Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումներն ուղղված չեն հայերի դեմ

Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումներն ուղղված չեն հայերի դեմ

 ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերի մոտակայքում օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած կրակոցներն ուղղված չեն հայերի դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: «Այս առավոտ ես արթնացել եմ կրակոցների ձայնից, որոնք հայաշատ թաղամասերին շատ մոտ են: Բախումներն ու կրակոցները, որոնք շարունակվում են նաեւ այս պահին, տեղի են ունենում քաղաքի կենտրոնական վայրերում, որտեղ բավականին հայեր են ապրում, սակայն դրանք հայկական թաղամասեր անվանել չի կարելի»,-ընդգծեց Ռեիսյանը: Նա դժվարացավ նշել սիրիահայերի շրջանում խուճապն ավելացել է, թե` ոչ, քանի որ նրանք տներից դուրս գալ չեն կարողանում:

«Վիճակը հանդարտվելուց հետո միայն կարող ենք զրուցել հայերի հետ: Չնայած այս հարձակումներն ուղղված չեն հայերի դեմ, սակայն բախումները կարող են վտանգավոր լինել նաեւ հայերի համար»,-նշեց Ռեիսյանը: Նրա խոսքով` որեւէ անմիջական, ուղղակի վնաս հայկական կառույցներին, եկեղեցիներին չի հասցվել: Ռեիսյանը հերքեց նաեւ Հալեպի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու գործունեության դադարեցման մասին լուրերը` հավաստիացնելով, որ այն շարունակում է գործել եւ փակվելու մասին խոսք անգամ չկա, «պարզապես այս իրավիճակում եկեղեցի այցելողներ չկան»:

 «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատավամիջոցները, հաղորդում է, որ Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով վերջին օրերին զոհվել է ավելի քան 170 մարդ: Տեղեկությունների համաձայն` զոհերի մեծամասնությունը Հալեպում է եղել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիտորդները հեռացել են Սիրիայի Հալեպ քաղաքից` անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանց խոսքով` Հալեպ քաղաքում բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ ավելի լարված են շարունակվում. կառավարական զորքերը լայնածավալ գործողություններ են սկսել նրանց  դեմ: Բախումները շարունակվում են նաեւ մայրաքաղաք Դամասկոսում եւ արվարձաններում, որտեղ զոհվել է 48 մարդ:

Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թ-ի մարտ ամսից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհերի թվում են ավելի քան 12 հազար խաղաղ քաղաքացիներ, իսկ ավելի քան հինգ հազարը` անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:




Այս թեմայով

... վերջին լուր "Իրադրությունը Սիրիայում" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ