Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Սաֆարովին ներում շնորհելն ադրբեջանական դիվանագիտության հերթական ձախողումն էր


ԵՐԵՎԱՄ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին իր երկրի իշխանությունների կողմից ներում շնորհելն Ադրբեջանի համար անխուսափելի հետևանքների կարող է հանգեցնել: Ադրբեջանական նավթային դիվանագտության հերթական չմտածված քայլի հետևանքով Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացքում սեփական ձեռքերով հաղթաթուղթը տվեց Հայաստանի ձեռքը: Այս փաստի գիտակցումն է, որ իսկական խուճապ է առաջացրել որոշ ադրբեջանցի քաղաքագետների և քաղաքական գործիչների շրջանում:

Սաֆարովին ներում շնորհելու Ալիևի որոշումը հերթական անգամ եկավ ապացուցելու այն պարզ իրողությունը, որ Ադրբեջանի նախագահին հուզում է ոչ թե սեփական երկրի հեղինակությունը, այլ Ալիևների դինաստիայի սեփականությունը դարձած նախագահական պաշտոնին հնարավորինս երկար մնալը: Երկրի արտաքին քաղաքականության հիմնական գերակայության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության` հօգուտ Ադրբեջանի կարգավորման հեռանկարը նման որոշումից հետո ադրբեջանցիների համար հայտնվել է մշուշում: Ըստ էության, Սաֆարովի արտահանձնումից հետո ադրբեջանական իշխանություններն ունեին 2 տարբերակ. պահել ոճրագործին բանտում և դրական գնահատականի արժանանալ միջազգային կազմակերպությունների և աշխարհի պետությունների կողմից կամ ազատ արձակելով ադրբեջանցի «հերոսին»` բարձրանալ Ադրբեջանի բնակչության աչքում: Ալիևը, հաշվի չառնելով, որ առաջին տարբերակում կբարձրանար նաև Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, նախընտրեց «բարձրանալ սեփական ժողովրդի աչքում»` ապահովելու երրորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելու հեռանկարը:

Այս հարցում տեղին է ադրբեջանական Region միջազգային վերլուծական կենտրոնի նկատառումն այն մասին, որ Ադրբեջանն իր այս քայլով կստիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություններին լուրջ մտածել հակամարտության արդարացի լուծման մասին: Խոսքը, բնականաբար, ԼՂ հակամարտության կարգավորման մասին է` հօգուտ հայկական կողմի:

Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, նկատելով, որ նման քայլը նպաստում է ոչ թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ, հակառակը, ռազմական գործողությունների վերսկսմանը, հայտարարել է. «Մենք գիտենք, թե ինչպիսի վիճակ է ադրբեջանական բանակում: Նման պաշտպանության նախարարով եւ սպայական անձնակազմով խնդրի ռազմական լուծման մասին խոսք անգամ չի կարող լինել»: Այսինքն, անկախ ադրբեջանական իշխանությունների բարձրագոչ հայտարարություններից` արդեն իսկ զգացվում է լուրջ խուճապ, որն աստիճանաբար ավելի լայն ընդգրկումներ է ստանում:

Սաֆարովին ներում շնորհելու փաստը դժգոհության առիթ հանդիսացավ ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության շրջանակներում` այդ թվում բուն Հունգարիայում: Հունգարացիներն իրենք հանդես եկան սեփական ծախված իշխանություններին և Ադրբեջանին քննադատող հայտարարություններով: 

Պաշտոնական Բաքուն, անակնկալի գալով դեպքի հետ կապված Հայաստանի և միջազգային հանրության արձագանքներից, սկսել է դիմել տարօրինակ քայլերի: Սրա ապացույցն է վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունն այն մասին, որ այսուհետ գաղտնի են պահվելու ադրբեջանցի դիվանագետների և պաշտոնյաների արտասահմանյան տեղաշարժերը: «Սեփական արշինով չափելով» նաև մյուսներին, մասնավորապես Հայաստանին` Ադրբեջանն անհանգտսացած է իր դիվանագետների և պաշտոնյաների անվտանգությամբ:

Այդուհանդերձ, չնայած գերտերությունների քննադատություններին` պետք է նկատել, որ դրանք կարող էին լինել առավել նպատակային և թիրախային: Նման կերպ միջազգային հանրությունը կկանգնեցներ Ադրբեջանին սեփական սխալը գիտակցելու և դրա համար արժանի պատիժը կրելու պատասխանատվության առաջ: 

Ամեն դեպքում բարձրագոչ հայտարարություններ անող ադրբեջանական կառավարությունը հերթական անգամ նման քայլերով ցույց է տալիս, որ իր քաջությունը սահամանափակվում է միայն սեփական նավթահորերից ստացվող միլիոնավոր դոլարներով, և իր իսկ սարքած խառնաշփոթից հետո Ադրբեջանն այսօր վախեցած է անգամ սեփական ստվերից:

Արաքս Կասյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ