Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ արվեստագետները «Դրախտը որոնելիս» հայտնվել են Իտալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ

Հայ արվեստագետները «Դրախտը որոնելիս» հայտնվել են Իտալիայում. 
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հյուսիսում գտնվող Պեզարո քաղաքի «Centro arti visive Pescheria» թանգարանում վերջերս ներկայացվեց հայկական ժամանակակից արվեստի նմուշները. իտալացիներն այդ ցուցահանդեսին սպասել են մոտ մեկ տարի: Հենց մեկ տարի առաջ արվեստագետներ Թենի Վարդանյանի եւ Արա Ալեքյանի Երեւանում բացված աշխատանքների ցուցահանդեսին հաջորդել էր հայ-իտալական «Ռենկո» ընկերության հրավերը` ներկայացնելու հայկական ժամանակակից արվեստն Իտալիայում: Արդյունքում`  հայ հինգ արվեստագետներ հնարավորություն ունեցան ներկայանալու, իրենց բնորոշմամբ,  «բոլոր արվեստագետների երազանքների քաղաքում»:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի համակարգող, «Անտիկյան» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանը, այն վերնագրվել էր «Դրախտը որոնելիս»: «Աշխարհասփյուռ հայությունը, որտեղ էլ որ հանգրվանել է` փնտրել ու գտել է իր հոգու դրախտը, իր շրջապատը հարստացրել է անանց արժեքներով, իսկ մշակութային առնչություններից ծնվել են նորանոր գլուխգործոցներ»,-ասաց նա:

Թանգարանը, որտեղ ներկայացվել է հայկական ժամանակակից արվեստը, ժամանակին եղել է միջնադարյան ձկան շուկա, որը շատ հետաքրքիր հուշարձան-կառույց է, որտեղ հաճելիորեն միահյուսվել են պատմականն ու ժամանակակիցը: «Մեր արվեստագետների ստեղծագործությունները շատ ջերմ ընդունվեցին իտալացիների կողմից, եւ ինձ համար որպես ցուցահանդեսի համադրող, դա էր ամենից կարեւորը: Իտալացին արվեստապաշտ է իր էությամբ եւ իր տված գնահատականը շատ գնահատելի է մեզ համար»,- ասաց նա:  Իտալացիներին իրենց արվեստով զարմացրել են հայ հինգ անվանի արվեստագետներ` Թենի Վարդանյանը, Արա Ալեքյանը, Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը եւ Սամվել Սաղաթելյանը:  

                               

        Թենի Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր արվեստագետ իր դրախտը կարողանում է գտնել ստեղծագործական աշխարհում: «Մեզ համար չտեսնված հնարավորություն էր տեսնել Իտալիան եւ ցուցադրվել այնտեղ, որովհետեւ դա ցանկացած արվեստագետի երազանքն է»,- ասաց նա` հավելելով, որ հայ եւ իտալացի արվեստագետների միջեւ յուրօրինակ երկխոսություն է ծավալվել: Իտալացիներն ընդունել եւ սիրել են հայերին: Թենի Վարդանյանն Իտալիայից վերադարձել է ստեղծագործական մեծ ցանկությամբ եւ բազմաթիվ նորանոր գաղափարներով. «Նման պահերից հետո ուզում ես ուղղակի փակվել արվեստանոցում եւ նկարել: Լռության ժամանակն է, պետք է ներփակվել պատյանի մեջ եւ ստեղծագործել»,- կատակեց նա:

Սարգիս Համալբաշյանի համար ցուցահանդեսը հնարավորություն էր իտալական մշակույթին առավել մոտիկից ծանոթանալու: «Որպես համագործակցության նոր սկիզբ` բարձր եմ գնահատում ցուցահանդեսը եւ կուզենամ, որ այն շարունակական լինի: Իտալիան այնքան ընդգրկուն մշակույթ ունի, որ հնարավոր չի «կշտանալ» դրանից»,- ասաց նա:

Արարատ Սարգսյանին զարմացրել էր, որ միջինից փոքր քաղաքում մշակութային կյանքը եռում էր եւ զարմանալի արվեստի մթնոլորտ էր տիրում: «Թեեւ շատ երկրներում եւ բազմապիսի ցուցասրահներում ենք ներկայացել, այնուամենայնիվ, Իտալիան յուրատեսակ փորձաքար էր»,- նշեց նա:

  Արա Ալեքյանն Իտալիա կատարած առաջին այցից ստացել է գերազանց տպավորություններ: Նա ներկայացրել էր նաեւ իր «Ձուկը» աշխատանքը, որը իտալացիներին շատ էր դուր եկել: «Սիմվոլիկ բան էր ստացվել, նախկին ձկան շուկայում հայտնվել էր Ձուկը»,- կատակեց արվեստագետը: Ալեքյանը հիմնականում աշխատում է երկաթե թափոնների հետ, սակայն դա  չի խանգարում իրական արվեստի նմուշ ստեղծել: «Եթե դու արվեստի մեջ ես, ամեն մի թափոնը կարող ես այնպես մատուցել, որ շատ գեղեցիկ լինի»,- հավատացնում է արվեստագետը:

Ցուցահանդեսը նվիրված է եղել է հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]