1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էգեմեն Բաղըշը ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ հակառակորդ

Էգեմեն Բաղըշը ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության 
հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ հակառակորդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն նախարար Էգեմեն Բաղըշի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։ Լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, նա ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի` ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլ հակառակորդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ին, նման կարծիք է հայտնել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով` Ցյուրիխում Բաղըշի վերջին կոպիտ սխալը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետում։ Թուրք նախարարը ինքնավստահ ձեռնոց նետեց Շվեցարիայի իշխանություններին, որպեսզի ձերբակալեն իրեն՝ պարծենալով, թե «1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ»։ Շվեցարիան ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը նման է Ֆրանսիայի օրինագծին։ Շվեցարիայի դատախազը ստուգում է Բաղըշի խոսքերը և նրա դիվանագիտական կարգավիճակը՝ տեսնելու համար, թե արդյոք կարող է պատժամիջոցներ  կիրառել նրա նկատմամբ ցեղասպանությունը ժխտելու համար։

Եթե նախարար Բաղըշը լիներ իրական «մաչո», նախ կհրաժարվեր իր անձեռնմխելիությունից, ապա կգնար Շվեցարիա հրապարակավ հերքելու համար Հայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, պարզվում է, որ այս թուրք նախարարը իսկական վախկոտի մեկն է։ Այն բանից հետո, երբ գլուխ գովեց, որ ինքը մեծ սիրով կվերադառնա Շվեցարիա և կրկին կժխտի Հայոց ցեղասպանությունը, նա սրամտորեն հայտարարեց, որ չի վերադառնա Շվեցարիա, քանի որ շվեցարական բանկերում փող չունի։ Նախարարի ցանկության նման փոփոխության պատճառը իրականում իր ձերբակալման վախն է, եթե հանկարծ շվեցարացի դատախազը որոշում կայացնի, որ նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը չի պաշտպանում նրան ցեղասպանությունը ժխտելու հանցագործությունից։

Քաթարում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նախարար Բաղըշը դարձավ հանդիսատեսի ծաղրի առարկան, երբ հպարտությամբ հայտարարեց, որ «Եվրոպան» թուրքերեն բառ է։ Քաթարում հույն դեսպանը պատասխանեց. «Բոլորը գիտեն, որ ըստ հունական դիցաբանության Եվրոպան եղել է Զևսի սիրուհիներից մեկը»։  

«Գերմանիան հայերի հզոր դաշնակիցն է եղել 1915 թվականին, ուստի գերմանացիները պետք է բացեն իրենց արխիվները և տրամադրեն փաստաթղթերը պատմաբաններին ուսումնասիրության համար»,- ըստ «Hurriyet» թերթի` ասել է Բաղըշը ԵՄ Ընդլայնման  հարցերով  հանձնակատար Շտեփան Ֆյուլին: Բաղըշը երկու սխալ է թույլ տվել մեկ նախադասության մեջ: Գերմանիան ոչ թե հայերի, այլ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, իսկ գերմանական արխիվներն բաց են արդեն երկար տարիներ ի վեր:

«Չկա որևէ ուժ, որ կարող է ձերբակալել թուրք նախարարին»,- պարծենալով ասել է Բաղըշը լրագրողներին: 

Բաղըշը շարունակում է կրկնել այն ստահոդ տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը «քաջություն չի ունեցել պատասխանելու վարչապետ Էրդողանի նամակին, որով պահանջում էր Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով ձևավորել պատմաբանների հանձնաժողով»: Իրականում, նախագահ Քոչարյանը պատասխանել է` առաջարկելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծել կառավարությունների մակարդակով: Թուրքիայի վարչապետն էր, որ չպատասխանեց Հայաստանի նախագահին:

Մինչ նախարար Բաղըշն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, Թուրքիայի մնացած բնակչությունը չունի նման արտոնություն։ Լավ կլիներ, որ անձեռնմխելիություն շնորհվեր բոլոր 72 միլիոն թուրքերին, որը կպաշտպաներ նրանց հետապնդումից` «Հայոց ցեղասպանություն» բառերը Թուրքիայում արտասանելու դեպքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]