Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի վարած քաղաքականությունը կտրուկ նվազեցրեց երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում

Ադրբեջանի վարած քաղաքականությունը կտրուկ նվազեցրեց երկրի 
հեղինակությունը միջազգային հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ադրբեջանական իշխանությունների կողմից մշտապես Ադրբեջանը առաջադեմ և մարդու իրավքուները հարգող պետություն ներկայացնելու ճիգերին` այնուհանդերձ անցնող 2012 թվականն ապացուցում է, որ Իլհամ Ալիևի և նրա մերձավոր շրջապատի հայտարարությունները չեն դադարում լինել միայն դատարկ ցանկություններ: «Արմենպրես»-ն ամփոփել է անցնող 2012 թվականը և գրանցել Ադրբեջանում ներքին և արտաքին քաղաքականության ուշագրավ դեպքերը:

Բաքվի «Եվրատեսիլ»-ը` «Դիկտատորի դիմակահանդես»

Ադրբեջանում 2012 թվականի սկզբին խոսակցությունների ամենաթեժ թեման մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն էր: Չնայած մրցույթի իրականացման նպատակով երկրի ղեկավարությունը միլիոնավոր դոլարներ ծախսեց, այդուհանդերձ ադրբեջանական նավթահորերից ստացված դոլարները չկարողացան եվրոպական հանրության առաջ փակել ադրբեջանական հասարակությունում տեղի ունեցող իրական գործընթացները: Եվրոպական շատ կառույցներ հանդես եկան Բաքվի «Եվրատեսիլ»-ը բոյկոտելու կոչերով, իսկ մի շարք երկրներ անգամ հրաժարվեցին մրցույթին իրենց մասնակցությունից` նկատի ունենալով երկրում մարդու իրավունքների մշտական ոտնահարումները: Գերմանական հեռուստանըկերնություններից մեկն անգամ Բաքվում մրցույթի անցկացումն անվանեց «Դիկտատորի դիմակահանդես»` Ալիևների իշխանությունը նմանեցելով «մաֆիոզ կառույցի»:

Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանի նոր «հերոս»

Օգոստոսի վերջին ողջ աշխարհը ցնցվեց Ադրբեջանի և Հունգարիայի միջև կնքված ամոթալի գործարքից, որի արդյունքում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ վերջինիս ներում շնորհեցին, իսկ ավելի ուշ արդեն արժանացրի մայորի կոչմանն ու «հերոս» հայտարարեցին: Հունգարա-ադրբեջանական հանցավոր գործարքը դատապարտող հայտարարություններով հանդես եկան տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններ, քաղաքական ուժեր և գործիչներ: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում Սաֆարովի հարցը քննարկվեց որպես հրատապ թեմա: Քննարկման ժամանակ ԵԽԽՎ անդամ մի շարք երկրներ հանդես եկան Ադրբեջանի քննադատությամբ, իսկ Ֆրանսիայի պատվիրակն անգամ հայտարարեց, որ «Ադրբեջանի նման երկիրն ուղղակի իրավունք չունի լինել Եվրոպայի խորհրդի անդամ»:

Կեղծ «ԱՍԱԼԱ»-ն` ադրբեջանական հորինվածք ու իրենց իսկ խուճապի առիթ

Սաֆարովյան գործարքից հետո Ադրբեջանում ակտուալ դարձան հայկական «ԱՍԱԼԱ» կազմակերոպության վերադարձի մասին խոսակցությունները: Իրականացրած ամոթալի գործարքից հետո ընկնելով սեփական ստվերի հետևից` Ադրբեջանն սկսեց դիմել հուսահատ քայլերի: Ադրբեջանական հիստերիայի դրսևորումը հայկական նոր «ԱՍԱԼԱ» կազմակերպության «հիմնումն» ու այդ կազմակերպության անունից հաղորդագրություններ տարածելն էր: Ադրբեջանական քարոզչությունը, սակայն, հերթական անգամ ձախողվեց հենց այն ժամանակ, երբ փորձ արվեց «ԱՍԱԼԱ»-ի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի թիվը 600 հազար ներկայացնել: Դրան հետևեցին Ադրբեջանի ԱԳ նախարարության արած հայտարարություններն այն մասին, թե իբր 2012 թվականի օգոստոսին հիմնադրված «Նոր ԱՍԱԼԱ» կազմակերպությունը սպառնալից նամակներ է ուղարկում տարբեր երկրներում գործող ադրբեջանցի դիվանագետներին: Այդուհանդերձ, ադրբեջանական հերյուրանքներն արձագանք չգտան արտաքին աշխարհում և փաստեցին նրա մասին, որ «սաֆարովյան գլխացավանքն» իսկական պատուհաս դարձավ Ադրբեջանի համար, որը ճանապարհներ էր փնտրում սեփական ձեռքերով ստեղծած խառնաշփոթն ուրիշի վրա բարդելու նպատակով:

Ադրբեջանական բանակը շարունակում է աչքի ընկնել մարտունակության ցածր ցուցանիշով

Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես մարտունակ հայտարարվող ադրբեջանական բանակում 2012 թվականին շարունակվեցին գրանցվել նոր կորուստներ` սպանություններ, ինքնսպանություններ, հիվանդությունների արդյունքում գրանցված մահեր: Նման պարագայում հարց է առաջանում` ու՞ր է Ալիևի կողմից ամեն հարմար առիթի դեպքում փառաբանվող ադրբեջանական «մարտունակ և անհաղթ» բանակը, երբ անգամ խաղաղ պայմաններում անցնող ամիսների ընթացքում ադրբեջանական բանակի գրանցած կորուստներն անցնում են հարյուրը:

Ալիևյան միապետական կարգերն Ադրբեջանում կշարունակվեն նաև գալիք տարիներին

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ամեդովը դեկտեմբերի վերջին արեց հայտարարություն` 2013 թվականի աշնանը նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրելու վերաբերյալ: Նման հայտարարությամբ հերթական անգամ ամրագրվեց արդեն իսկ գործող տեսակետն այն մասին, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի յուրացմամբ Ալիևյան դինաստիան կշարունակի իշխանության վերարտադրությունը` իր ճանապարհին բացառելով որևէ այլակարծություն: Սրա մասին են վկայում Բաքվի կենտրոսնում ընդդիմադիրների կազմակերպած ցույցի արգելումը և վերջիններիս ձերբակալությունները:

Անցնող 12 ամիսների ընթացքում Ադրբեջանը ըստ էության շարունակեց պահպանել մարդու իրավունքների ոտնահարմամբ աշխարհում առաջատար պետության իր կարգավիճակը: Նավթային դոլարների միջոցով կնքված գործարքներով` Ալիևն ավելի գցեց իր երկրի միջազգային հեղինակությունը` ամրագրելով այն փաստը, որ Ադրբեջանը հեռու է ժողովրդավար և մարդու իրավունքները հարգող պետություն լինելուց: Այդ երկիրն ամրագրեց «խավիարային դիվանագիտություն» վարողի իր «փառահեղ» համբավը: 

Պատրաստեց Արաքս Կասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]