Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հայկական արվեստի գործերի յուրացման փաստերը կներկայացվեն ԻԿՕՄ-ին


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն անհանգստացած է հարեւան մի շարք երկրների կողմից հայկական մշակույթի յուրացման փաստով. խնդրին լուծում տալու համար ԻԿՕՄ Հայաստանի տնօրեն Մարինե Հարոյանն ԻԿՕՄ-ի նախագահ Հանս-Մարտին Հինզին կներկայացնի իրավիճակը եւ կքննարկվեն դրան լուծում տալու եղանակները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարիեն Հարոյանը, խոսքն այս անգամ վերաբերում է այն հայկական թանգարանային նմուշներին, որոնք Ադրբեջանի, Թուրքիայի կամ այլ երկրների թանգարաններում ներկայացվում են որպես իրենցը: «Իրենք այս փաստը մեկնաբանում են այսպես, որ եթե դրանք ստեղծվել են իրենց տարածքում, ուրեմն իրենցն է, սակայն մոռանում են, որ այդ նմուշները հայկական մշակութային արժեքներ են»,- խնդրի էությունը ներկայացրեց Մարինե Հարոյանը:

Խնդրի մասին խոսելը, բարձրաձայնելը ոչ թե նպատակ ունի այդ նմուշները հայրենիք վերադարձնելու, այլ միջազգային հանրությանը, համայն աշխարհին իրական փաստերը ներկայացնելու: «Խնդիրն իրականում նմուշները հետ բերելը չէ: Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ դրանք լինեն, օրինակ, Բրիտանական թանգարանում կամ այլ երկրների թանգարաններում, բայց գրված լինի, որ հայկական է: Դա մեզ ավելի օգուտ կտա, քան, եթե այդ ամենը բերենք այստեղ եւ փակենք»,- ասաց ԻԿՕՄ Հայաստանի նախագահը:

Այս օրերին Հայաստանում անցկացվող Թանգարանների միջազգային խորհրդի կրթության եւ մշակութային գործունեության միջազգային կոմիտեի տարեկան 41-րդ գիտաժողովն այս ամենի մասին խոսելու համապատասխան հարթակ չէ: «Սակայն մենք այդ հարցը կքննարկենք ԻԿՕՄ-ի նախագահի հետ, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարելի է սկսել բանակցությունները, որպեսզի դրանք լինեն քաղաքակիրթ եւ օգուտ տան, ոչ թե անիմաստ կռվի վերածվի»,- ասաց Մարինե Հարոյանը:

 Նմուշների քանակության մասին դեռ հստակ տեղեկություններ չկան, քանի որ դրանց մեծ մասը ցուցադրված չեն եւ պահվում են թանգարանային պահոցներում: Հայաստանը դրանց գոյության մասին իմանում է այն ժամանակ, երբ դրանք երեւում են միջազգային ցուցահանդեսներում: «Հուսանք` քննարկումը կբերի երկխոսության, վերջնական լուծումների»,- ասաց ԻԿՕՄ Հայաստանի նախագահը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ