Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Առաջիկա 50 տարում Հայաստանն աղի խնդիր չի ունենա

Առաջիկա 50 տարում Հայաստանն աղի խնդիր չի ունենա

ԵՐԵՎԱՆ, 28  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 28-ին այցելեց «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, շրջեց տարածքով, ծանոթացավ աղի արտադրության բարելավման եւ նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը, կոմբինատն արտադրում է ինչպես կերակրի, այնպես էլ տեխնիկական աղ:

«Մեր ապրանքի եւ որակի մրցունակությունը պահպանելու համար սկսել ենք երկու նոր ծրագիր: Շվեյցարական ընկերության հետ գործակցում ենք նոր գործարան կառուցելու ուղղությամբ, որի նախագիծն արդեն իսկ պատվիրել ենք: Հուսով ենք` դա կհասցնենք իրագործել 3-4  տարում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Ղուկասյանը նշեց, որ  սեփական հումք ունենալու նպատակով աղի հանքում նախատեսվում է կառուցել ստորգետնյա հորեր:

«Նախագծերի իրականացման համար ներդրումային ծրագիրը կազմելու է  10մլն եվրո: Առաջիկա 3-4 տարում կառավարության աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է: Եթե կարողանանք կառուցել գործարանը, ապա առաջիկա 50  տարիներին Հայաստանը աղի խնդիր չի ունենա»,-ասաց նա::

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ  աղի կոմբինատը կարողացել է այս անցումային ժամանակահատվածում արդիականացման էական ծրագիր իրականացնել: Այն կարողացել է ապահովել ոչ միայն շահութաբերություն, այլեւ ավելացնել ծավալները:

«Այն, ինչ մենք տեսանք` բավարար հիմքեր է տալիս համոզվելու,  որ ձեռնարկությունը կարող է հաջողությամբ իրականացնել տարբեր ծրագրեր, եւ կառավարությունը պատրաստ կլինի տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է»,-ասաց նախարարը:

«Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը  շահագործման է հանձնվել 1969  թվականին: Այն տարեկան 30  հազար տոննայից ավելի աղ է արտադրում, որի մի մասը արտահանում է  Վրաստան, իսկ բավականին վերջերս նաեւ Շվեյցարիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]