Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երկու խոսք իսպանական Աբարանի մասին. թող եղբայրանան Աբարանն ու Ապարանը

Երկու խոսք իսպանական Աբարանի մասին. թող եղբայրանան Աբարանն ու 
Ապարանը

ՎԱԼԵՆՍԻԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբեք չէի պատկերացնի, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքիցս հեռու, իսպանական հողի վրա գեղեցիկ մի օր ... Աբարան անունով գյուղաքաղաքի կհանդիպեմ: Եվ փաստն ինձ համար այնքան անսպասելի էր, որ մտածեցի պահի ազդեցության տակ. հավանաբար, լոկ ապարանցի իմ հայրենակիցներից մեկն ի վիճակի կգտնվեր տվյալ պարագայում հարց տալ. «Իսկ ի՞նչ կա այդտեղ զարմանալու»: Շատ ավելի կարևոր բան գոյություն ունի այդտեղ, ինչն էլ ցանկություն առաջացրեց այս հոդվածը, հատկապես ի գիտություն մեր Ապարանի բնակիչների, գրելու:

Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Ինքնավար մարզում է գտնվում` կենտրոնից ընդհամենը 38 կիլոմետր հեռավորության վրա, Աբարան կոչվող և 115 քառակուսի կիլոմետր տարածություն ունեցող բնակավայրը, որտեղ, ինչպես հնագետների կատարած պեղումներն են վկայում, դեռևս բրոնզյա դարի ժամանակաշրջանում է կյանքը գոյացել: Տարիներ ու երկար դարեր են եկել և անցել, որոնք որոշ վկայություններ են թողել իրենց մասին, մինչև 1281 թ. գյուղը տեղի աշխարհագրական քարտեզի վրա հայտնվում է Ֆաուարան անվանումով: Պատմական փաստաթղթերը տեղեկացնում են, որ Ալֆոնսո X-ի որոշմամբ նվիրատվության կարգով այն փոխանցվել էր տեղացի ազնվական Էնրիկե Պերես դե Արանային: Բայց արաբական իշխանությունը միանգամայն բարենպաստ պայմաններ էր ստեղծել, բնականաբար, երկրում մահմեդականների գործոնի հզորացմանն ի նպաստ և, ինչպես ամենուրեք, նույնպես նաև ողջ Մուրսիայի տարածքում էր ամեն կերպ խրախուսվում Ղուրանը դավանող մարդկանց վերաբնակությունը նվաճված հողերում: Հարյուրամյակներ շարունակ տիրեց այստեղ այդ կացությունը, նախքան իսպանացիներին հաջողվեց վերջապես դուրս վտարել XVII դարում իր երկիրը ներխուժած թշնամիներին: Եկան այդ ժամանակ և արմատներ գցեցին Աբարանում առաջին քսան քրիստոնյա ընտանիքները, որոնք դարձան նոր տոհմերի հիմնադիրները ու ցայսօր էլ դեռ պահպանվում են այդտեղ նրանց ազգանունները կրող անմիջական ժառանգները: Հինգ եկեղեցիներ կառուցվեցին եկող ժամանակի մեջ փոքրիկ այդ վայրում: Բոլորն էլ գործում են կանոնավորապես: Իսկ ամենահայտնին ու սիրելին` Սան Կոսմե և Դամիանոյի մատուռն է, քանզի երկու այդ սրբերն են համարվում որպես քաղաքի պահապանները: Յուրաքանչյուր տարվա սեմպտեմբերի վերջին օրերին մի շարք միջոցառումներ են կազմակերպվում այստեղ հատուկ շուգով նշվող տոնակատարություններին, որ նվիրված են կաթոլիկ եկեղեցու վերոհիշյալ երկու նվիրյալներին: Տեղի են ունենում ավանդական կորիդաները: 1926 թ. բացված և 2000-ին վերանորոգված Սերվանտեսի անվան հրաշալի թատրոնում, որի բեմի վրա տարբեր տարիներին իրենց արվեստն են ներկայացրել երկրի մեջ ճանաչում վայելած դերասանները և որի դահլիճը նախատեսված է 504 հանդիստաեսի համար, անցկացվում են սարսուելայի` ազգային իսպանական օպերետի, քնարերգական գեղեցիկ մրցույթները: Հազար ու մի այլ արարողություններ են հետաքրքիր բովանդակությամբ ուրախացնում մարդկանց, որոնց նրանք անհամբերությամբ են սպասում տարեցտարի և ամեն անգամ յուրովի վայելում բարձր տրամադրությունն ու խնջույքի առիթները:
Հպարտության մյուս պատճառներից մեկը իսպանացի աբարանցիների համար իրենց պատկանող մի տարածությունն է, որտեղ տեղավորված են տակավին նախանցյալ դարում ստեղծված ջրամատակարարման մեքենաները: Համարվում է, որ նրանցից մեկը` 1805թ. գործող Նորիա Գրանդեն 11,92 մետր իր տրամգծով, ամենամեծն է Եվրոպայում: Մեկ վայրկյանում այն 25 լիտր ջուր է առաքում: Գյուղանտեսությամբ զբաղվող աբարանցիների համար, որոնց թիվը 2003թ. տվյալների համաձայն անցնում է 13 հազարի սահմանը, ամեն ինչ, որ օգտակար ծառայություն է մատուցում է դաշտերի ու այգիների բերքատվության արդյունքների բարձրացման համար, չափազանց մեծ դեր ու նշանակություն ունի: Իսկ այդ հարցում Աբարանի գյուղացիները այնպիսի առաջատար դիրքերում են, որ ամբողջ մարզում հավաքված մրգերի 60% նրանց է բաժին ընկնում, նաև` ողջ Մուրսիայում խաղողի բերքի 33% դարձյալ այստեղից է հավաքվում:
Նույն վայրի ու նրանում ապրող մարդկանց մասին կարելի է տասնյակ էջեր գրել ու ընդարձակ  նյութ լրացնել, հիմնվելով նրա ներկայի ու անցյալի վրա: Լրատվական տեղեկությունը չէ, սակայն, տվյալ հոդվածիս անմիջական նպատակը: Ոչ էլ մեր կյանքի հետաքրքրաշարժ իրականության վրա ուշադրություն գրավելու ցանկությունն է: Հայերեն լեզվով իսպանական Աբարանի շուրջ խոսք բացելով, լրագրողական առանձին նյութ եմ զուգընթաց իսպաներեն լեզվով հայկական Ապարանի շուրջ պատրաստում: Մի մտադրությամբ` իբրև հրավերք, հղված համանուն երկու քաղաքների ղեկավարությանը, որպեսզի մեկնեն և սեղմեն մեկը մյուսի ձեռքը ամուր ու որպեսզի եղբայրանան վերջապես Աբարանն ու Ապարանը: Ես պատրաստ եմ իմ կողմից հնարավորին բոլոր քայլերը կատարել, տվյալ նախաձեռնության մեջ մասնակցությունս ցուցաբերելով, որպեսզի մեկ օր  այն իրականության վերածվի: Պարզապես, իրոք տարօրինակ մի զուգադիպություն է, թե որքան ընդհանուր գծեր կան տարբեր պետությունների կազմում գտնվող նույնանուն քաղաքների պատմության մեջ, որոնցից ամեն մեկն`առանց մյուսի մասին գաղափար իսկ կազմելու, անցել են ճակատագրի կամքով դժվարությունների ու գոյապայքարի իրենց ճանապարհը, որի զանազան հատվածների վրա յուրաքանչյուրը պայքարել է իր ինքնության պաշտպանության և պահպանման համար: Եվ ո՛չ իսպանացին է հնազանդվել հանգամանքներին, ո՛չ էլ հայը:
Պատկերացնում եմ, ուրեմն, երրորդ մեր այս հազարամյակում ապարանցուն` իսպանական հողում գտնվող իր գյուղի տանը և աբարանյերոյին` հայոց աշխարհում կառուցված իր տանը: Զբոսաշրջության զարգացում, համագործակցություն, համատեղ մշակույթային միջոցառումներ, գյուղատնտեսություն... Շատ են բնագավառերը, որոնց համար պետք է նախապես ծրագրեր կազմվեն ու կյանքի կոչել: Դժվարն, ինչպես ասվում է, սկսելն է:

Արթուր Ղուկասյան




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]