Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայր Աթոռում բացվեց նոր Մատենադարան` երեք գրադարանների ու ձեռագրատան մեկտեղմամբ

Մայր Աթոռում բացվեց նոր Մատենադարան` երեք գրադարանների ու 
ձեռագրատան մեկտեղմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռի երեք գրադարաններն ու ձեռագրատունը մեկտեղվել են` հնարավորություն տալով ընթերցասեր հասարակությանը, աշխարհիկ եւ հոգեւորական գիտնականներին` օգտվել Մայր Աթոռում առկա հարուստ կրոնական եւ հայագիտական գրականությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Էջմիածնում հոկտեմբերի 18-ին բացվեց «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանը, որը կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ եւ լոնդոնաբնակ բարերարներ Վաչե եւ Թամար Մանուկյանների նվիրատվությամբ:

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակութային-հասարակական գործիչներ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց օրհնության կարգ:            

                                                                                         

Բարերար Վաչե Մանուկյանը նշեց, որ իր այս քայլով ցանկանում է մի փոքրիկ օրինակ լինել, որն օգնում է հայրենիքի բարգավաճմանը: «Շենքն ինձ համար ամենից գեղեցիկն է, սակայն այս պարագայում ուրիշների կարծիքն ավելի կարեւոր է»,- ասաց նա` հավելելով, որ որոշումը կայացրել են ամբողջ ընտանիքով: Այն, թե ինչքան է եղել նվիրատվությունը, Վաչե Մանուկյանի համար կարեւոր չէ. «Կարեւորն արդեն կառուցված շենքն է: Ամեն մարդ իր կարողացածի չափով պետք է օգնի հայրենիքին»,- ասաց նա:    

                                                                                                       

Կառույցի ճարտարապետ Արտակ Ղուլյանը նշեց, որ չափազանց մեծ էր Մատենադարանը կառուցելու պատասխանատվությունը, քանի որ այն գտնվելու էր Մայր Աթոռի տարածքում: «Կարծում եմ, որ ազգային-ավանդական ու արդի ճարտարապետության հնարքների ներդաշնակված ու յուրատիպ լուծումներով, լուսավոր երանգի քարով կառուցված ու թարմաշունչ զարդաքանդակներով հարդարված նոր մատենադարանը շահեկանորեն լրացնում է Մայր Աթոռի` օրեցօր բարեզարդվող ճարտարապետական միջավայրը»,- ասաց նա:          

                                                   

 Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Մատենադարանի կառուցումը կարեւոր ձեռնարկ էր, որը թույլ կտա հանրությանն` անարգել կերպով օգտվելու Մատենադարանի հնարավորություններից, հսկակայական գրականությունից, որ հավաքվել է դարեր շարունակ: «Մատենադարանում կպահվի եւ հասանելի կլինի շուրջ 80 հազար միավոր գրականություն եւ երեք հազար ձեռագրեր»,- ասաց քահանա Մելիքյանը:

Մատենադարանի հիմնարկեքի արարողությունը կատարվել էր 2009 թ-ին: Մատենադարանը երկհարկանի քարաշեն կառույց է` նկուղային հարկով: Յուրաքանչյուր հարկի մակերեսը 1500 քմ է, նկուղինը` 1000 քմ: Նկուղային հարկում տեղավորված են գրապահոցները եւ օժանդակ սենյակները, առաջին հարկում` նախասրահը, վարչական մասը, ընթերցասրահները, հանդիսասրահը եւ ցուցասրահը, երկրորդ հարկում` գիտական աշխատասենյակները եւ եւս երկու բազմաբնույթ դահլիճներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]