Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մասիսի բլուր հնավայրից բացառիկ իրեր են պեղվել` թվագրվող Ք.ա. 6 -րդ հազարամյակի առաջին կեսին

Մասիսի բլուր հնավայրից բացառիկ իրեր են պեղվել`  թվագրվող Ք.ա. 6 -րդ 
հազարամյակի առաջին կեսին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այս տարի իրականացրել է 37 տարբեր հուշարձանների հնագիտական պեղումներ, որոնց արդյունքները շատ գոհացուցիչ են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, այս տարի հնավայրերում ոչ միայն պեղումներ, այլեւ ստուգողական եւ հետախուզական աշխատանքներ են իրականացվել:  Տասը տեղավայրերում պեղումները դեռ շարունակվում են: «Այս տարի առաջին անգամ աշխատանքներ իրականացրինք Երեւանի հարեւանությամբ գտնվող Մասիսի բլուր հնավայրում, որը նոր քարե դարի ժամանակաշրջանի հուշարձան է եւ, ըստ էության, 70-ականներին բլրի մեծ մասն ավերվել է, բայց շերտերը պահպանվել են:  Հայ-ամերիկյան արշավախումբն արդեն բացել է կավածեփ կլոր հատակագծով շինությունները եւ պեղել մեծ քանակությամբ ոսկրե, քարե գործիքներ»,-ասաց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով` Մասիսի բլուր հնավայրից հայտնաբերվել է նաեւ մի յուրօրինակ գտածո, որի վրայի պատկերները հուշում են, որ այն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Քրիստոսից առաջ 6 -րդ հազարամյակի առաջին կեսին, սակայն սա դեռ պետք է հետազոտությունը հաստատի: «Սա շատ լուրջ ձեռքբերում է, որովհետեւ մենք Արարատյան դաշտավայրում եւս երկու նման հուշարձան պեղել ենք եւ պեղում ենք` դա Առատաշենն է եւ Ակնաշենը. այդպիսով մենք կարողանում են այդ Ք.ա. 6-րդ հազարամյակի իրավիճակի մասին սկզբնաղբյուրներ ունենալ: Սա գիտական եւ ճանաչողական առումով մեծ ձեռքբերում եմ համարում»,-ասաց նա:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով`այս տարի շարունակվել են աշխատանքները նաեւ Արենի քարայրում, սակայն այս ընթացքում այստեղ ավելի շատ ամրակայման աշխատանքներ են իրականացվել:

Հնագիտական պեղումներն այս տարի շարունակվել են նաեւ Հայաստանի տարբեր մայրաքաղաքներում` Երվանդաշատում, Արմավիրում, Արտաշատում, Դվինում: «Այս տարի Դվինում շատ հետաքրիր կառույց է բացվել, որը, սակայն, զգուշորեն ծածկել ենք, որպեսզի չվնասվի մինչեւ հաջորդ տարվա պեղումները: Մեր գերխնդիրն է պեղել հուշարձաններ, որոնք մեզ տվյալներ են տալիս քարե դարի վաղագույն փուլերից սկսած մինչեւ ուշ միջնադար»,-ասաց պեղումնաբանը:

Նա նշեց, որ հայկական լեռնաշխարհի պատմությունն ու մշակույթը հնագիտական սկզբնաղբյուրներով վերականգնելու համար պեղումներ են իրականացվում լեռնաշխարհի բնակեցման ամենավաղագույն փուլերից սկսած մինչեւ ուշ միջնադար: «Այդ ժամանակահատվածի համար տարբեր տեղերում տարբեր արդյունքներ են գրանցվել: Օրինակ` անտիկ շրջանում ունենք Տիգրանակերտը, որն Արցախում է բացվել, որտեղ եւս փայլուն արդյունքներ են գրանցվել, եւ այդ արդյունքները տարեցտարի լրացվում են նորերով»,-հավելեց Պավել Ավետիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]