Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային արխիվը համացանցում կտեղադրի Հայոց ցեղասպանության մասին թվայնացված նյութեր

Հայաստանի ազգային արխիվը համացանցում կտեղադրի Հայոց ցեղասպանության 
մասին թվայնացված նյութեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  ազգային  արխիվում  իրականացվող  կարևորագույն աշխատանքներից  են  արխիվային  փաստաթղթերի  թվայնացումն  ու  էլեկտրոնային շտեմարանի  ստեղծումը: Արխիվի ղեկավարությունը նախատեսում է 2013թ. համացանցում հասանելի դարձնել Հայոց ցեղասպանության մասին կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր: Թվայնացման աշխատանքների ընթացքի և ազգային արխիվի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ:

-Ազգային արխիվի թվայնացման աշխատանքները ի՞նչ փուլում  են, որքա՞ն  նյութ է թվայնացվել մինչև օրս:

-2012 թվականի առաջին կիսամյակի տվյալներով թվայնացվել է 54 հազար 299  թերթ փաստաթուղթ: Ընդհանուր  հաշվարկով, մինչ օրս թվայնացվել է 112 հազար 669 թերթ փաստաթուղթ: Ի դեպ, թվայնացումից հետո որոշ փաստաթղթեր, որոնք  ունեն քարոզչական նշանակություն` վերաբերում են Հայոց ցեղասպանությանը,  կտեղադրվեն համացանցում: 2011 թվականին ձեռք բերված թվայնացնող գերհզոր  սարքերի շնորհիվ փաստաթղթերի թվայնացման գործընթացը նոր թափ առավ: Թվայնացվեցին 50 հազար 370 թերթ փաստաթուղթ: Համեմատության համար նշեմ, որ մինչև 2010 թ. թվայնացվել էր ընդամենը 8000 թերթ թղթե կրիչով փաստաթուղթ:

-Ինչպե՞ս են ընթանում ֆիլմերի և նկարների թվայնացման աշխատանքները:

-Ինչ վերաբերում է կինոֆոտոֆոնո փաստաթղթերին, ապա Ֆրանսիայից ձեռք բերված թվայնացման սարքի միջոցով մինչ օրս իրականացվել է 2 հազար 013 վավերագրական ֆիլմի թվայնացում: Հայրենական արտադրության  գեղարվեստական ֆիլմերի թվայնացման գործընթացն իրականացվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ որի   կթվայնացվեն 415 կինոֆիլմ: Հայաստանի ազգային արխիվը ծրագրում  է  թվայնացնել խորհրդային տարիների հայկական ֆիլմերը, որոնք այսօր  պահպանվում են «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Այսօր արդեն կարող ենք  հայտարարել, որ 1940-1982թթ. «Սովետական Հայաստան» վավերագրական  կինոհանդեսի բոլոր թողարկումները թվայնացվել են: Մինչ օրս թվայնացվել  է  3 հազար 742 պահպանման միավոր  ֆոտո, որոնք եղել են ապակե հիմքով: Պրոցեսը  խիստ աշխատատար է և պահանջում է մասնագիտական  հմտություններ: Թվայնացվել են 1 519 ֆոնո փաստաթուղթ, այդ  թվում` Ազգային ժողովի 1989-1997 թվականների նիստերի ձայնագրությունները: Հայաստանի ազգային  արխիվն  ամեն տարի համալրվում է նոր փաստաթղթերով, որով էլ  պայմանավորված է  փաստաթղթերի թվայնացման գործընթացի շարունակականությունը:

-Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել հաջորդ տարի:

-2013թ. նախատեսնվում է հաստատել արխիվի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը և սկսել դրա իրականացումը, արխիվի և տարածքային ստորաբաժանումների միջև համակարգչային ներքին ցանցի ստեղծում, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ արխիվային փաստաթղթերի ժողովածուների հրատարակում, դրանց թարգմանում օտար լեզուներով, փաստաթղթերի թվայնացման շարունակում:

-Ի՞նչ խնդիրներ են Առկա ազգային արխիվում:

-Արխիվում հրատապ լուծում պահանջվող խնդիրներից են համակարգչային տեխնիկայի թարմացումը, տարածքային ստորաբաժանումների արխիվապահոցներում օդորակման համակարգերի տեղադրում, ստորգետնյա արխիվապահոցների ջրամեկուսացման աշխատանքների իրականացում և տեխնիկական վերազինման ավարտում:

Հարցազրույցը` Հակոբ Վարդանյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]