Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեւանում մեկնարկեց Հայաստանի եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը

Երեւանում մեկնարկեց Հայաստանի  եւ Իրանի միջկառավարական համատեղ 
հանձնաժողովի 11-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը Երեւանում պաշտոնապես մեկնարկեց հոկտեմբերի 24-ին: Նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրականան կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: 

Հանձանժողովի 11-րդ նիստը բացեցին հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանն ուրախ է հյուրընկալելու բարեկամ երկրից ժամանած պատվիրակությանը: «Հավատացած եմ, որ համատեղ նիստի աշխատանքների շրջանակներում հնարավորություն կտրվի ամփոփելու նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները եւ հստակեցնելու եկող տարվա մեր անելիքները: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ զարգանում են փոխվստահության մթնոլորտում»,- ասաց նախարարը:

 Երկու երկրների նախագահների փոխադարձ պաշտոնական հանդիպումները նոր լիցք են հաղորդում հարաբերությունների հետագա զարգացմանը, քանի որ երկկողմ ծրագրերն իրականացվում են երկու երկրների նախագահների հաստատած օրակարգի համաձայն: «Քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է ապահովել տնտեսական բնագավառում համապատասխան ակտիվություն: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում հանձնաժողովն ունի կարեւոր առաքելություն եւ հնարավորություն կընձեռի պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք ոլորտներում»,- ասաց Արմեն Մովսիսյանը: Նախարարի խոսքով` առաջիկայում անհրաժեշտ է, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկկողմ ծրագրերի թիվը կրկնապատկվի, եռապատկվի: Այս ոլորտում կարեւորվեց նաեւ մասնավոր հատվածների համագործակցության սերտացման անհրաժեշտությունը:      

 Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար եւ նշեց, որ երկկողմ հարաբերությունները ունեն ընդհանրություն, որն աշխարհի այլ երկրների հետ հարաբերության բլոկում առանձնացնում է Հայաստանի հետ հարաբերությունները: «Էներգետիկայի նախարարության հետ մենք ունենք ամուր հենք` ջանքերի եւ իրականացվող աշխատանքի համար»,-ասաց նա: Իրանցի նախարարի խոսքով` երկու երկրների միջեւ բարձր մակարդակի փոխայցելությունները խոսում են քաղաքական բարձր կամքի եւ հաստատակամության մասին, որ ունեն երկրների ղեկավարները:

Իրանական պատվիրակության կազմում են նաեւ տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

Աշխատանքային նիստերի ընթացքներում կողմերը կքննարկեն առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի, հանքարդյունաբերության, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթական, մշակութային բնագավառներին, ինչպես նաեւ միջմարզային համագործակցության առնչվող հարցեր:

Նիստի արդյունքում կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձեւավորվել է 1992 թ-ին` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]