Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի և Իրանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. հարցազրույց ԻԻՀ դեսպան Ռեիսիի հետ

Հայաստանի և Իրանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. հարցազրույց 
ԻԻՀ  դեսպան Ռեիսիի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության վաղեմի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա ու զարգացման մեծ հեռանկարներ ունեն և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մշակութային ոլորտներում: Հարաբերությունների ներկայի ու զարգացման տեսլականի, ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշման, սիրիական խնդրի կարգավորման Իրանի ջանքերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսի հետ:

-Հարգարժան պարոն դեսպան, ինչպե՞ս եք բնութագրում Հայաստանի և Իրանի հարաբերությունները և դրանց առանձնահատկությունները: Ինչպե՞ս է զարգանում երկու պետությունների քաղաքական երկխոսությունը:

-Երկու երկրների հարաբերությունների զարգացման համար որեւէ խնդիր եւ սահմանափակում գոյոթյուն չունի: Մշտապես կապ է եղել երկու երկրների նախագահների և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների միջև, ինչպես նաև ականատեսն ենք եղել երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններին: Իրանի և Հայաստանի իշխանությունները ձգտում են հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում: Երկու երկրների հարաբերությունները և համագործակցությունն ունեն փայլուն հեռանկար և միտված են տարածաշրջանում հաստատելու կայունություն ու խաղաղություն: Տարբեր իրադրություններում կանոնավոր կերպով երկու երկրների միջև տեղի են ունեցել քաղաքական երկխոսություններ: Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների և փոխնախարարների քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվում է երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Միջազգային կազմակերպություններում եւս երկու երկրների միջեւ ծավալվել է լավ համագործակցություն:

-Ինչպիսի՞ դերակատարությունն ունի տարածաշրջանում Հայաստանն Իրանի համար: 

-Իրանը տարածաշրջանում Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ և հարևան երկիր ու առանձնահատուկ հարգանք է տածում Հայաստանի նկատմամբ: Հայաստանը և Իրանը միմյանց համար էական նշանակություն ունեն: Երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը պատմական արմատներ ունի: Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևան պետությունն է, եւ երկու երկրների միջև մշտապես եղել են բարեկամական հարաբերություններ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ ունի լավ հարաբերություններ: Իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության` որպես իսլամը և քրիստոնեությունը ներկայացնող երկրների հարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ պետությունների համար:

-Երկու երկրների հարաբերությունների օրակարգում առկա տնտեսական առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ ի՞նչ ջանքեր են գործադրվում:

-Ինչպես գիտեք, երկու երկրների տնտեսական հարաբերությունները լավ անցյալ ունեն: Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետամուտ են տնտեսական հարաբերությունների ընդլայնման օրակարգում առկա առաջնահերթություններին: «Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը, որը տեղի ունեցավ վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Սերժ Սարգսյանի եւ երկու երկրների էներգետիկայի նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, դրական քայլ էր երկու երկրների տնտեսական համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ: Այս ջանքերը, որոնք վայելում են երկու երկրների ղեկավարների լուրջ աջակցությունը, տնտեսական համագործակցության շրջանակներում այլ նախագծերի իրագործման ուղղությամբ եւս շարունակվելու են: Հուսով եմ, որ շուտով այդ ջանքերի նպատակների իրականացման ուղղությամբ դրական առաջընթացի ականատեսը կլինենք:

-Ի՞նչ փուլում է Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի, նավթազտարանի կառուցման նախագիծը: Ֆինանսավորման ինչպիսի՞ մասնաբաժին կարող է իր վրա վերցնել Իրանը: 

-Ըստ այդ նախագծի, Հայաստանին անհրաժեշտ նավթամթերքի ապահովման ուղղությամբ կառուցվելու է ուղիղ խողովակաշար: Տարբեր ժամանակահատվածներում տեխնիկական խնդիրների շուրջ շարունակվում են բանակցությունները ԻԻՀ նավթավերամշակման եւ նավթամթերքի բաշխման ազգային ընկերության ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության միջեւ: Հուսով եմ, որ բանակցությունների եւ խողովակաշարի կառուցման արդյունքում Հայաստանին անհրաժեշտ նավթամթերքն ամբողջովին կմատակարարվի Իրանի Իսլամական Հանրապետությունից: Պետք է նկատի ունենալ, որ Իրանում մասնավոր ընկերությունները ունեն մեծ հնարավորություններ, իսկ Թավրիզից մինչեւ Հայաստանում գտնվող վերջնական նպատակակետ խողովակաշարի կառուցման ծախսերը հոգալու է համատեղ ընկերությունը:

-Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը ո՞ր փուլում է: 

-Ինչպես գիտեք, ներկա դրությամբ երկու երկրների միջեւ գոյություն ունեն երկու 220 կվլտ հզորությամբ գծեր, որոնք շահագործվում են ամբողջ հզորությամբ: Երրորդ` 400 կվլտ հզորությամբ գծի կառուցումը եւս կարեւոր նախագիծ է, որը հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում էական առաջընթաց է ունեցել: Կատարված հետեւողական աշխատանքներից հետո այս նախածգի LC հաշվեհամարը բացվեց Մելլաթ բանկի կողմից: Նախագիծը իրականացնող ընկերությունը պարտավոր է հաշվեհամարը բացվելուց հետո 18 ամսվա ընթացքում շահագործման հանձնել այն: Ներկա պահին բոլոր կապալառու ընկերությունները աշխատում են:

-Որքա՞ն է երկկողմ ապրանքաշրջանառությունը, գոհացուցի՞չ է արդյոք ներկա մակարդակը, ի՞նչ քայլեր են արվում ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

- Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո երկու երկրների ապրանքաշրջանառությունը աճել է, եւ երկկողմ հարաբերություններում ու ապրանքաշրջանառության մեջ ի հայտ են եկել նոր ոլորտներ: Առեւտրային հարաբերությունները դյուրացնելու նպատակով երկու երկրների միջեւ կնքվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում` փոխադարձ ներդրումների խրախուսման եւ աջակցման, կրկնակի հարկումից խուսափելու, մաքսային, տրանսպորտային եւ առեւտրի ոլորտներում համագործակցության մասին: Երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարի կազմել է ավելի քան 320 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի Հանրապետության առեւտրային գործընկերների շարքում Իրանը զբաղեցնում է չորրորդ տեղը: Սակայն, նկատի ունենալով երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար առկա մեծ ներուժը, ինչպես նաեւ հարաբերությունները զարգացնելու համար երկու երկրների ղեկավարների կամքը, այդ ցուցանիշը բավարար չէ եւ պետք է ջանքեր գործադրել ապրանքաշրջանառության ծավալները մեկ մլրդ դոլարի հասցնելու ուղղությամբ, որը երկու երկրների ղեկավարների ցանկությունն է: Վստահեցնում եմ Ձեզ, որ այդ նպատակին հասնելը հեշտությամբ հնարավոր է:

Հոկտեմբերին տեղի ունեցած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը եւ դրա ընթացքում կայացած համաձայնություններին հետամուտ լինելը, միջմարզային հարաբերությունների ընդլայնումը եւ սահմանային շուկաների աշխուժացումը քայլեր են, որոնք կարելի է ձեռնարկել այդ ուղղությամբ:

-Իրանը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի կարեւորագույն քաղաքական դերակատարներից է: Հայտնի է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը, հետաքրքրված են տարածաշրջանային խաղաղության հաստատմամբ: Այս համատեքստում ի՞նչ արդյունքներ են տալիս սիրիական խնդրի կարգավորման հարցում Իրանի ջանքերը:

-Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ ջանքեր է գործադրել Սիրիայում պատերազմը եւ արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով Սիրիայում բարեփոխումների իրականացումը, դատապարտել է ցանկացած արտաքին միջամտություն եւ ահաբեկիչներին զենքի մատակարարումը: Հայաստանի իշխանությունները եւս լավ դիրքորոշում են արտահայտել Սիրիայում արյունահեղությունը դատապարտելու առումով եւ Իրանի պես ցանկանում են խաղաղության ու կայունության հաստատում Սիրիայում եւ տարածաշրջանում: Սիրիայի ճգնաժամից դուրս գալու եւ քաղաքական լուծումներ գտնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ Թեհրանում կազմակերպվել են ազգային երկխոսության երկու միջազգային համաժողովներ` Սիրիայի բոլոր կուսակցությունների, քաղաքական խմբերի, ազգությունների, քաղաքական հոսանքների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնք ունեցել են չափազանց դրական արդյունք եւ բոլոր քաղաքական հոսանքները ողջունել եւ պաշտպանել են Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությունը: Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է ջանքեր գործադրել Սիրիայում խաղաղության եւ կայունության հաստատման համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը համոզված են, որ Սիրիայի խնդիրն ունի միմիայն քաղաքական լուծում: Պետք է դադարեցնել ահաբեկիչներին զենքի առաքումը:

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հարավային Կովկասի առաջնային խնդիրներից է: Ինչպիսի՞ն է Իրանի մոտեցումը բանակցային գործընթացի ներկայիս փուլի եւ կարգավորման սկզբունքների հանդեպ:

-Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում կարևոր և ազդեցիկ երկիր,  մշտապես իր ջանքերն ուղղել է երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում մշտապես աջակցել է կոնֆլիկտների և հակասությունների խաղաղ լուծմանը և նախազգուշացրել արտաքին ուժերի միջամտության մասին: Իրանի Իսլամական Հանրապետության համոզմունքն է, որ տարածաշրջանային խնդիրներն ունեն տարածաշրջանային լուծումներ և հնարավոր է լուծել տարածաշրջանի բոլոր երկրների աջակցությամբ և համախոհությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Ղարաբաղյան հակամարտության` խաղաղ բանակցային ճանապարհով և «միջազգային իրավունքի սկզբունքների» հիման վրա կարգավորմանը, եւ այդ դիրքորոշումը չի փոփոխվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am