1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրի դյուրացման Հայաստանի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 17-ին

Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրի դյուրացման Հայաստանի 
համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 17-ին

 ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված բանակցությունները եւ դեկտեմբերի 17-ին կստորագրվի մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին դեկտեմբերի 14-ին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում գտնվող` Բուլղարիայի, Շվեդիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարներ Նիկոլայ Մլադենովի, Կարլ Բիլդտի եւ Ռադոսլավ Սիկորսկիի հետ համատեղ ասուլիսում: Նալբանդյանի խոսքով` մուտքի արտոնագրի դյուրացումը լավ հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդությանը, մշակութային գործիչներին ավելի դյուրին կերպով մուտք գործել ԵՄ երկրներ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան ժամանած Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի իր գործընկերներին: «Այսօր մենք այս երկրների հետ բավական լայնածավալ երկկողմ հարաբերություններ ունենք, որոնք հիմնված են բազմադարյան բարեկամական հարաբերությունների վրա»,- ասաց նախարարը` շեշտելով, որ համագործակցությունը ծավալվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում:

Նալբանդյանը հատկապես նշեց Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը, որի ակունքներում եղել են Շվեդիան եւ Լեհաստանը եւ այսօր էլ շարունակում են կարեւոր դերակատարություն ունենալ Բուլղարիայի եւ այլ երկրների հետ միասին: Նախարարը շեշտեց, որ մեծ առաջընթաց է արձանագրվել Ասոցացման պայմանագրի բանակցություններում: Առաւջընթաց կա Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններում: «Հուսով ենք, որ այս բանակցությունները ավարտին կհասցվեն մինչև մյուս տարվա նոյեմբեր` մինչ Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը»,- ասաց ԱԳ նախարարը:

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հաստատեց, որ իրենք Հայաստանում են սատարելու երկրին բարեփոխումներին նվիրված ջանքերում, որպեսզի Հայաստանը մերձենա Եվրամիությանը: «Այս տարին ինտենսիվ երկխոսության տարի էր Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում: Մենք պետք է շարունակենք հաստատակամությունը բանակցությունների շարունակմանը` մասնավորապես Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի առնչությամբ»,- ասաց նա:

Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը նշեց, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները միայն կարող են բարելավվել եւ դրանք կբարելավվեն, որովհետեւ կա անհրաժեշտ շահագրգռություն: Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտն էլ նկատեց, որ Հայաստանը եվրոպական երկիր է, բայց գտնվում է այն մասում, որն ունի իր յուրահատկությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]