Լոնդոնի Թագավորական բալետի դպրոցում ուսում ստացած Դավիթ Գալստյանը մի օր իր փորձը կբերի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բալետի ականավոր մենապարողներ Վիլեն Գալստյանի եւ Նադեժդա Դավթյանի որդին` Դավիթ Գալստյանը, իր ծնողների ստեղծագործական ուղու արժանի շարունակողն է: Նա ուսում է ստացել Լոնդոնի Թագավորական բալետի դպրոցում, այժմ ֆրանսիական Թուլուզի «Կապիտոլի բալետի» մենակատար է: 2011 թվականի հուլիսին` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ընթացքում Դավիթ Գալստյանի բեմելն անտարբեր չթողեց բալետը գնահատող հայ հանդիսատեսին: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կրտսեր Գալստյանի հետ ոչ միայն խորեոգրաֆիկ բեմարվեստի բարձրակետում ունեցած իր հաջողությունների, այլեւ անցած ստեղծագործական գործունեության մասին:
-Դավիթ Դուք բալետի ականավոր մենապարողների որդին եք, կա՞ր արդյոք ծնողների ազդեցությունը Ձեր մասնագիտության ընտրության հարցում, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր բալետային ուղին:
-Անկեղծ ասած ծնողներս չէին ցանկանում, որ ես ընդունվեի բալետի դպրոց` շատ լավ իմանալով այս դժվարին ճանապարհը: Ես սովորում էի Երեւանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, բայց մեծանալով բալետի արտիստների շրջապատում մի օր որոշեցի, որ ես էլ եմ ցանկանում սովորել բալետի դասարանում եւ ինը տարեկանում, մենակ` առանց ծնողներիս իմացության, գնացի պարարվեստի ուսումնարան` այժմյան քոլեջ, եւ ինձ ընդունեցին:
- Հնարավո՞ր է, որ մի գեղեցիկ օր արտասահմանում Ձեր ստացած գիտելիքներն ու փորձը բերեք Հայաստան:
-Հայաստանն իմ տունն է, իհարկե, իմ անցած ճանապարհը ես մի օր պետք է փոխանցեմ երիտասարդ պարողներին, եւ ես դա կանեմ մեծ սիրով:
-Գաղտնիք չէ, որ հանրահայտ ծնողների երեխա լինելը հեշտ չէ, երբեւէ զգացե՞լ եք անհիմն քննադատություն Ձեր հասցեին, երբ Ձեր հաջողությունները Ձեզ չեն վերագրել:
-Այո, ճիշտ եք, հեշտ չէ լինել Գալստյանի եւ Դավթյանի որդին, քանի որ միշտ եղել եմ ուշադրության կենտրոնում: Քննադատները նույնպես միշտ եղել են եւ կան, դա կյանքի, առօրյայի անբաժանելի մասն է, եւ ես այդ երեւույթին շատ նորմալ եմ վերաբերում եւ, ճիշտն ասած, մեծ ուշադրություն չեմ դարձնում:
–Շատ համերգների եք մասնակցել Իտալիայում, Պրահայում, այլուր, ի՞նչ եք կարծում կա արդյոք հանդիսատեսի կողմից բալետն ընկալելու ազգային առանձնահատկութուն, ինչպե՞ս են այն ընդունում տարբեր երկրներում:
-Բալետը շատ ունիվերսալ արվեստ է եւ ունի իր հանդիսատեսը, իհարկե, Եվրոպայում հանդիսատեսը տարբեր է Ռուսաստանի կամ Ամերիկայի հանդիսատեսից, դա նաեւ գալիս է յուրաքանչյուր ազգի մշակույթն ընկալելու առանձնահատկությունից: Պետք է նշեմ, որ շատ եմ սիրում պարել մեր` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, շատ եմ սիրում մեր հայ հանդիսատեսին:
-«Բալետն աստվածային է»-,- սա Ձեր հոր խոսքերն են, ինչպե՞ս կբնորոշեք այս գեղեցկագույն երեւույթը Դուք:
-Հայրս այնքան ճիշտ է բնորոշել, որ ես չեմ շարունակի..
-Ապրելով եւ ստեղծագործելով Ֆրանսիայում, ի՞նչն եք ամենից շատ կարոտում Հայաստանում:
-Ամենից շատ կարոտում եմ իմ ընտանիքը, տունը եւ ինձ հարազատ մարդկանց:
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում