Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գառնիի միջնադարյան կամուրջը շահագործման կհանձնվի աշնանը

Գառնիի միջնադարյան կամուրջը շահագործման կհանձնվի աշնանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 11-րդ դարում կառուցված Գառնիի կամուրջը շահագործման կհանձնվի աշնանը։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 2-ից եւ առաջին փուլը կավարտվի օգոստոսի 15-ին։ Շինարարական ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի նախանշված  ժամկետից՝ նոյեմբերից էլ շուտ։ Պատմամշակութային այս եզակի հուշարձանը վերանորոգելու հիմքը դրվել է նախորդ տարի սեպտեմբերին՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրված «Դեսպանների մշակութային արժեքների պահպանման» հուշագրով։ Ամերիկյան հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 110 հազար ԱՄՆ դոլար։ Աշխատանքների պատվիրատուն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայության» ՊՈԱԿ-ն է, իսկ մրցույթով ընտրված կապալառուն «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները եղել են Գառնիում, տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

«Կամրջի վերականգնումը կարող է վերածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքներում գտնվող նշանավոր հուշարձանային համալիրների կապակցման արդյունավետ եղանակի՝ պահպանելով հուշակոթողը և այն օգտագործելով կրթամշակութային, զբոսաշրջային նպատակներով։ Կամրջի վերականգնումը կարող է նաեւ խթան հանդիսանալ համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացման համար», - նշել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի մշակույթի հարցերով կցորդ Շոն Օ'Հարայի համոզմամբ, Հայաստանն օրհնված երկիր է, քանի որ մեծ թվով պատմամշակութային արժեքներ ունի, որոնք պետք է պահպանվեն։ «800 տարի գոյություն ունեցող հուշարձանը, կարծում եմ, առնվազն 800 տարի էլ կանգուն կլինի։ Այս հուշարձանը մի կողմից կամուրջ է Հայաստանի ու Միացյալ Նահանգների, մյուս կողմից՝ Հայաստանի անցյալ ու ապագայի միջեւ»- նշել է Շոն Օ'Հարան։ Դեսպանատան ներկայացուցիչն աշխատանքների այս փուլի ընթացքը գոհացնող է համարել։

Կամուրջը կվերականգնվի նույն գույնի տուֆով, ինչպիսին ունեցել է կամարն ու թառը։ Ճարտարապետ, նախագծի հեղինակ Ռազմիկ Դավթյանի համոզմամբ, այն ամուր կլինի ու դեռ երկար կծառայի մարդկանց։ 

Առաջին փուլի աշխատանքներն ընթանում են նորմալ, առանց որեւէ խոչընդոտների։ Ընթացքին ուշի ուշով հետեւում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունը։ Թերություններ ու բացթողումներ չեն եղել. աշխատանքներն իրականացվում են որակով եւ ըստ նախագծի։

Ազատ գետի վրա կառուցված կամուրջը Գառնի գյուղը կապում է գետի ձախ ափին գտնվող Հավուց Թառ և այլ նշանավոր վանական համալիրների և հուշարձանների հետ: Կառուցված է կրաշաղախով կապակցված բազալտով, իսկ թաղը և ճակատային որմնակամարները` կարմիր և սև սրբատաշ տուֆե շարվածքով: Կամուրջը նախկինում մի քանի անգամ վերանորոգվել է XVII-XVIII դարերի ընթացքում, իսկ 2009թ. պետբյուջեից հատկացված միջոցներով սրբատաշ տուֆ քարով երեսպատվել և արդեն մասնակի վերանորոգվել է կամրջի մի մասը, որը, սակայն, վթարային վիճակում է հայտնվել։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը, հիմնվելով ձեռքբերումների վրա` 2011թ. Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) «Մելինա Մերկուրիի միջազգային մրցանակը», Գառնիի կամուրջի վերականգնման ԱՄՆ «Դեսպանների մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի դրամաշնորհը, հետևողական է լինելու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և նրան հարակից բնապատկերի հետագա արժևորման, պահպանության, բարեկանգնման և հանրահռչակման գործընթացում։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ներդրումային ծրագրերի ներգրավման հաջորդ նախագիծը Գառնիի ձորի` «Քարերի սիմֆոնիա» կոչվող բնական հուշարձանի գիշերային լուսավորությունն է, որը կիրականացվի համապատասխան դրամաշնորհային ծրագրի կամ այլ մասնավոր ներդրումների առկայության դեպքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]