Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օպերայի եւ բալետի նկատմամբ հետաքրքրությունն աճել է

Օպերայի եւ բալետի նկատմամբ հետաքրքրությունն աճել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաճախ կարելի է լսել այն կարծիքը, թե իբր էլիտար արվեստների շարքին դասվող օպերայի եւ բալետի դարաշրջանն արդեն անցել է, եւ դրանք այլեւս աճող սերունդներին  չեն հետաքրքրում: Թե ինչպիսին է իրական պատկերն այս ասպարեզում, «Արմենպրես»-ը փորձեց ճշտել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից:    

 -Պարոն Հովհաննիսյան, օպերային եւ բալետային արվեստների նկատմամբ ինչպիսի՞ հետաքրքություն կա այսօր:

Յուրաքանչյուր դարաշրջան ունի իրեն հատուկ ընդունված, հաստատուն, ժողովրդի կողմից սիրված արվեստի ձեւերը: Եվ վերջին քսան տարիների ընթացքում հայ ժողովուրդը գնացել է դեպի հեշտ ընկալվող արվեստները: Իհարկե դրանց դժվար է արվեստ անունը տալը, ես նախընտրում եմ ասել հեշտ ընակլվող ձեւերին, որը հասել է անգամ ռեստորանային երաժշտությանը նախապատվություն տալը: Բայց, փառք Աստծո, իրավիճակը վերահսկելի է, քանի որ արդեն 2006 թ-ից հետո կա մեծ տարբերություն: Նույնիսկ այն պատճառով, որ այդ ժամանակաշրջանից սկսած շատ երիտասարդներ են սկսել այցելել թատրոն, որը խոսում է շատ բանի մասին:

 -Կա օպերային թատրոն այցելող կոնկրետ զանգված: Ովքե՞ր են այսօր հիմնականում այցելում թատրոն:

Մենք ունենք թատրոն հաճախող հստակ զանգված, բայց երբ գալիս են երիտասարդները, առավել հաճելի է եւ տրամադրում է մեզ առավել լավ աշխատելուն:

Վերջին տարիներին բացի օպերային եւ բալետային ներկայացումներ տալուց, մենք ուրիշ ձեւերի էլ սկսեցինք դիմել` ժողովրդին թատրոն բերելու համար: Մեր երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ ունեցանք մի քանի համերգներ, ինչպես նաեւ բալետի գալա երեկո, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին հանդիսատեսի մոտ: Սա արդեն ապացուցում է, որ այդ արվեստների նկատմամբ ուշադրությունն աճել է:

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ եք կարծում օպերային եւ բալետային արվեստները հավասարաչափ են զարգանում:

Հետաքրքրության աճ նկատվում է արվեստի երկու ճյուղերում էլ: Իհարկե կշեռքի նժարին չենք դրել, բայց այն, որ երկու կողմից էլ կա հետաքրքրության ավելացում, դա պարզ է:

-Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել երիտասարդներին եւ դպրոցահասակ երեխաներին առավել ինտենսիվ կերպով թատրոն բերելու համար:

Մեր թատրոնում ամեն մի ներկայացման ժամանակ երեսունից քառասուն դպրոցականների ենք հրավիրում` ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից: Համագործակցում ենք նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ, ինչի արդյունքում մի շարք դպրոցականներ են գալիս ներկայացումներ դիտելու: Սպասված հյուրեր են նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Մանկավարժական համալսարանի, Կոնսերվատորիայի եւ Պարարվեստի ուսումնարանի սաները: Երիտասարդներին ինտեգրման աշխատանքները բնական հունով գնում են:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսում  ժամանակակից հայ հանդիսատեսի կրթվածության հետ կապված:

Թատրոն այցելող մշտական հանդիսատեսի հետ կապված խնդիրներ չկան: Խնդիրները նոր աճող սերնդի դաստիարակության հետ է կապված: Ես նկատի ունեմ գեղագիտական դաստիարակությունը, որի հետ կապված մի շարք խնդիրներ կան: Բայց դրանց լուծումն էլ է կապված ժամանակի հետ: Ես լավատես եմ այդ հարցում:

-Ո՞րն է մեր տեղը համաշխարհային մշակույթի համատեքստում: Ի՞նչ ունենք աշխարհին ցույց տալու:

Մենք մեր «Աիդա»-ով, «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներով մի անգամ չէ, որ ամբողջ աշխարհին ապացուցել ենք մեր գոյության եւ լինելիության իրավունքը: Սակայն չպետք է անտեսել այն հանգամանքը, որ այս ասպարեզում շատ կորուստներ ենք ունեցել եւ առայժմ  համեմատվել ուրիշ երկրների հետ չենք կարող: Դա պայմանավորված է մի շարք ֆինանսական դժվարություններով, ինչպես նաեւ ավանդույթների շարունակության հարցով, որը դեռ պետք է լուծվի: Առանձին դեպքերում մենք ոչ մի բանով չենք զիջում:

 -Ինչպիս՞ն է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նյութատեխնիկական բազան:

Այս հարցում էլ մեր հիմնական թշնամին ֆինանսական դժվարություններն են: Ամեն ներկայացման համար կարվում են ներկայացմանը համապատասխան նոր  հագուստներ, պատրաստվում են դեկորացիաներ: Խնդիրներ առաջանում են հետագայում, երբ մի քանի դերակատար է փոխվում եւ անհրաժեշտություն է առաջանում նորից նույն հագուստները կարել: Իսկ թատրոնի սարքավորումները բարվոք վիճակում չեն, սակայն իրավիճակը վստահաբար կլավանա:

 

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]