Ադրբեջանի գաղափարական դատարկությունը լցվեց Սաֆարովի հերոսացմամբ
ԵՐԵՎԱՆ,11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը և նրա հասարակությունը գաղափարական վաակումում են, դատարկություն, որը պիտի լցվեր և լցվեց Սաֆարովի հերոսացմամբ: Այս մասին հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում: «Սաֆարովի հերոսացումն ուղղված էր ներքին հարցերին, բոլոր խնդիրներից սեփական հասարակությանը շեղելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ասատրյանը: Ադրբեջանագետը նկատեց, որ ոչ մի իսլամական պետություն կամ կազմակերպություն չդատապարտեց Ադրբեջանի այս քայլը, ավելին` Պակիստանի դեսպանն Ադրբեջանում հայտարարեց, որ Սաֆարովը համայն իսլամական աշխարհի հերոսն է:
«Ժողովրդի լեզվով ասած` սա Հայաստանին դեմ հերթական քայլն էր, ուրիշ ոչինչ: Կարող ենք վստահորեն ասել, որ ահաբեկչությունն օրինականցվել է Ադրբեջանում»,-նշեց ասուլիսի մյուս բանախոս իսլամագետ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Միջազգային տարբեր կառույցներ, գերտերություններ հանդես եկան Ադրբեջանի քայլը դատապարտող հայտարարություններով: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում