Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լայնածավալ փոփոխությունները Հարավային Կովկասի անվտանգության համար ստեղծում են նոր պրոբլեմներ. Հայկ Քոթանջյան

Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լայնածավալ փոփոխությունները 
Հարավային Կովկասի անվտանգության համար ստեղծում են նոր պրոբլեմներ.  
Հայկ Քոթանջյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը զեկուցում է ներկայացրել «Հարավային Կովկաս' նոր մարտահրավերներ» թեմայով սեմինարին: Այն կազմակերպվել է Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների հայկական ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ից, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հետազոտվող դինամիկայի արտաքին անվտանգային համատեքստի առանձնահատկությունների մասին զեկույցում նշվում է, որ Մեծ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական համակարգում թափ առնող լայնածավալ փոփոխությունները Հարավային Կովկասի անվտանգության համար ստեղծում են նոր պրոբլեմներ, որոնք հղի են գոյություն ունեցող ներտարածաշրջանային սպառնալիքների վտանգավոր սրմամբ: Համաշխարհային զարգացումների վրա ներգործող համընդհանուր կենտրոնի' դեպի Արևելք տեղաշարժման պայմաններում Մերձավոր Արևելքի աշխարհառազմավարական համակարգի ուրվապատկերի հնարավոր վերաձևումը, ռեզոնանսի մեջ մտնելով Մերձավոր Արևելքում հիմնական դերակատարների հարաբերություններում աճող ճգնաժամի հետ, արտացոլվում է Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի սպառնալից փոփոխությունների դինամիկայում:

«Արաբական գարնան» դժվար կանխատեսելի զարգացումը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային լարվածության աճումը, իսլամական աշխարհի նկատմամբ Թուրքիայի «նորօսմանականության» արտաքին քաղաքականության կերպափոխումը, Կենտրոնական Ասիայում անվտանգային դինամիկայի զարգացման հեռանկարների բարդացումը' կապված Աֆղանստանից դաշնադրային զորքերի նախատեսվող դուրսբերման հետ, ինչպես նաև Եվրոպական Միության աշխարհառազմավարական տարածքում համակարգային ճգնաժամի խորացումը այն հիմնական արտաքին գործոններն են, որոնք ազդում են Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի փոփոխությունների դինամիկայի վրա:

Հարավային Կովկասում անվտանգության պահպանման գործում որոշակի դեր է կատարում միջազգային անվտանգության համակարգում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ չափումներով ներգրավվածության դինամիկան: Այստեղ որպես դրական գործոն պետք է նշել հարևանների համեմատությամբ Հայաստանի ավելի մեծ հավասարակշռվածությունը, որը նա ցուցաբերում է իր անվտանգային կողմնորոշումների բազմազանության պահպանման և ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, այլ համաշխարհային ուժային կենտրոնների, այդ թվում' Չինաստանի և Հնդկաստանի, ինչպես նաև Եվրոպայի ու Մեծ Մերձավոր Արևելքի երկրների հետ անվտանգային համագործակցության զարգացման ասպարեզում: Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Հարավային Կովկասում անվտանգության դինամիկայի վրա ազդում է հենց հարավկովկասյան պետությունների միջև ձևավորված այն հարաբերությունների բարդ համակարգը, որոնք արտացոլում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նկատմամբ նրանց չհամընկնող անվտանգային շահերը:

Ռազմավարական հետազոտությունների մեծ թվով կենտրոններ նշում են Մերձավոր Արևելքում ավերիչ տարածաշրջանային պատերազմի բռնկման հավանականության աճումը, մի պատերազմի, որի ուղեծրում անխուսափելիորեն կհայտնվի նաև Հարավային Կովկասը: Տարածաշրջանային իրադրության նման աղետալի զարգացման դեպքում Հայաստանի ազգային անվտանգության համար հիմնական սպառնալիք եղել և մնում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան: Սկսած Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև զինադադարի կնքումից ու պատերազմի դադարումից' Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հօգուտ խաղաղ կարգավորման' ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Հարկ է նշել, որ Մինսկի խմբի համանախագահների' ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների հետ համաձայնեցմամբ 2012 թ. հունվարի 23-ին Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը, որում արձանագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքների համաձայնեցման գործում որոշ առաջընթաց. այն է' երկու կողմերը պատրաստակամություն հայտնեցին արագացնելու համաձայնության ձեռքբերումը' «մինչ այդ կատարված աշխատանքի հաշվառմամբ»:

Դրա հետ մեկտեղ, հայտնի է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի ստանում այն պատճառով, որ Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավունքը: Այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի' ընդհուպ մինչև անկախացում ազատ ինքնորոշվելու անկապտելի իրավունքը և դրա օրինական իրացման իրավաբանական փաստը, նրանց կողմից միջազգային իրավունքի մեկնաբանության տեղական էկզոտիկ տարբերակ է: Ղարաբաղյան հակամարտության զինված փուլի պատճառն էլ հենց այն էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը փորձում էր ոչնչացնել օրինական ճանապարհով ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' նրա դեմ սանձազերծելով պատերազմ' հղի Եղեռնի աղետի կրկնման սպառնալիքով. նման ցեղասպանություն էին հիշեցնում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում 1989–1990 թթ. կազմակերպված և խաղաղ բնակչության զանգվածային սպանություններով ուղեկցվող դաժան հակահայկական ջարդերը: Այսպիսով' ինչպես և Պաղեստինա-իսրայելական հակամարտության դեպքում, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ևս պետք է դրվի հակամարտ կողմերի' Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխադարձ ճանաչման անհրաժեշտությունը[3]: Այս առումով հայ և հրեա ժողովուրդների ազգային անվտանգության երաշխիքների ապահովման հիմքում ընկած «Երբեք կրկին» հայեցակարգը արդիական է, քան երբևէ:

Օրինականորեն կազմավորված պետությունների' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Իսրայելի Պետության ճանաչումից հրաժարումը այն հիմնական խոչընդոտներն է, որը առկա է Ղարաբաղյան և Պաղեստինա-իսրայելական հակամարտությունների խաղաղ կարգավորման ճանապարհին: Ընդսմին հարկ է շեշտել, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին որոշ պետությունների կողմից տվյալ հրաժարումը բարդանում է աշխարհի որոշ ժողովուրդների և առաջին հերթին' հայ և հրեա ժողովուրդների դեմ իրագործված ցեղասպանությունների փաստերի չճանաչվածության խոր զգայական, բարոյական, քաղաքական լիցքավորվածության հետևանքով, ժողովուրդներ, որոնք իրենց անկախ պետականությունը վերականգնեցին, որպեսզի երաշխավորված կերպով բացառվի Ցեղասպանության և Ողջակիզման կրկնությունը, ինչպես նաև այդ աղետներից դասեր քաղելու համար:

Հարավային Կովկասի անվտանգային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան միջնաժամկետ հեռանկարով գնահատելիս անհրաժեշտ է Ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցության ինտենսիվության մակարդակը պայմանավորող յուրահատուկ արտաքին գործոնների շարքում նշել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրներում մոտալուտ նախագահական ընտրությունները: Տարածաշրջանում տեղի ունեցող անվտանգային գործընթացների դինամիկայի մյուս առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է գնահատել Հարավային Կովկասում ու շրջակա տարածաշրջանում խաղաղության և պատերազմի հեռանկարների հակադարձ ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում' Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, նախագահական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքի վրա:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԱՌՈՒՄԸ

Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի զարգացման դինամիկայի ներքին չափումն զգալի կերպով պայմանավորված է տարածաշրջանի երկրների քաղաքական, իրավական, տնտեսական ու սոցիալական զարգացման որոշակի անհամաչափությամբ, ինչպես նաև միջազգային հանրության կողմից չվերահսկվող սպառազինությունների մրցավազքով, որը սանձազերծված է չլուծված տարածաշրջանային հակամարտությունների առկայության պարագայում:

Եվ, վերջապես, միջնաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում ազգային և տարածաշրջանային անվտանգության դինամիկան կանխորոշող բացառիկ կարևոր ներքին գործոն է առաջիկա տարիներին Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում ժողովրդավարական և արդար խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃՄԱՆ ԴԺՎԱՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի ազգային անվտանգության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար էական սպառնալիք է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճումը: Ելնելով իր անվտանգության շահերից' Հայաստանը մշակել է մի դիրքորոշում, ըստ որի' հարգում է միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով օգտագործելու Թեհրանի օրինական իրավունքը: Միևնույն ժամանակ, Հայաստանը կարևորում է ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի ծավալուն համագործակցությունը' Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր պահանջների կատարմամբ[6]: Պաշտոնական Երևանը հանդես է գալիս հօգուտ իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորման' «երկխոսության, բանակցությունների և համաձայնության» միջոցով:

Ներկա պահին Սիրիայի և Իրանի հետ հակամարտության խորացման գնահատումներին վերաբերող հրապարակումներում գերակշռում են համաչափ պատերազմների սանձազերծման հեռանկարի մասին դատողությունները, որոնք ուղեկցվում են հնարավոր ռազմական գործողությունների մերձավորարևելյան թատերաբեմում կուտակվող ինքնաթիռների, ուղղաթիռների, տանկերի, ավիակիրների ու ֆրեգատների թվի հաշվարկումներով:

Այստեղ մենք նպատակահարմար ենք համարում ուշադրություն դարձնել այն գործոնների վրա, որոնք արտացոլում են ոչ միայն բաց համաչափ, այլև ծածուկ անհամաչափ պատերազմների վարման համար հատուկ ռեսուրսների հնարավոր հակաամերիկյան մոբիլիզացման հետ կապված գործընթացների դինամիկայի առանձնահատկությունները: Անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ տվյալ անվտանգային բախումները տեղի են ունենում և մոտ ապագայում տեղի կունենան արաբական աշխարհի ճանաչված առաջնորդի' Եգիպտոսի աջակցությունից զրկվելու պայմաններում: Մերձավորարևելյան պրոբլեմների կարգավորման ժամանակ Ամերիկային ներկայումս հարկ է լինում հաշվի նստել Սաուդյան Արաբիայի հետ, որը մի շարք հայտնի պատճառներով ի վիճակի չէ լիարժեք կերպով զբաղեցնելու արաբական աշխարհի ամերիկամետ առաջնորդի թափուր մնացած տեղը:

1. Խոսքը վերաբերում է ոչ միայն ու ոչ այնքան ԱՄՆ-ի և Իրանի միջև համաչափ բաց պատերազմի հետևանքների սթափ կանխատեսմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԻԻՀ-ում առկա են անհամաչափ ծածուկ պատերազմի վարման մանրակրկիտ կերպով մշակված հայեցակարգ և գործիքարան, որոնք հնարավորություն են տալիս այդ պատերազմը վարելու ինչպես իրանական հատուկ ստորաբաժանումների ուժերով, այնպես էլ Աֆղանստանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և այլ իսլամական երկրներում, ինչպես նաև Մեծ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս գտնվող գործընկերների հզոր ցանցի ներգրավմամբ:

Մեր ինստիտուտի մենագրական հետազոտությունը, որը մշակվել է համապատասխան մասնագետների համագործակցությամբ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԻԻՀ-ի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի կազմում կան 40 հազար գործակալներ, որոնք պատրաստված են անհամաչափ պատերազմի մեթոդներով ինչպես Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հատուկ գործողություններ վարելու համար: Խոսքն այն մարտիկների մասին է, որոնք նպատակաուղղված կերպով գնում են մահվան հանուն հավատի, որպեսզի մարտիրոսանան ու դառնան սուրբ շահիդներ: ԻԻՀ-ի դեմ դաշնադրային պատերազմի դեպքում ԱՄՆ-ի և այլ երկրների դեմ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ծածուկ անհամաչափ պատերազմի սանձազերծման հետևանքով անընդունելի կորուստների մասշտաբները կարող են գերազանցել բաց համաչափ պատերազմների ստանդարտներով կատարված հաշվարկները:

Այդ սպառնալիքը կարող է ուժգնանալ արդեն իրանամետ Սիրիայի ալավիական ղեկավարության դեմ պատերազմի սանձազերծման փուլում, եթե թերագնահատվի Թուրքիայի իշխանությունների և այդ երկրի ամենամեծ փոքրամասնության' մոտավոր գնահատումներով ավելի քան 20 մլն ալավիների միջև բազմադարյան թաքնված հակամարտության ներուժի սիրիամետ-իրանամետ մոբիլիզացման հրահրման հնարավորությունը: Ալավիական հանրույթի' որպես ոչ միայն Թուրքիայում, այլև Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում կայունության խախտման գործոնի տրիգերային գործարկման վտանգը հաշվի առնելու նպատակահարմարության վկայությունն են ի հայտ եկած ազդանշանները: Օրինակ' 2012 թ. հունվարին Թուրքիայի ալավիների Երկրորդ մեծ կոնգրեսում հնչեցին դժգոհություններ նոր Սահմանադրության նախագծից, որն առաջ էր քաշել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Իսկ Թուրքիայի ալավիների և սուննիների միջև բախման վերաբերյալ Ալավիների մեծ կոնգրեսը հայտնեց իր լուրջ անհանգստությունը[7]: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թուրքական ալավիների հնարավոր մոբիլիզացման այդ նշանները ի հայտ եկան Թուրքիայի տարածքում սիրիական ընդդիմության բանակի շտաբային կառույցների գտնվելու մասին հրապարակումների ֆոնի վրա:

2. Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի բռնկման դեպքում ԱՄՆ-ին սպառնացող անհամաչափ սպառնալիքների թվում մեր հետազոտությունները նշում են նաև Իրաքի շիա բնակչության իրանամետ համախմբումը: Իրաքյան Քրդստանի անկախության հռչակման հասունացող նախանշանները' իրականացվելու դեպքում, կարող են Իրաքը վերածել ավելի քան ութսուն տոկոս շիա բնակչությամբ իրանամետ պետության: Իրաքում դաշնադրային ուժերի տեղակայումից հետո նրա ներկայացուցչական իշխանություններում և ուժային կառույցներում շիական քաղաքական ու զինվորական ընտրախավերի ներկայացվածության տասնամյա փորձի հաշվառմամբ այդ գործոնը կարող է կերպափոխվել համախմբված հակաամերիկյան ուժի, որը պատրաստ է վարելու Իրանին և նրա դաշնակիցներին աջակցմանն ուղղված ինչպես բաց համաչափ, այնպես էլ ծածուկ անհամաչափ պատերազմ[8]:

Տարածաշրջանային պատերազմին իրաքյան գործոնի միակցումը կարող է ողբերգական ազդեցություն ունենալ ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքի անվտանգության դինամիկայի վրա' ներառելով հարևան Հարավային Կովկասի տարածաշրջանը:

3. Մեծ ուշադրության է արժանի Աֆղանստանի հետ տարածաշրջանային համագործակցության մեջ Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների ներքաշման ԱՄՆ-ի ծրագիրը: Դրա հետ մեկտեղ, մասնագետները ուշադրություն են դարձնում 2014 թ. զորքերի հայտարարված դուրսբերումից հետո աֆղանական հասարակության և շրջակա իսլամական տարածաշրջանի իսլամական արմատականցման վտանգի աճման վրա, մի տարածաշրջանի, որը ներառում է գաղտնի կերպով թալիբների շարժմանն աջակցող միջուկային Պակիստանը և Աֆղանստանից թմրակախվածության մեջ գտնվող Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը:

Միայն մակերեսային դիտարկման դեպքում կարող է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկայի գնահատման համար Աֆղանստանից դաշնադրային զորքերի նախատեսվող դուրսբերումը համարվել ոչ առաջնահերթ գործոն: Ուսումնասիրենք այդ ուղղությամբ տարածաշրջանային անվտանգության դինամիկայի որոշ առանձնահատկություններ: Անհրաժեշտ է նշել, որ 2001 թ. Աֆղանստանում պատերազմի սանձազերծումը, աֆղանական հասարակության և տարածաշրջանի տնտեսության ու քաղաքականության թմրակախումային կոռումպացվածության հետ մեկտեղ, հանգեցրեց աֆղանական հասարակությունում տեղի ունեցող գործընթացներում Իրանի ազդեցության դերի մեծացմանը: Խոսքը առաջին հերթին վերաբերում է ԻԻՀ-ի կողմից հարևան աֆղանական Խորասանի ու Հազարաջատի ավանդական վերահսկմանը:

Մասնագետները նշում են, որ Իրանն իր դեմ պատերազմ սկսելու դեպքում կարող է ԱՄՆ-ի և դաշնադրության պետությունների դեմ գործարկել նաև Աֆղանստանի իրանամետ մոբիլիզացված շուրջ 4 մլն հավատակից ֆարսիվանների, հազարացիների և ղզլբաշների: Աֆղանստանում եղած իրանամետ ռեսուրսի տվյալ անհամաչափ բաղադրիչը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի շահերի առաջմղման խաթարմանը ամբողջ Կենտրոնական Ասիայում, ուստի և' Հարավային Կովկասում, որն այնչափ կապված է ածխաջրածնային տարանցման անդրտարածաշրջանային նախագծերի հետ:

Վերջին շրջանում նկատվում են աֆղանական ուղղությամբ ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացման նոր միտումներ: ՀԱՊԿ-ում տիրապետում է այն կարծիքը, որ դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո այդ տարածաշրջանում տիրող իրադրությունն ավելի կսրվի[9], և Աֆղանստանը կարող է սպառնալիք դառնալ Կենտոնական Ասիայի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի համար: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ի Խորհրդի' 2011 թ. նոյեմբերի 17-ին Մոսկվայում կայացած նիստում համաձայնեցվեց Աֆղանստանից բխող հնարավոր մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների ծրագրի նախագիծը[10]:

Բավականին խոստումնալից է թվում Աֆղանստանից եկող սպառնալիքների դեմ պայքարի նպատակով Ռուսաստան-ԱՄՆ և ՆԱՏՕ-ՀԱՊԿ-ՇՀԿ սկիզբ առած երկխոսության խորացումը:

Նման երկխոսության կայացման գործում որոշակի դեր կարող է ունենալ Հայաստանը, որը Ռուսաստանի դաշնակիցն ու Միացյալ Նահանգների գործընկերն է, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամն ու ՆԱՏՕ-ի գործընկերը և ունի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացվող խաղաղարարական օպերացիաներին, ինչպես նաև Արագ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ) կազմում զորավարժություններին մասնակցության փորձ:

ԱՄՓՈՓՈՒՄ. «ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ» ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ցանկանում եմ առանձնակի ուշադրություն դարձնել Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վրա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության «վերագործարկման» գործոնի ազդեցության հույժ կարևորությանը: Հիմնվելով 2010 թ. Հարվարդի «Անվտանգություն. ԱՄՆ-Ռուսաստան» ռազմավարական համաժողովի վերականգնմանը իմ' որպես հրավիրված պրոֆեսորի մասնակցության վրա' պարտքս եմ համարում նշել ամերիկյան և ռուսաստանյան մասնագետների մեծ շահագրգռվածությունը ամերիկա-ռուսաստանյան ռազմավարական համագործակցության «վերագործարկման» համակարգային իրականացման գործում: Դրա գրավականն էր ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների միջև փոխըմբռնման բարենպաստ հողի հասունացումը:

Անհրաժեշտ եմ համարում ամերիկյան և ռուսաստանյան գործընկերներիս և անձամբ իմ անունից ափսոսանք հայտնել այն առիթով, որ ի հայտ են եկել ամերիկա-ռուսաստանյան ռազմավարական համագործակցության «վերագործարկման» արգելակման նշաններ: Դրա հետ մեկտեղ համոզված եմ, որ այդ «վերագործարկումն» ունի անժխտելի կենսական կարևորություն ու երկարաժամկետ հեռանկարներ' ի շահ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ամբողջ համաշխարհային հանրության, այդ թվում և Հարավային Կովկասի, անվտանգ, առաջընթաց ու կայուն զարգացման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]