Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության ճանաչումը գերակայություն. տարբեր երկրների 20 պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանության ճանաչումը գերակայություն. տարբեր երկրների 20 
պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակական է ու նպատակային: Անկախ ճանաչումից` կատարվածը դատապարտելն ու անմեղ զոհերի հիշատակը հարգելն անցնող տարվա ընթացքում Հայաստան այցելած տարբեր երկրների ավելի քան երկու տասնյակ պաշտոնյաների սրբազան պարտքն է եղել: Հայ ժողովրդի վիշտը կիսելու նրանց պատրաստակամությունը երախտագիտությամբ է ընդունվում Հայաստանի կողմից: «Արմենպրես»-ը հավերժացված կադրերով ներկայացնում է 2012 թվականին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների այցերը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն եւ նրա գլխավորած պատվիրակությունը այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Խորխե Օռիկոն տպավորությունների մատյանում հետեւյալ գրառումն արեց. «Ուրուգվայի անունից կրկին ընդունում ենք այն պայքարը, որ տանում եք: Հնարավոր չէ առաջ գնալ դեպի ապագա` առանց ներկան ճանաչելու հաստատակամության»:  Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` 1965 թվականին Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով:

Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եւ ներկայացմամբ, հյուրերը ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին եւ տպավորությունների մատյանում հետեւյալ գրառումն արեցին. «Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա»: Լատվիան դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամներն  այցելեցին Ծիծեռնակաբերդ: Ռուսաստանի պետդումայի անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան պատվավոր հյուրերի հուշամատյանում գրել էր. «Հիշողությունն այն է, ինչը պահպանում է անցյալի նկատմամբ հավատարմությունը և պաշտպանում է ապագայի սխալներից: Հայաստանի ցավը և ողբերգությունը մեր ժողովուրդների համար ընդհանուր է: Կյանքի ծառը ներկայի և ապագայի իմաստն ու էությունն  է»:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Փոխվարչապետը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Հայ ժողովրդին պատճառած այդ ցավը երբեք չպետք է մոռացվի: Պետք է մշտապես վառ պահել անմեղ զոհերի հիշատակը, և այն պատմել հետագա սերունդներին»:

Արգենտինայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը սեպտեմբերի 4-ին այցելեց Ծիծեռնակաբերդ: ԱԳ նախարարը գրառում կատարեց տպավորությունների մատյանում. «Մեկ մարդու ողբերգությունն ամբողջ մարդկության ողբերգությունն է: Եկեք աշխատենք` միասին վերացնել երկրագնդի վրայի ատելությունը»: Հայոց ցեղասպանության փաստն Արգենտինայի կողմից ճանաչվել և օրենքով ամրագրվել է  2006 թվականին:

Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնն օգոստոսի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախարարը գրառում է  թողել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Մեր ժողովուրդների միջեւ կան շատ ընդհանրություններ ու նման պատմական դրվագներ: Իսրայելում որեւէ մեկը չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը»:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հուլիսի 24-ին այցելել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Ռուսաստանը Պետական Դումայի որոշմամբ 1995 թվականի ապրիլի 14-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ հուլիսի 4-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ռոմպույը ծաղկեպսակ դրեց հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության նահատակների հիշատակը: Եվրոպական խորհրդի պառլամենտական ասամբլեան  հռչակագրով 1998 և 2001 թվականների ապրիլի 24-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Թանգարանի հուշամատյանում նա կատարեց գրառում, որտեղ մասնավորապես ասված է. «Խոսքեր չեմ գտնում նկարագրելու այն մեծ մարդկային ողբերգությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ»:  Ավստրիայի նախագահը հիշատակի պուրակում եղեւնի տնկեց: Ավստրիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ: 2005թ. դեկտեմբերի 15-ին Լիտվայի Սեյմը  ընդունել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Լուիս Ալմագրոն տնկեց արծաթափայլ եղևնի: Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 1965թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»:

Գերմանիայի պետնախարար Կորնելիա Պիպերը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին այցելեց Ծիծեռնակաբերդ: ԳԴՀ Բունդեսթագի փոխխոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ տպավորված է թանգարանում իր տեսածից: «Այս ամենը մեզ հիշեցնում է կատարված սարսափելի իրադարձությունների, մեծ հանցագործության մասին: Այս հիշատակը պետք է նաեւ իր «պտուղներն» ունենա. հիշատակն անիմաստ կլինի, եթե չօգնի սերունդներին առաջ գնալուն, փոխըմբռնմանը եւ ապագայի ավելի լավ տեսլականներ ունենալուն»,- ընդգծեց Թիրզեն:

Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդը այցելեց Ծիծեռնակաբերդ: Օրիթ Նոկեդը գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Որպես կին, որպես հրեա և իբրև մարդ արարած` ես ցնցված եմ այս նկարներում ցուցադրվածը տեսնելով, անմեղ հայ մարդկանց և ընտանիքների սպանություններից»: Իսրայելը դեռևս պաշտոնապես չի ճանաչել հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը է Հայոց ցեղասպանությունը:

Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսն այցելելով Ծիծեռնակաբերդ՝  գրառում կատարեց թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Միայն հիշողության պահպանման միջոցով կարող ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ նման ողբերգությունների կրկնությունն անհնարին կլնի ինչպես հայերի, այնպես էլ ցանկացած այլ ժողովրդի համար»: Լիտվան Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է:

Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ֆինլանդիան պաշտոնապես դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսն այցելելով անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ գրառում թողեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում` նշելով, որ Կիպրոսի ժողովուրդը և անձամբ ինքը կիսում են հայ ժողովրդի ցավն ու ապրած ողբերգությունը:  Կիպրոսի ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է 1982 թվականի ապրիլի 29-ին: 

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ: Բուլղարիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝  հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակը հավարժացնող հուշահամալիրին:

Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն մարտի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւ է ընդունել 2005 թվականի հունիսի 15-ին:

Պատրաստեց Հակոբ Վարդանյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]