1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական կոնյակը միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի. արտահանումն ավելանում է

Հայկական կոնյակը միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի. 
արտահանումն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կոնյակն արտահանման ամենամեծ ծավալներ ունեցող հայաստանյան արտադրատեսակներից է, որի պահանջարկը միջազգային շուկայում բավական մեծ է: Վերջին մի քանի տարիներին կոնյակի ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման ծավալները զգալիորեն աճել են: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը կոնյակի արտահանման ծավալները դիտարկում է օղու, ռոմի և ջինի անվանախմբում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ծառայությունից, եթե 10 տարի առաջ Հայաստանից արտահանվել է ընդամենը 8133 տոննա կոնյակ, օղի, ռոմ և ջին, ապա միայն այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 21 038 տոննա` ընդհանուր արժեքը` 77.8 միլիոն դոլար: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է 12 271 տոննա, իսկ ողջ տարվա ընթացքում` 32 558 տոննա, որի ընդհանուր արժեքը` 131.2 միլիոն դոլար:

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` հայկական կոնյակի արտադրության ծավալները 2011 թվականին կազմել են 14 482 644,3 լիտր, արտահանման ծավալները` 12 094 477,3 լիտր, երկրի ներսում իրացման ծավալները` 2 129 818,8 լիտր: Կոնյակի արտադրության ոլորտում Հայաստանում 2011 թվականին գործունեություն են իրականացրել 28 տնտեսվարող սուբյեկտներ: Հայկական կոնյակի արտադրության ծավալներում 22,0 տոկոսը արտադրվել է «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից, 20,0 տոկոսը` «Պռոշյանի կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից և 19,9 տոկոսը` «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կողմից:  

Համաշխարհային կոնյակի շուկայի երկու տոկոսը ծածկվում է հայկական լեգենդար կոնյակի շնորհիվ: Երևանի կոնյակի գործարանի արտադրության «Արարատ» կոնյակն իր ողջ տեսականիով` «Անի», «Ընտիր», «Ախթամար», «Տոնական» և «Նաիրի», շարունակում է մնալ Հայաստանի բրենդը համաշխրհային շուկայում: Հայկական կոնյակի սպառման ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, որին հաջորդում են Ուկրաինան և ապա միայն եվրոպական երիրները: 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի արտահանման գծով մենեջեր Գոհար Պողոսյանը, շաբաթական մոտ չորս-հինգ բեռնատար մեքենա կոնյակ է արտահանվում, յուրաքանչյուր մեքենան` բեռնված 19-20 տոննայով:
Կոնյակի շշի տարողությունից և արտաքին տեսքից կախված` մեկ մեքենան տեղափոխում է միջինում 15 հազար շիշ: Գործարանի արտադրանքն ամենանամեծ պահանջարկն ունի Ռուսաստանի Դաշնությունում: Մեծ քանակությամբ կոնյակ է արտահանվում նաև Լիտվա, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան: Եվրամիության երկրներում ևս, մասնավորապես, Գերմանիայում, հայկական կոնյակը պահանջված ապրանքատեսակ է: Այն մեծ քանակությամբ արտահանվում է նաև Միացյալ Նահանգներ: «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի արտադրատեսակներից ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում հատկապես մեծ պահանջարկ ունեն 0.5 լ և 0.75 լ տարողությամբ 3,5 և 8 տարեկան «Մանե» կոնյակը, ինչպես նաև տասը տարեկան «Չարենց», «Շիրազ» և ութ տարեկան «Царица Тамара» կոնյակները:
«Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ամենաշատը սպառվում են հուշանվերային կոնյակները, և այն երկրների համար, ում հետ արդեն երկար ժամանակ է` համագործակցում ենք, գործում են զեղչեր»,- նշեց Գոհար Պողոսյանը: Ամենաշատ պահանջարկն ունեցող ութ տարեկան «Մանե» կոնյակի գինը միջազգային շուկայում 0.5 լիտրի դեպքում տատանվում է 9-9.5 դոլարի սահմաններում, իսկ երեք տարեկանն արժե 6-6.2 դոլար:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը ևս մեծ քանակությամբ կոնյակ է արտահանում: Արտադրանքը մեծ պահանջարկ ունի առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետև Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Չինաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ընկերությունից, բոլոր արտադրատեսակներն էլ` 3-25 տարվա հնեցմամբ, գրեթե հավասարաչափ պահանջարկ ունեն և արտաքին, և ներքին շուկայում: 

Չնայած կոնյակագործության եւ գինեգործության լավագույն ավանդույթներին` վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլային խմիչքներից ամենամեծ սպառումն ունի օղին, ապա գինին, հետո միայն կոնյակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]