Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բաքվի հավակնությունները ԼՂ հակամարտության հարցում հնարավոր չէ բավարարել. Վիկտոր Շեյնիս

Բաքվի հավակնությունները ԼՂ հակամարտության հարցում հնարավոր չէ 
բավարարել. Վիկտոր Շեյնիս

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանարապետության նախագահի պաշտոնին սեպտեմբերի 7-ին կվերադառնա Արցախյան շարժման ակտիվիստ Բակո Սահակյանը: Առաջին հերթին կցանկանայի անել այն, ինչ բաց է թողել մեր երկրի ղեկավարությունը` շնորհավորել Բակո Սահակիչին հերթական նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` այս մասին ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» պարբերականի «Դժվար ճանապարհ դեպի խաղաղություն» Արցախին նվիրված հոդվածում գրել է «Յաբլոկո» կուսակցության քաղաքական հանձնաժողովի անդամ, պրոֆեսոր Վիկտոր Շեյնիսը: 

Հոդվածի հեղինակին վստահվել է հետեւել Լեռնային Ղարաբաղում անկախությունից ի վեր անցկացվող ընտրություններին: «Այս տարիներին, շրջելով երկրում, ես հասցրել եմ լինել տասնյակ ընտրատեղամասերում, եւ մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ թեկնածուների, նախարարների, քաղաքական գործիչների, անգամ ընդդիմադիրների հետ: Խոսել եմ ընտրատեղամասերի առջեւ հավաքված բնակիչների հետ, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների եւ դիտորդների հետ, հետեւել եմ քվեաթերթիկների հաշվելու գործընթացին: Եվ այս ամենի արդյունքում կարող եմ վստահ ասել, որ դրանք մշտապես եղել են արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ: Ամենից շատ կուզենայի, որ Ռուսաստանը երբեւէ մոտենար թափանցիկության եւ թեկնածուներին տրված հավասարության այդ մակարդակին»,-գրում է հեղինակը:

Շեյնիսն անդրադարձել է նաեւ հանրապետությունում տիրող ոչ այնքան հեշտ կյանքին: Նա գրում, է որ արդեն մեկ քառորդ դար է, ինչ այդ փոքր երկիրը դիմակայում է ադրբեջանական կողմի ագրեսիային եւ սպառանալիքներին: «1988 թվականից ԼՂՀ-ն ապրում, ամրապնդում է իր կառավարությունը, փորձում է բուժել 1991-1994 թ.թ. հասցրած վերքերը: Ռուս այլ պատգամավորների եւ քաղաքական գործիչների հետ 1991 թ. շրջել եմ մարտական գործողությունների տարածքներում, տեսել եմ ավերված գյուղեր, արյուն եւ վիշտ»,-իր տպավորություններն է փոխանցել քաղաքական գործիչը:

Այսօր արցախյան հողում խաղաղություն է տիրում. անհաստատ, անկայուն խաղաղություն, քանզի շփման գծում պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում: Շեյնիսը գրում է, որ Բաքվից անվերջ հայտարարություններ են արվում` եթե Ղարաբաղը խաղաղ ճանապարհով չընդգրկվի իր կազմում, ապա խնդիրը կլուծվի ուժով: Այդուհանդերձ, ղարաբաղցիները ցանկանում են հավատալ վաղվա օրվան: Նրանք չեն հեռանում իրենց երկրից, ինչպես 1990-ականների սկզբին, ծնվում են երեխաներ: Ստեփանակերտի փողոցները մարդաշատ են, շատ են երեխաները, կենսուրախ երիտասարդները, ովքեր երեկոները շրջում են մայրաքաղաքի փողոցներով եւ իրենց պահում են ճիշտ այնպես, ինչպես աշխարհի մայրաքաղաքների իրենց հասակակիցները:

Անդրադառնալով Բաքվի նավթային դոլարներին` Շեյնիսը նշում է, որ այդ միջոցները թույլ են տալիս ադրբեջանական իշխանություններին չափից ավելի շատ համալրել սպառազինությունը: Ռազմական հիստերիայի հրահրումը` ռեժիմի ինքնապահպանման փորձված միջոց է, որը չի ուզում, չի կարող եւ չի կարողանում լուծել իր հասարակության իրական խնդիրները: «Ղարաբաղյան չկարգավորված հանգույցը` լուրջ սպառնալիք է այս պայթունավտանգ տարածաշրջանում: Խնդրի կարգավորման հարցում կարծես թե հետաքրքրված է նաեւ միջազգային հանրությունը: Երկար տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթաց է ընթանում: Բանակցային գործընթացին չի մասնակցում շահագրգիռ կողմը` Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանական կողմը համառորեն չի ցանկանում ընդունել իրականությունը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեէ չի համաձայնի տալ արյունով հաղթանակած ազատությունը»,-շարունակում է հոդվածագիրը:

Նա համոզված է, որ Ղարաբաղի ժողովրդի ազատության եւ ինքնուրույն ընտրությունների իրավունքը չի կարող լինել բանակցությունների եւ քննարկման առարկա: Եվ այս առումով Շեյնիսն անհասկանալի է համարում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների այն հայտարարությունները,  որով նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: «Միջազգային հանրության պարտքն է Բաքվին բացատրել, որ խորհրդային ժամանակաշրջանի տարածքային կառուցածքին վերադառնալու իր հավակնությունները չեն բավարարվի, իսկ ուժ կիրառելու սպառնալիքներն ընդամենը բլեֆ են: Վիկտոր Շեյնիսը հոդվածի վերջում ցանկություն է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն այս չկարգավորված հակամարտության առնչությամբ հստակ դիրքորոշում որդեգրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]