Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Ադրբեջանն ահաբեկիչների դարբնոց է դառնում. իսլամագետ Սարգիս Գրիգորյան


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ահաբեկիչներ պատրաստելու համար Ադրբեջանը բարենպաստ միջավայր ունեցող երկրի կարգավիճակ է ձեռք բերում: Այդ մասին ևս մեկ անգամ վկայեց վերջերս համացանցում տարածված Ադրբեջանցի մարդասպան ահաբեկչի կողմից Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազայի դեմ 2008 թվականի նոյեմբերի 21-ին կատարված հարձակման տեսագրությունը: Ահաբեկչության պատճառով զոհվել էին 40 ամերիկացի զինվորներ: Իսլամագետ Սարգիս Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Բաքվի ռեժիմի կողմից իսլամիստ ծայրահեղականների դեմ պատերազմը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի մասնակցությունը սոսկ ձևական, հռչակագրային բնույթ է կրում, որի հիմնական նպատակը միջազգային ասպարեզում քաղաքական դիվիդենտների ստացումն է: Սարգիս Գրիգորյանն Ադրբեջանը՝ ահաբեկիչների մատակարար է համարում ու ընդգծում, որ իրականում Ադրբեջանը վաղուց արդեն վերածվել է ահաբեկիչների համար բարենպաստ վայրի, որտեղ նրանք ստանում են այդ երկրի էլիտայի քաղաքական և գաղափարական աջակցությունը: Աֆղանստանում և Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներում ադրբեջանցի մահապարտների մասնակցության բազմաթիվ օրինակներ կան, որոնցից հատկանշական է Աբու Ալի Մուհամեդի ադրբեջանցիներից կազմված հայտնի խմբավորումը:

Ադրբեջանը փորձում է ահաբեկչության հովանավոր լինելու մասին եղած կասկածները ցրել՝ մեղքը գցելով այլ երկրների վրա: Մասնավորապես, Գրիգորյանի դիտարկմամբ, Ադրբեջանի կողմից փորձ է արվում ահաբեկիչների պատրաստման վայր համարել Իրանը, ինչն անհավանական է, քանի որ շիա մահմեդականություն դավանող Իրանը առնվազն գաղափարական նկատառումներով չի կարող թույլ տալ իր տարածքում սուննի ծայրահեղականների բազաների գոյությունը:

Ադրբեջանի կողմից ահաբեկչության հովանավորման ցայտուն դեպք էր նաև քնած հայ սպային կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը: Այս ամենի համատեքստում, առնվազն զավեշտալի է դառնում Ադրբեջանի կողմից Հայաստանին ահաբեկչության սատարման մասին ներկայացվող մեղադրանքները: Իրավիճակը գլխիվայր շուռ տալու ադրբեջանական «տաղանդը» միջազգային հանրությանը մեկընդմիշտ պետք է ցույց տա, որ միջազգային օրենքներ ոտնահարող, ահաբեկիչներ պատրաստող և հովանավորող «հանցագործապաշտ» Ադրբեջանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ կերպ պահանջատեր լինել և չի կարող ապահովել արցախահայության լիարժեք կյանքով ապրելու իրավունքը: Պատկերավոր ասած. «գառը գայլին երբեք պահ տալ չի կարելի»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ