյան պատերազմին մասնակցելիս: Զգացել եմ, որ դրանք ոգեւորություն են առաջացնում եւ դրանց կարիքը կա»,- ասաց գուսան Հայկազունը` ընդգծելով, որ երգից միավորող ավելի հզոր բան չկա:

Գուսան Հայկազունը արցախյան պատերազմի մասնակից է, կռվել է Արտաշատի երկրապահ ջոկատի կազմում: Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը մասնագիտությամբ ինժեներ-շինարարն ակտիվ հետեւում էր իրադարձությունների զարգացմանը, մասնակցում ցույցերի, որոնց  ընթացքում հաճախակի հնչող «Հայեր, միացեք» արտահայտությունը, որն էլ հիմք է դարձել նրա համանուն երգի համար: Վաղուց համազգային դարձած «Հայեր, միացեք»  երգը Գուսանի հավաստմամբ` ծնվել է որպես միավորման կոչ ուղղված հայությանը:

Հետաքրքրական նախապատմություն ունի նաեւ գուսանի հեղինակած հանրահայտ «Գետաշեն» երգը:

«Պետք է Արտաշատի երկրապահ ջոկատով մեկնեինք Գետաշեն մեր հրամանատար Լաերտ Սաղաթելյանի ղեկավարությամբ: Նա նախապես ասել էր, որ ես չեմ մեկնելու ջոկատի հետ միասին, սակայն ես որոշեցի գաղտնի կերպով նստել ուղղաթիռ եւ մեկնել, նա իմացավ այդ մասին եւ իջեցրեց ինձ ուղղաթիռից` ասելով, որ ավելի լավ է մնամ եւ երգ գրեմ Գետաշենի մասին»,- պատմում է երգի հեղինակը: Չորս օր անց գուսան Հայկազունը մեկնում է Գետաշեն` սնունդ տեղափոխող ինքանթիռով եւ համանուն երգը արդեն գրած:

«1992 թվականին գրեցի «Հպարտ մնացեք» երգը` տեսնելով այն խուճապը, որը առաջացել էր բնակչության շրջանում, երբ մայրերը թաքցնում էին իրենց զավակներին` բանակ չուղարկելու համար: Մինչդեռ Խորհրդային Միության տարիներին քեֆ անելով էինք տղաներին ուղարկում Աֆղանստան»,- ասաց զրուցակիցս: Այսպես էլ ծնվում են արցախյան ազատամարտի ֆիդայիններին ուղղված «պատերազմ էք գնում, բարով գնացեք տողերը»:

Նրա համոզմամբ` երգը միշտ էլ ոգեւորելու է զինվորին` հնարավորություն ընձեռելով անգամ ամենածանր պահերին կռվի դաշտ գնալ հպարտության զգացումով:

Գուսան Հայկազունի կողմից ղեկավարած «Հայկազունք» համույթը այսօր ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլեւ նրա սահմաններից դուրս կատարում է իր հեղինակած երգերը: Նրա երգերից 10-ը պաշտոնապես ճանաչվել են  որպես քայլերգ եւ հնչում են Հայկական բանակում:

 

Հատուկ զինվորական նվագախումբը Հայաստանի կարեւորագույն միջոցառումների մասնակիցն է

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախումբը հիմնվել է 1992 թվականի նոյեմբերին, Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանի կողմից: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետի օգնական, ավագ լեյտենանտ Տիգրան Ասատրյանը նշեց, որ  ռազմական նվագախումբը  համագործակցում է մի շարք կառույցների` ներքին զորքերի, Պատվո պահակային վաշտի, քաղաքապետարանի նվագախմբերի, ինչպես նաեւ էստրադային,  դասական երգարվեստի այլ ներկայացուցիչների հետ` կատարելով ոչ միայն զինվորական, այլեւ այլ տարբեր ժանրերի ստեղծագործություններ:

Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգի ընթացքում հունվարի 28-ին նվագախմբի կողմից կհնչի նաեւ գնդապետ Արմեն Պողոսյանի հեղինակած «Պատիվ ունեմ» երգը: Ավագ լեյտենենտը նշեց, որ այսօր նվագախումը ատիվորեն մասնակցում է մեր երկրի կարեւորագույն, պետական, միջպետական միջոցառումներին:

Զինվորական նվագախումը մասնակցում է  նաեւ միջազգային փառատոնների: 2010 թվականին  այն հաղթել է Շվեդիայի Էկշիո քաղաքում կայացած միջազգային զինվորական նվագախմբի փառատոնում:

 

Հատուկ նշանակության երգերը պետք է հնչեն միայն խաղաղ երկնքի տակ

Օդաչուների, տանկիստների, նորակոչիկների մասին «Քայլ առաջ», «Մի նամակ», «Մենք ենք, մեր զենքը», «Ծառայելու եմ ես», «Գնա ու կռվիր»  երգերը  ՀՀ ազգային բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ 2007 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերության կազմակերպած «Հատուկ նշանակության երգեր» խորագրով համերգ մյուզիքլի 15 թեմատիկ երգերից էին, որոնք ամփոփվեցին նաեւ ձայնասկավառակում եւ DVD-ում:

«Արվեստն էլ մեր զենքն է, եւ մենք մեր զենքով փորձում ենք զորակցել հանուն խաչի մարտնչող մեր մեր բանակին: Թող այս երգերը երբեք չկորցնեն իրենց նշանակությունն ու կատարվելով իրենց առջեւ դրված հատուկ առաջադրանքը` հնչեն միայն խաղաղ երկնքի տակ»,- նախագիծը ստեղծելիս գրել է «Շարմ»-ը:

Նույն թվականին ընկերությունը հայկական էստրադայի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանել է «Մեր անունն  է հայկական բանակ» համանուն երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն էր, խոսքերինը`Հակոբ Ռուբինյանը:

«Հատուկ նշանակության երգեր» նախագիծը արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Հատուկ մրցանակ»-ին , ինչպես նաեւ ստացել է  հատուկ պարգեւ Armenia Music Awards-ի «Լավագույն հայրենասիրական նախագիծ» անվանակարգում:

«Շարմ Հոլդինգ» ընկերությունը առաջիկայում եւս չի բացառում հիթային նոր երգերի եւ նման խոշոր նախագծերի իրականացումը:

Հեղինակ  Տաթեւիկ Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]