Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Ռուսաստանն ու Չինաստանը դեռեւս կանխում են Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ստեղծված քաոսային եւ լարված իրավիճակը շարունակում է ավելի խորանալ: Շուրջ 15 ամիս շարունակվող բախումները կառավարական ուժերի եւ արտաքին ու ներքին ընդդիմության միջեւ մեծ վնասներ են հասցրել ազգաբնակչությանը: Սիրիայի տարածքում ամենօրյա սպանությունները, պայթյունները, բռնություններն ու ահաբեկչությունները կարծես թե դադարել են զարմացնել բոլորին:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ծանր հետեւանքներ են թողել սիրիահայ համայնքի վրա: Արդեն հայտնի է, որ անկարգությունների զոհ են դարձել հայկական համայնքի 4 ներկայացուցիչներ: Բացի մարդկային կորուստներից մեծ վնաս է կրել նաեւ Հոմսում գտնվող հայկական դպրոցը եւ եկեղեցին, որոնք ապստամբների կողմից գրավելուց եւ թալանվելուց հետո ծառայում են որպես հյուրանոց եւ հանգստավայր: Դամասկոսի հայկական համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը հաստատել է, որ Սիրիայի ընդդիմությունը թուրքական ուղղվածություն ունի եւ վայելում է թուրքական իշխանության համակրանքը:
Սիրիահայերը նշել են, որ լարվածությունը ոչ բոլոր տարածքներում է նկատելի, առավել լարված են թուրք-սիրիական եւ լիբանանասիրիական սահմանները:
Սիրիահայ համայնքի ներկայացուցիչներից ոմանք արդեն դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար եւ շատերն էլ արդեն պատրաստ են այդ քայլին դիմելուն: Քաղացիություն ստանալ ցանկացողների թիվն օրեցօր ավելանում է:
Եթե քննարկենք Սիրիայում տիրող այժմյան իրավիճակը, պետք է հաշվի առնել, որ ճգնաժամի ստեղծման համար հիմնականում որոշիչ դեր են կատարել արտաքին գործոնները, այդ թվում Թուրքիայից զինված խմբավորումների ներթափանցումը:
Ակնհայտ է, սակայն, որ ժողովրդի մեծամասնությունն իշխանությունների կողմնակից է, այլապես նախագահ Ասադն այսքան երկար չէր կարող պայքարել իշխանության ղեկին մնալու համար: Իշխանությունների դեմ գործում են միայն փոքրամասնություն կազմող  իսլամիստները, իսկ լայնամասշտամբ ֆինանսավորում եւ զենքի մատակարարում ստանում են երկիր ներթափանցած բազմաթիվ զինված խմբավորումներ: 
Ավելի ու ավելի են ուժեղանում ճնշումները Սիրիայի կառավարության վրա առաջին հերթին տարբեր պատժամիջոցներ սահմանելու, ինչպես նաեւ կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով: Սիրիայի կառավությունն ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է «Մուսուլման եղբայրներին» եւ «Ալ Կաիդա»-ին: 
Իսկ ինչ տեղի կունենա, եթե Բաշար ալ Ասադը հրաժարական տա: Ամենայն հավանականությամբ, իշխանության գլուխ կկանգնեն իսլամիստները եւ ակնհայտ է, որ նրա հրաժարականն իր բացասական հետեւանքները կթողնի ինչպես ալաուիների, այնպես էլ քրիստոնյաների, այդ թվում` հայկական համայնքի վրա: Ասադի հակառակորդների հիմնական նպատակն է ոչնչացնել շիաների օղակը, ասել է թե` իսլամի տարբեր ուղղություններ, այդ թվում` նաեւ ալաուիներին:
Եթե Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը փոփոխության չենթարկվի, ապա ռազմական միջամտությունը Սիրիայում, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Հակառակ դեպքում ռազմական միջամտությունն ավելի խորը հետեւանքներ կթողնի ողջ տարածաշրջանի վրա: Այդ դեպքում Իրանն իր հերթին կմիջամտի` կանխելու այդ ամենը, դրա հետեւանքով դժվար կացություն կարող է ստեղծվել նաեւ Հայաստանի համար: Ռազմական միջամտություն իրականացնելն, այնուամենայնիվ, քիչ հավանական է, քանի որ Սիրիայի կողմնակից Ռուսաստանը եւ Չինաստանը թույլ չեն տա լիբիական սցենարի կրկնությունը:
Սիրիական Հուլա քաղաքում մայիսի 25-ին տեղի ունեցած ջարդերի հետեւանքով զոհվել են ավելի քան 100 խաղաղ քաղաքացիներ, որոնց թվում կանայք եւ երեխաներ: Տեղի ունեղած ողբերգությունից հետո Սիրիայի դեմ պատժամիջոցներն ավելի խստացվեցին եւ արեւմտյան, եւ արաբական մի շարք երկրներ վռնդեցին սիրիացի դիվանագետներին:
Տեղի ունեցած ողբերգության մեջ Սիրիայի կառավարությունը մեղադրում է զինված ապստամբներին, վերջիններս էլ` Սիրիայի զինված ուժերին: 
Հունիսի 16-ին ՄԱԿ-ի դիտորդական պատվիրակությունը Սիրիայում դադարեցրել է իր աշխատանքները: Նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդն այդ քայլով փորձել է հասկացնել, թե ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղ ծրագիրը չի իրականացել: Բացի այդ Մուդի կարծիքով պատվիրակության աշխատանքների շարունակությունը կարող է խիստ վտանգավոր լինել հենց դիտորդների համար, քանի որ կառավարական ուժերը եւ ընդդիմությունը անտեսում են զինադադարը: Դիտորդների հետագա քայլերի մասին ՄԱԿ-ը դեռեւս որոշում չի կայացրել:
Թեպետ լարված իրավիճակը երկրում շարունակվում է, այնուամենայնիվ, սիրիացիները հուսով են, որ օտարազգի ահաբեկիչների` Սիրիայից դուրս գալուց եւ Քոֆի Անանի խաղաղ ծրագրի իրականացումից հետո իրավիճակը Սիրիայում կկայունանա: Նրանք հուսով են, որ ազգի միասնականության շնորհիվ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները եւ ճգնաժամը հաղթահարելուց հետո Սիրիան կլինի ավելի ուժեղ: 
Վերլուծությունը` Տաթեւիկ Հարությունյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ