Հալեպի Կոմիտասի անվան կամերային նվագախումբը ելույթ ունեցավ Գավառում
ԳԱՎԱՌ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական համալսարանը հոկտեմբերի 26-ին հյուրընկալել էր Հալեպի Կոմիտասի անվան կամերային նվագախմբին, որը Գավառում էր «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի հրավերով:
Համերգը նվիրված էր ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի, Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանի 85-ամյակին:
Համերգային ծրագրի ժամանակ հնչեցին հայ եւ համաշխարհային դասականներից երաժշտական կատարումներ:
Հայ բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց ընկերակցության Կոմիտասի անվան կամերային նվագախմբի անունից ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանին շնորհվեց հուշամեդալ: Հալեպահայերն այցելեցին նաեւ ԳՊՀ հնագիտական եւ պատմագիտական թանգարան:
«Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է մեր հայրենակիցներին ջերմ ընդունելը, չէ որ սիրիահայերը պարզապես սփյուռք չեն, բավական է հիշել միայն Սիրիայում գտնվող Դեր Զորը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բախչինյանը:
Կոմիտասի անվան կամերային նվագախումբը կազմավորվել է 2006 թվականին եւ արդեն 6 տարի գործում է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց ընկերակցության հովանավորության ներքո:
Նվագախումբը Հովհաննես Մուբայեթի գլխավորությամբ ելույթներ է ունեցել Սիրիայի եւ Լիբանանի մի շարք քաղաքներում, իսկ 2011 թվականից սկսել է հանդես գալ նաեւ Հայաստանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում