Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Հայկական վիրտուալ համալսարանն ազդարարում է երեք նոր ծրագրերի մեկնարկը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանն ամփոփեց իր եռամյա գործունեությունը: Այդ ընթացքում www.avc-agbu.org էլեկտրոնային հասցեում գործող Հայկական վիրտուալ համալսարանն ունեցել է 2000-ից ավելի ուսանողներ 63 երկրներից:

«Արմենպրես»- փոխանցմամբ` Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը նշեց, որ համալսարանի ուսանողների աշխարհագրությունը հասնում է ԱՄՆ, Ռուսաստան, Հարավային Աֆրիկա, Արգենտինա և այլ երկրներ: Համալսարանը վերջերս ստեղծել և զարգացնում է մուլտիմեդիա փաթեթ` նախատեսված ոչ ուսանողների համար, ինչի շնորհիվ հայկական կրթությամբ հետաքրքրվողներն այսուհետ հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը` առանց համալսարանի ուսանող դառնալու:

«Եռամյա մեր գործունեության արդյունքներն ամփոփելով` ուզում եմ ազդարարել երեք նոր ծրագրերի մեկնարկը: Դրանք են` Հայկական վիրտուալ համալսարանի փաթեթ 5 տարեկանից բարձր երեխաների համար, ՀՎՀ ուսուցում մոբիլ սարքերի միջոցով և ՀՎՀ մուլտիմեդիա փաթեթներ հայկական պատմությամբ և մշակույթով հետաքրքրված անձանց համար, ովքեր մեր համալսարանի ուսանող չեն: Մեր համալսարանի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հայկական կրթությունը հասանելի դարձնել բոլորին և ամենուր»,-ասաց Երվանդ Զորյանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի համընդհանուր ֆորումին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով միջոցառման հետ կապված կատարեց երկու կարևոր շեշտադրում:

«Առաջին կարևոր շեշտադրումը, որ ուզում եմ առանձնացնել, բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունն է կրթության ոլորտում: Տեխնոլոգիաների կիրառման հետ կապված այս նախագիծը լավագույնն է Հայաստանում: Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունից հետո մի քանի բուհերում սկսեցին կիրառել հեռավար կրթության մեթոդը: Օրինակ` Երևանի պետական համալսարանը ստեղծեց օն-լայն կրթության հնարավորություն, Երևանի պետական ագրարային համալսարանը հեռավար կրթություն է կազմակերպում Շուշիի մասնաճյուղի հետ: Բայց պետք է նշեմ, որ հեռավար կրթության լավագույն պայմաններն այս քոլեջում են, և հավատում եմ, որ մոտ ժամանակներս ուսանողների թիվն ավելի կշատանա, քանի որ քոլեջն ապահովում է լավ կրթություն ստանալու բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս քոլեջի երկրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ կառույցը ձևավորվել է որպես հայապահպանության խնդրի լուծման նոր ուղղություն: Սփյուռքի նախարարության կողքին հայտնվեց մի լուրջ կառույց, որը ինչ-որ կերպ կփորձի լրացնել արտերկրում հայերի կրթության հարցը»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Նա նաև հավելեց, որ օրերս քոլեջը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` ստանալու պաշտոնապես Հայաստանում բարձրագույն կրթական ծառայություններ մատուցելու լիցենզիա: «Այսօր ուզում եմ առանձնացնել մի կարևոր փաստ. կրթության և գիտության նախարարությունը Բարեգործական միության հետ սկսում է լիցենզավորման գրործընթացը: Սա կլինի առաջին վիրտուալ համալսարանը, որը ՀՀ կառավարության կողմից կստանա լիցենզիա»,-տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարը:

ՀՎՀ-ն հայկական առաջին օն-լայն բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը սկսել է գործել 2009 թվականի հունիսից: ՀՎՀ-ում գործում է 3 բաժին` հայերեն լեզու, պատմություն, մշակույթ: Դասավանդումն իրականացվում է 6 լեզուներով` արևմտահայերեն և արևելահայերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, թուրքերեն, ֆրանսերեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ