Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

Օղակների արքա Ազարյանը բացահայտում է իր հաջողությունների գաղտնիքը


ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության աշխարհի քառակի (1954, 1958), Օլիմպիական խաղերի եռակի (Մելբուռն անհատական եւ թիմային`1956, Հռոմ` 1960), Խորհրդային Միության տասնմեկակի (1952-1962) չեմպիոն Ալբերտ Ազարյանը նշում է իր 83 ամյակը: Աշխարհում միչեւ այսօր էլ անգերազանցելի է «Ազարյանական խաչ»-ը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարմնամարզության մեծ վարպետը խոսեց իր մարզական ուղու մասին:

-Պարոն Ազարյան, հայտնի է, որ պետք է մարզվել վաղ հասակից: Դուք մարմնամարզությամբ սկսել եք զբաղվել 16 տարեկանից: Ո՞րն էր հաղթանակների հասնելու ձեր գաղտնիքը:

-Գաղտնիք չկա: Այն ժամանակ Կիրովականում (այժմ Վանաձոր) մի մարզադահլիճ կար, որտեղ բոլոր մարզաձեւերով պարապում էին եւ ծանրորդները, եւ բռնցքամարտիկնեը, զուգափայտեր էլ կային: Բոլոր մարզաձեւերով պարապել եմ: Բայց այն ժամանակ մարզվում էինք միջթաղային կռիվների ընթացքում: Մեր ժամանակ դա բոլոր չեմպիոնատներից բարձր էր: Այդ տարիներին Խորհրդային Միությունում մարզական միջոցառումներ էին կազմակերպվում: Չեխոսլովակիայում մարզական մրցույթներին  ԽՍՀՄ հանրապետություններից մոտ հարյուրական մարզիկներ պետք է մասնակցեին, ովքեր պետք է լինեին աթլետիկ կազմվածքով, բարձրահասակ: Վանաձորից ընտրված մարզիկների մեջ էի նաեւ ես:

Գնացինք Մոսկվա, որտեղ «քննություն» պիտի հանձնեինք: Շատերը չկարողացան, ես էլ էի նրանց շարքում: Տղաներից մեկը խորհուրդ տվեց գնալ Սվիրիդովի մոտ` կազմվածքս ցույց տալու համար. նա համոզված էր, որ ինձ անպայման կվերցնեն: Այդպես էլ եղավ: Դրոշակակիր էի: Այնտեղ տեսա մարմնամարզիկների, ովքեր տարբեր վարժություններ էին կատարում: Դա եղավ ինձ համար ճակատագրական:

Վանաձոր վերադառնալուց հետո սկսեցի մարմնամարզությամբ զբաղվել: Եկա Երեւան, ընդունվեցի ֆիզկուլտուրայի տեխնիկում: Ֆիզիկապես ուժեղ լինելով եւ լավ մարզվելով` կարճ ժամանակ անց արդյունքների հասա:

-Եթե մարմնամարզությամբ չզբաղվեիք, ապա ուրիշ ինչ մարզաձեւ կընտրեիք:

- Ես բոլոր մարզաձեւերն էլ սիրում եմ: Հիմա ինձ մոտ մարզվողներին ասում եմ, որ հինգ տարեկանից պետք է երեխան մարմնամարզությամբ զբաղվի, մկանները մարզի, հետո թող գնա սիրած սպորտաձեւով մարզվելու: Նպատակս առողջ սերունդ դաստիարակելն է: Երեւանում հիմա գործում են Հրանտ Շահինյանի եւ Ալբերտ Ազարյանի մարմնամարզության դպրոցները: 

-Կա տարբերություն Ձեր ժամանակների եւ այսօրվա մարմնամարզություն մարզաձեւի մեջ:

- Իհարկե, տարբերությունը շատ մեծ է, հիմա մարզվելու եւ ցուցադրելու բազմապիսի միջոցներ կան:

-Բայց Ազարյանական խաչին «բարձրացող» չկա:

-Այո, դրա համար ֆիզիկական մեծ ուժ է պետք: Ես ժամանակին դարբնի աշակերտ եմ եղել: Հիմա, երբ ինձ հարցնում են, թե այդ թեք խաչերը ինչպես անենք, ասում եմ գնացեք նախ դարբնի աշակերտ եղեք:

-Պարոն Ազարյան, ասացեք խնդրեմ, այսօր քանի սան ունի Ձեր դպրոցը եւ որոնք են նրանց վերջին նվաճումները:

- Մեր դպրոցում մարզվում են մոտ 380 երեխաներ:Այսoր նվաճումների մասին չեմ կարող խոսել, քանի որ մեզ մոտ չկան այն հնարավորությունները, որոնք պետք են ցանկալի արդյունքի հասնելու համար: Ունենք շատ լավ երեխաներ, բայց նրանց չենք կարողանում ուղարկել մրջազգային մրցումների, որովհետեւ մեծ գումարների հետ է կապված: Միջազգային մրցումները ես համարում են միջազգային պարապմունքներ, որովհետեւ այնտեղ երեխան ոչ միայն պարտքի զգացումով է ելույթ ունենում, այլ նաեւ շատ բան է սովորում: 

Ատլանտա-96»-ից հետո, Ձեր սանը` Արթուր Դավթյանը, երկրորդն է, ով կմասնակցի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին: Դուք որքանով եք վստահ նրա ուժերին:

- Արթուրն այնպիսի մարզիկ է, ում ուժերին ես հավատում եմ: Նա Եվրոպայի չեմպիոն դարձավ թռիչքացատկից: Արթուրն ամեն ինչ ունի, լավ մարզված է, դեմքին նայելով անգամ վստահ կարող ես ասել, որ նա բացթողում կամ վրիպում չի անի: Սպասենք նրա հաղթական վերադարձին:

-Մարմնամարզությունը Ձեր ընտանիքում ժառանգաբար է: Ձեր որդին եւս Օլիմպիական չեմպիոն է: Կարող է թոռնիկն էլ շարունակի Ձեր «գործ»-ը:

- Յոթ թոռ ունեմ: Թոռնիկներս չգնացին հոր կամ պապի ճամապարհով: Նրանք ինձ մոտ պարապել են միայն առողջության համար, հետո մեկը գնաց ըմբշամարտի, մյուսը բռնցքամարտի եւ այլն:

Իմ չորս երեխաներից միայն Էդվարդը դարձավ մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն: Սպորտային ընտանիք ենք. կինս էլ «ազատ վարժության» Հայաստանի չեմպիոն է եղել:

Բայց այսօր հպարտանալու մի փաստ պիտի ասեմ. օլիմպիական խաղերի պատմության մեջ չկա մի երկիր, ընտանիք, որ մարմնամարզության երկու օլիմպիական չեմպիոն ունենա: Հայաստանն ունի:

- Ինչպես կանցկացնի իր ծննդան տոնը «օղակների արքան»:

- Գիտեք, ես 38 տարեկան եմ դառնում (ծիծաղում է): Միշտ իմ կոլեկտիվի հետ եմ լինում, տոնական մասն իրենք են նախաձեռնում: Իհարկե տանն էլ բարեկամներ, հարազատներ եւ ընկերներ են գալիս, սակայն ինձ համար մեծ պարգեւ է սաներիս այցելությունը:

-Շնորհակալություն:

Ընդունեք նաեւ մեր գործակալության շնորհավորանքները: Ձեզ երկար-երկար տարիների կյանք,  օլիմպիական բազում սաներ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ