«Իսահակ» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում մեկ մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի մի մասը հորդառատ անձրևների պատճառով մնացել է հեղեղումների տակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, «Իսահակ» փոթորիկի պատճառով առաջացած աղետի հետեւանքով Լուիզիանայում եւ Միսիսիպիում շուրջ մեկ մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ներկա պահին այն մի փոքր թուլացել է եւ բնութագրվում է որպես արեւադարձային փոթորիկ:
Համեմատած յոթ տարի առաջվա «Քաթրին» փոթորկի հետ` «Իսահակ»-ի պատճառած ավերածությունների մասշտաբներն անհամամեմատի փոքր են: Այնուամենայնիվ, իշխանությունները շուրջ 60 հազար մարդ տարհանելու մասին որոշում են ընդունել` պայմանավորված Միսիսիպիի լճերից մեկում փոթորկի հնարավոր ալեկոծմամբ: Աղետից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար այդ շրջաններ ուղարկվել են նաեւ զինվորականներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում