Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է գրեթե քառորդ դար

Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է գրեթե քառորդ դար

ԵՐԵՎԱՆ 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին պատուհասած խոշորագույն բնական աղետից՝  Սպիտակի երկրաշարժից անցել է 24 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի  մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝  82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։

Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հանձնաժողովը հոգատարությամբ ու մեծ եռանդով կազմակերպական վիթխարի աշխատանք կատարեց ազգաբնակչությանը օգնություն ցույց տալու, աղետի հետևանքները վերացնելու համար։  Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։

Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները և ավստրիացիները մեկական բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝  ժամանակակից հիվանդանոց, անգլիացիները՝  դպրոց և այլն:

1989-2000 թվականներին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին աղետի գոտու բնակավայրերում գործարկվել են 3,5 միլիոն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տներ:

Կառավարությունը 2007-2011 թվականներին  հատկացնելով 78.8 միլիարդ դրամ, բնակարանով ապահովեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շուրջ 5 հազար 332 ընտանիքի։ Ծրագիրն նախատեսում է 2012 թվականին վերջնականապես լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հարցը՝  հատկացնելով ևս մոտ 1720 բնակարան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]