1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ Ազգային ժողովը հորդորում է բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի գործարքը

ՀՀ Ազգային ժողովը հորդորում է բոլոր երկրների խորհրդարաններին 
դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի գործարքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «2004 թ.-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ հայտարարությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ամփոփեց քննարկումը և ներկայացրեց աշխատանքային խմբի կողմից ընդունված հայտարարության վերջնական տարբերակը: Զաքարյանը նշեց, որ ընդունվել են խմբագրական նշանակության ունեցող մի քանի կետեր: Իննսունվեց կողմ, մեկ դեմ, ոչ մի ձեռնպահ ձայներով ընդունվեց հայտարարության տեքստը, որում ասվում է.
- Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին՝ 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սահիբ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,

- Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը, - Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը եւ այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում և հերոսացվում էր, ուստի և որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել և ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար,

- Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաև կոչումների ու տարատեսակ պարգևների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսևորում է միջազգային հանրության նկատմամբ,

- Համարելով, որ այս հանցագործությունը հետևանք է ադրբեջանական իշխանություների կողմից պարբերաբար քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանի նախագահը և ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի համար պատասխանատվությունը,

- Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաև մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների և նորմերի ոգուն հակասող գործողություն.

Ազգային ժողովը հայտարարում է, որ

1. Հունգարիայի իշխանությունը նույնպես կրում է կատարվածի համար պատասխանատվությունը,հետևաբար ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը:

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջև 2012թ օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը և համապատասխան հստակ գործողությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]