Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հետաքրքրություն են արտահայտել երկու սիրիահայեր

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հետաքրքրություն են 
արտահայտել երկու սիրիահայեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործատուների միություն դիմել է երկու սիրիահայ` Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, նրանցից երկուսն էլ ընտրել են ծառայությունների ոլորտը: «Մեզ դիմած սիրիահայերը ցանկանում են սկզբում Երեւանում, ապա նաեւ մարզերում ավտոպահեստամասերի ներկրման եւ վերանորոգման գործով զբաղվել»,-ասաց նա:

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար առաջիկայում միություն կդիմի սիրիահայերի մի խումբ եւս: Ավելի վաղ Գործատուների միությունն հայտարարություն էր տարածել` պատրաստակամություն հայտնելով անվճար խորհրդատվություն տրամադրել սիրիահայերին` Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, սիրիահայերին առաջարկվելու են աշխատանքներ ծառայությունների, արագ սննդի ոլորտներում, փոքր արտադրություններում, օրինակ` արեւելյան հրուշակեղենի, որում սիրիահայերը մասնագիտացած են, եւ այլ բնագավառներում:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թվում նաեւ հայեր: Սիրիահայերն, իրավիճակից ելնելով, շարունակում են լքել երկիրը: Հայաստանում Սփյուռքի, ԿԳ նախարարությունները եւ հասարակական կառույցները աշխատանքներ են տանում` հայրենիք ժամանած սիրիահայերի համար կեցության եւ ուսման անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Հայաստանում սիրիահայերին կեցության կարգավիճակի կամ քաղաքացիության շնորհման հարցերը քննարկվում են արագացված ընթացակարգով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]