Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Նազենի Հովհաննիսյանը` մարդ ափի մեջ. ՖՈՏՈՇԱՐՔ


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայտնի մարդիկ, անկախ իրենց գործունեության ոլորտից եւ առավել եւս կատարած աշխատանքի որակից, միշտ գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Դերասանուհի, հաղորդավարուհի կամ ինչպես հաճախ ընդունված է ասել «հեռուստատեսության մարդ» Նազենի Հովհաննիսյանի  ստեղծագործական գործունեությունը եւս հասարակության  ուշադրությունից չի վրիպում: Նրան շատերը սիրում են, շատերը անխնա քննադատում,  բայց այն, որ Նազենին իր  12-ամյա ստեղծագործական գործունեությամբ վաղուց ապացուցել է, որ կանացի գեղեցկությունը համադրելի է խելքի  եւ ինտելեկտի հետ` անժխտելի ճշմարտություն է: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ նրա ստեղծագործական գործունեությանը վերաբերող տարբեր թեմաների շուրջ` Երեւանի պետական Կամերային թատրոնի հյուրընկալ գրադարանում, ուր մուտքից անգամ զգացվում է արվեստի շունչը:

 -ՁԵր Հանրային  հեռուստաընկերությունից «Արմենիա»  տեղափոխվելու լուրը ստացավ հասարակական հնչեղություն, շրջանառվեց տարբեր շրջանակներում: Արդյո՞ք դժվար չէր կայացնել նման որոշում:

 -Եթե անկեղծ լինեմ, իհարկե ցանկացած փոփոխություն մեծ  սթրեսի  հետ է կապված, սակայն իմ կյանքում այնպիսի ընթացք էր, որ պարտավոր էին գնալ նման փոփոխության եւ դրա համար կային լոկ անձնական դրդապատճառներ, որեւէ մասնագիտական խնդիր չկար: Հենց այդ չափազանց «հարմարավետությունն» աշխատավայրում եւս պատճառ դարձավ ինչ-որ բան փոխելու որոշման համար: Դժվար է խոսել հեռուստադիտողի անունից, սակայն, երբ դիտում եմ իմ յուրաքանչյուր հաղորդումը` չեմ կենտրոնանում այն մտքի վրա,  թե այդ   հաղորդման էկրանի ներքեւի հատվածում, որ հեռուստաալիքի տարբերանշանն է: Ես  ոչ մի իմիջային փոփոխություն չեմ կատարել, այն եմ ինչ կամ, լավ թե վատ` հարցի մյուս կողմն է: Միշտ ձգտում եմ  գիտելիքների առումով աճ գրանցել, դա ընդամենը իմ աշխատանքն է եւ ես պարտավոր եմ  ամեն լավ ինչ անել:

-Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում ե՛ւ թատրոնում, ե՛ւ կինոյում, ե՛ւ հեռուստատեսությունում,  նշված ոլորտներից որտե՞ղ եք Ձեզ  զգում «ինչպես ձուկը ջրում»:

 -Եթե ես զբաղվեի ճարտարապետությամբ կամ մեկ այլ բանով, ապա պետք է ինձ ցանկացած վայրում  զգայի, ինչպես ձուկը ջրում, որովհետեւ եթե չկա հետաքրքություն այն ամենի հանդեպ ինչ անում ես, ապա այն իմաստ չունի:

 Ձեր նշած բոլոր  ոլորտներն էլ ինձ համար շատ հանգիստ միջավայր են աշխատելու համար, բայց հանգիստ իմ չափանիշներով, որեւէ մեկը թող չկարծի` թե հանգիստ ասելով  նկատի ունեմ  հարմարավետություն: Յուրաքանչյուր նկարահանում իրականում մեծ սթրես է եւ պատասխանատվություն: Որոշ ժամանակ առաջ ինքս ինձ համար  կատակով փաստեցի, որ արդեն 12  տարի է,  ինչ հեռուստատեսությունում գտնվելու իրավունք ունեմ եւ, միեւնույն է, ամեն անգամ որեւէ «տետ ա տետ»  հարցազրույցից, պատասխանատու նկարահանումից  առաջ  գիշերը չեմ քնում: Դա չի խանգարում նրան, որ երբ  արդեն նկարահանման հրապարակում եմ ինձ զգամ  բացարձակ հարմարավետ: Անքուն գիշերներ  եմ ունենում  նաեւ  «Հայացք ներսից» հաղորդմանը պատրաստվելիս, որովհետեւ եթե «Երջանկության մեխանիկան» ուներ մեկ ուղղություն, որն էր ընտանիքը, ապա այս պարագայում քո դիմաց կանգնած են  անհատներ` հիմնականում քաղաքական գործիչներ,  եւ նրանց կյանքը, գործունեությունն ուսումնասիրելը բարդ է եւ պատասխանատու:

-Անդրադառնալով «Երջանկության մեխանիկային»` եթե ընդհանրացնենք, ապա ո՞րն է Ձեր երջանկության մեխանիկան , ունե՞ք երջանկության Ձեր բանաձեւը:

 -Ես շատ յուրօրինակ չեմ լինի այդ հարցում եւ կասեմ, որ եթե  մարդը շնչում է`  նշանակում է ապրում է, երջանիկ է: Մարդն ապրում է, ուրեմն նա  կարող է գործել, սիրել  եւ ստեղծել  հարմար միջավայր իր երջանկության համար: Այնքան «ուրեմններ»  կան, որ եթե դրանցից 0. 3  տոկոսն էլ մարդն  իրականացնի, ուրեմն երջանիկ է: Այդ առումով Վիսոցկին այնքան դիպուկ է ձեւակերպել. «Я дышу - и значит, я люблю! Я люблю - и, значитя живу!»:

-Հանրային մարդկիկ հիմնավոր եւ անհիմն քննադատությունից անմասն չեն մնում, մանավանդ,  երբ խոսքը համարձակ դերասանուհու մասին է, ով կարող է հանդես գալ բաց տեսարաններում`  կարծրատիպային մտածողություն ունեցող որոշակի  հանդիսատեսի առաջ,  ինչպե՞ս եք վերաբերում քննադատությանը:

 -Քննադատությունը, իմ կարծիքով, մասնագետի արված գնահատական է, եւ եթե կա մասնագիտական քննադատություն, ապա ես միայն դրական եմ գնահատում դա, որովհետեւ այն օգնում է երեւույթը այլ տեսանկյունից դիտակելու: Հետեւաբար` փոխվելու, «առողջանալու»,  շտկվելու հնարավորություն է ընձեռվում: Բայց  բնույթով ես պերֆեկցիոնիստ եմ, այսինքն` գուցե  ծիծաղելի հնչի, բայց ձգտում եմ իմ գործում լինել կատարյալ: Իհարկե,  ոչինչ չի կարող կատարյալ լինել,  բայց այդ ձգտումը եթե  մարեց,  ապա կարող ես  մահանալ:  Ինչ վերաբերում է բաց տեսարաններին, ապա դրա հետ կապված կարող է հնչել  բացասական կարծիք եւ դա նորմալ է: Ոչ թե բացասական, այլ ոչ բարի կարծիքը, որը մարդուն  անիմաստ ցավեցնելու նպատակ ունի` դատարկ բան է եւ անգործ մարդկանց է բնորոշ: Իմ կատարած աշխատանքի  մասին ցանկացած  մասնագիտական գնահատականի համար բաց եմ` պատրաստ  այն ընկալելու եւ ընդունելու:

- Ձեր գործունեության ոլորտներում առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

 -         Ես այնքան շատ եմ աշխատում, որ  երբեմն չեմ հասցնում  ծրագրեր կազմել, պարզապես նախընտրում եմ  իրագործել  դրանք: Շատ ծրագրեր ունեմ, որոնք քանի դեռ իրագործված չեն եւ ինձ համար փոքր-ինչ ներանձնական են: Եվ որպեսզի անպատասխանատու չերեւամ, ապա  ավելի լավ է չբարձրաձայնել դրանց մասին, քան բարձրաձայնել եւ հետո չիրականացնել:

-Քչերը գիտեն, որ Դուք ստեղծագործում եք,  ռուսերեն եւ հայերեն չափածո եւ արձակ ստեծագործություններ գրում, որոնցից մեկի հիման վրա գրվեց Սոֆի Մխեյանի «Մշուշոտ սեր» երգը, ինչո՞ւ Ձեր ստեղծագործական գործունեության այդ տեսակը չեք հրապարակայնացնում:

 -Համաշխարհային պատմության մեջ կան շատ  դերասաններ, հեռուստատեսային գործիչներ, ովքեր ունեն գրելու ձիրք: Կարծում եմ,  որ համաշխարհային  գարականությունը լի է այնպիսի ստեղծագործություններով, որ եթե նրանց  կողքին ներկայացնում ես քոնը, ապա այն պետք է որեւէ լուրջ բան իրենից ներկայացնի, լինի համահավասար դրանց:  Շատ ինքնաքննադատ եմ այս հարցում:  Թմրանյութի պես փորձում ես անընդհատ նորը գտնել, նորը կարդալ  համաշխարհային արժեք ունեցող ստեղծագործություններից: Եթե զգամ, որ որեւէ մեկը կարող է «սնվել» իմ բանաստեղծություններից , այո,  կտպագրեմ, բայց ես վստահ չեմ դրանում, երկրորդն էլ, դրանք իսկապես շատ ներանձնական են: Իմ կայնքն ամբողջությամբ թափանցիկ է, ինչպես մարդն է ափի մեջ,  շատերին կարող է թվալ,  թե փակ եմ հասարակության առջեւ, բայց իրականում իմ կյանքի  երկրաչափական պատկերը, երբեմն պրիմիտիվության աստիճանի պարզ  է: Ունեմ բանաստեղծություններ, անգամ փոքր-ինչ «ցինիկ» արձակ,  որոնք ցանկանում եմ լինեն միայն իմը:  Սոֆիի պարագայում այնպես ստացվեց, որ  Երեւանում մեկ շաբաթ շարունակ անթափանց մառախուղ էր, եւ ես առաջարկեցի երաժշտության հիման վրա գրել երգի խոսքեր`   այնտեղ  գտնելով ինձ համար  մի բանաձեւ. «իմ երակներով սերն է քո հոսում». այն ինձ շատ դուր եկավ,  հասկացա, որ ամեն անգամ երգի մեջ  բանաձեւ է պետք  գտնել: Կարծում եմ,  իսկական պոետն Ավետ Բարսեղյանն է, ով երբեք չի ունենում մտքի սպառում, եւ եթե բանաստեղծություններ  տպագրելու մասին է խոսքը, ապա  վստահաբար նրա բանաստեղծությունները  պետք է տպագրվեն:

-Մեկ առիթով նշել եք, որ  ուսանողական տարիներին Ձեզ հեռուստատեսություն  բերեց ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք  այսօր  իր ճանապարհը նոր սկսող երիտասարդին հաջողության հասնելու համար:

 

-  Պատահական  եկա հեռուստատեսություն եւ դարձա կոմերցիոն հաղորդման վարող, սակայն  դրանից հետո իմ աշխատանքն  իսկապես դարձավ իմը: Անընդհատ իրավունք բառն եմ մեջբերում, քանի որ  եթերում լինելու այդ իրավունքը պետք է ունենաս: Միակ բանը, որ կարող եմ հորդորել, ասել երիտասարդներին այն է, որ  միայն գումարի համար պետք չէ գալ հեռուստատեսություն, առաջնայինն ինձ համար սերն է  գործընթացի նկատմամբ, սերը եւ  անհագուրդ կարիքը: Այդ սերը  կարելի է  տածել արվեստի բոլոր ճյուղերի  նկատմամբ,  հեռուստատեսությունում տարբեր են տեխնոլոգիաները, արտահայտչամիջոցները եւ այն  ավելի մասսայական է, բայց  նվիրվելու ազնվությունը չպետք է դրանից տուժի: Այսօր ինձանից  տարիքով մի քիչ ավելի երիտասարդներ  ձգտում են հայտնի դառնալ, եւ սխալն ի սկզբանե  հենց այստեղ է, դու կարող ես լինել հայտնի, բայց դա դեռ չի նշանակում, որ դու ինչ որ բան ես քեզանից ներկայացնում: Պետք է առաջնորդվել   Թատերական ինստիտուտում շրջանառվող   Ստանիսլավսկու «Работа актера над собой» գրքից   արտահայտությամբ. «Սիրիր արվեստը քո մեջ, ոչ թե քեզ արվեստում»: Այս ասույթը տեղին կլիներ տեղափոխել  հեռուստատեսային միջավայր: Միեւնույն է, որեւէ նոր բան չես  կարող հայտնագործել,  քանի որ  հեծանիվը  քեզնից առաջ վաղուց հայտնագործել են: Ցանկացած  բնագավառում` ֆուտբոլում, բանակում, շախմատում դու ամբողջականի մի մասնիկն ես ընդամենը, եւ երբ քո ներքին էգոն  սկսում է կարծել, որ դու առավել ես քան այդ մասնիկը, ապա այդտեղ է, որ հաջողությունը փոխակերպվում է անհաջողության:

-Հարցազրույցներից մեկում  նշել եք, որ անունը մարդու կյանքում ճակատագրական է. եթե չունենայիք Նազենի անունն ինչպիսի՞ն կլինեիք:

 -Կապված այն հանգամանքից,  թե ի՞նչ անուն կլիներ. ես այս հարցին շատ եմ անդրադառնում, նամանավանդ իմ մայրիկի մահից հետո, որովհետեւ կարծում եմ, որ մարդու անունն իր տեսակի 70  տոկոսն է կազմում: Սկզբնական շրջանում, երեխան ընդամենը սովորում է իր անվան հնչողությանը, իմ դեպքում, քանի որ «Նազենին»  տարածված անուն չէր, ես առաջին դասարանից, մանկապարտեզից սկսած մարդկանց պատմում էի իմ անվան մասին, ասում էի, որ իմ անունը Նազենի է, ոչ թե Նազելի: Այսինքն, ես մանկուց պայքարել եմ իմ գոյության համար այս աշխարհում  եւ իմ անվան գոյության համար:  Գուցե այդ  է  պատճառը, երբ իմ մեջ որոշակի հատկություններ եմ փնտրում, հասկանում եմ, որ  ոչ միայն  անվան տառաբույլն է  անում իր գործը, այլ այն հետեւողական աշխատանքը, որի միջոցով ես իմ  անունը կերտել եմ:  Եթե նախկինում դժգոհում էի իմ անունից` կարծելով որ այն բարդ է,  հիմա հասկանում եմ, որ այդ բարդության մեջ կա նաեւ այն քաղցր պտուղը, որը երբեմն  ստանում եմ շնորհակալության տեսքով,  մարդկանց բարեհամբույր  վերաբերմունքով, երբեմն  նաեւ ոչ այդքան դրական գնահատականի տեսքով:

 

 Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

 Լուսանկարները` Արեւ Գրիգորյանի 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ