Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Գեղարքունիքում ամփոփվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի մարզային փուլը

Գեղարքունիքում ամփոփվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի 
մարզային փուլը

ԳԱՎԱՌ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում հուլիսի 14-ին ամփոփվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Փառատոնին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների 27 երեխաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստվել է բուկլետներ, որտեղ զետեղված են փառատոնի բոլոր մասնակիցների տվյալները:

Մրցույթում հաղթեցին  Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարիամ ՈՒմրշատյանը, Ջաղացաձորի միջնակարգ դպրոցի աշակերտ Մանուկ Մանուչարյանը,  Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի Դիանա Մատակյանը, Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցից` Սոնա Կարապետյանը, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցից` Սյուզաննա Ամիրյանը եւ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցից` Թագուհի Ասատրյանը: Մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ նվերներով: Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Գրետա Խանդանյանն անցած տարի մրցույթի հանրապետական փուլում 2-րդ տեղ գրավելու համար այս տարի փառատոնին մասնակցում է արտամրցութային կարգով եւ հանրապետական փուլին մասնակցելու հրավեր ունի: Հաղթողները սեպտեմբերին կներկայացնեն Գեղարքունիքի մարզը` «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության հանրապետական մրցույթ-փառատոնին:

Փառատոնի ժյուրիի նախագահն է Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը: Այն նպատակ ունի «վերակենդանացնելու» հեքիաթասացությունը եւ մոռացությունից փրկելու հայոց բարբառները, հայերեն տարբեր բարբառներով հնչեցնել բացառիկ արժեք ունեցող ժողովրդական բանահյուսության նմուշները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ