Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Թուրքիայի համար 2012 թվականը հեռու է ձեռքբերումների տարի համարվելուց. հակահայկական հիստերիաներն ու «Մեծ Քրդստանի» սպառնալիքը


ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան 2012 թվականի ընթացքում իր վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ այս անգամ ևս ձախողեց աշխարհի առաջատար երկրների շարքում դասվելու իր մտադրությունը: «Արմենպրես»-ն ամփոփել է անցնող տարում Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական հարթակներում գրանցված առավել ուշագրավ իրադարձությունները:

Ֆրանսիայի Սենատում հայկական օրինագիծը` հիստերիայի պատճառ Թուրքիայում

2012 թվականն անհանգիստ սկիզբ ունեցավ Թուրքիայի համար: Ֆրանսիայի Սենատում հունվարի 23-ին ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պատճառ հանդիսացավ մի քանի ամիս շարունակ ձգվող հակաֆրասնիական հիստերիայի համար: Ինչպես բնորոշ է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը` այս անգամ ևս արվեցին «սպառնալից» հայտարարություններ` երկկողմ հարաբերությունները խզելու և տնտեսական լծակների միջոցով այլ «պատժամիջոցներ» կիրառելու վերաբերյալ: Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուց հետո Թուրքիան վերադարձավ իր համար սովորական դարձած սիրաշահելու և քծնելու քաղաքականությանը: Թուրք բարձրաստիճան այրերը սկսեցին խոսել «թուրք-ֆրանսիական հարաբերությունների պատմության ընթացքում նոր էջ բացվելու» հեռանկարի մասին:

Թուրքական լիրան` հայկական դրամի խորհրդանիշի շրջված տարբերակը

2012 թվականի մարտի սկզբին Թուրքիան հայտնվեց հերթական զավեշտալի իրադրության մեջ` այս անգամ կապված թուրքական լիրայի խորհրդանիշի հրապարակման հետ: Երկրում մեծ թվով մարդիկ սկսեցին խոսել թուրքական արժույթի նոր խորհրդանիշի` հայկական դրամի հետ ունեցած նմանության մասին: Թուրքական լիրայի նոր խորհրդանիշը, որը հայկական դրամի խորհրդանիշի շրջված տարբերակն է, բացասական արձագանքներ գտավ տարբեր քաղաքական գործիչների, տնտեսագետների, արվեստաբանների մոտ, որոնք նոր խորհրդանշում տեսնում էին նաև վարչապետ Էրդողանի անվան սկզբնատառերը:

Շարունակվող վանդալիզմ հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ

Անցնող տարվա ընթացքում Թուրքիայում, չնայած փոքրամասնություններին պատկանող գույքի և սեփականության վերադարձի հարցում գրանցված որոշակի տեղաշարժերին, այդուհանդերձ շարունակվեց վանդալիստական վերաբերմունքը քրիստոնյաներին, մասնավորապես հայերին պատկանող հայկական պատմական եկեղեցիներին նկատմամբ: Պետական քաղաքականության աջակցության շնորհիվ թուրք ազգայնականները մեկ անգամ չէ, որ պղծեցին հայկական պատմամշակութային հուշարձանները` ավերելով դրանք, տարբեր հայտարարություններ գրելով պատերին, իսկ հայկական գերեզմանոցներն անարգվեցին` դրանց վրա ճանապարհներ կառուցելով:

«Աշխարհում ամենամեծ բանտը լրագրողների համար»

2012 թվականի ընթացքում Թուրքիան բազմիցս ենթարկվեց քննադատության` երկրի ներսում խոսքի ազատության բացակայության և մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքներով: Տարրական ազատությունների բացակայության պայմաններում Թուրքիայում շարունակվեցին լրագրողների ձերբակալությունները, ինչի թվով այն առաջ անցավ անգամ Իրանից և Չինաստանից`զբաղեցնելով աշխարհում առաջին տեղը: Տարբեր միջազգային կազմակեպրություններ և պարբերականներ մեկ անգամ չէ, որ անդրադարձան վերոնշյալ խնդրին` Թուրքիային անվանելով «աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար»:

«Մեծ Քրդստանը» շարունակում է լուրջ խնդիր մնալ Թուրքիայի համար

2012 թվականին Թուրքիայում առավել ակտիվացան թուրք-քրդական բախումները: Անցնող 12 ամսիների ընթացքում Քրդական բանվորական կուսակցությունը երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում իրականացրեց շուրջ 1000 ռազմական գործողություն, որոնց արդյունքում կողմերն ունեցան մի քանի հարյուրի հասնող մարդկային կորուստներ:

Թուրքիան պատերազմ է հրահրում Սիրիայի դեմ

Թուրքիայի 2012 թվականի արտաքին քաղաքականության մեջ ընդգծվեց Մերձավոր Արևելքում առաջնորդ-պետության դերը ստանձնելու ձգտումը: Այս նպատակին էր ծառայում Սիրիայի նկատմամբ Թուրքիայի որդեգրած կոշտ քաղաքականությունը և տարբեր պատրվակների միջոցով վերջինիս դեմ պատերազմ հրահրելու թուրքական մտադրությունը: Այն, որ Թուրքիան դեռևս չի դադարել մտածել Սիրիայի ներքին գործերին միջամտելու մասին, վկայում է Patriot տեսակի հակահրթիռային համակարգերը սիրիական սահմանին տեղադրելու մասին որոշումը, որը հավանության է արժանացել մի շարք օտարերկրյա կառավարությունների կողմից:

Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ անկախ արտաքին աշխարհում հզոր պետություն դառնալու Թուրքիայի ջանքերին, այն չի կարող գրանցել որևէ առաջընթաց` երկրում մարդու իրավունքների շարունակական խախտումների պայմաններում` առանց ներքին խնդիրների կարգավորման:

Պատրաստեց` Արաքս Կասյանը




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ