«Սիրիական ավիաուղիներ»-ը Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը կիրականացնի Իրանի և Իրաքի օդային տարածքով
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիական ավիաուղիներ»-ը Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը կիրականացնի Իրաքի եւ Իրանի օդային տարածքով` ելնելով այն հանգամանքից, որ Թուրքիան փակել է օդային ուղիները սիրիական ինքնաթիռների համար, դրանով իսկ վտանգավոր դարձնելով չվերթները Թուրքիայի տարածքով: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունից:
«Հալեպ-Երևան-Հալեպ չվերթը Իրանի և Իրաքի օդային տարածքով կազմակերպելու դեպքում տոմսի արժեքը մի փոքր կթանկանա: Չնայած Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակին` պետք է նշեմ, որ առաձնապես տարբերություն չկա Հալեպ մեկնողների և այնտեղից վերադարձողների նախկին եւ ներկա թվերի միջև»,- հայտնեցին «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունից:
Սիրիայում լարված իրավիճակի պատճառով «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը դադարեցրեց չվերթները դեպի Հալեպ` ուղեւորների անվտանգությունն ապահովելու նպատակով, սակայն «Սիրիական ավիաուղիները» շարունակում է նույն հաճախականությամբ` շաբաթական մեկ օր (երեքշաբթի) իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ չվերթները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում