Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայում հայերի պահվածքն արաբագետը «բաշարականներից ավելի բաշարական» է որակում


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ համայքի ճակատագիրն արաբական երկրներում մեծապես կախված է իրադարձությունների հետագա ընթացքից: «Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետ, պ.գ.թ. Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Սիրիայում կատարվող դեպքերին, նշեց, որ նախագահ Բաշար Ալ Ասադի վարչակարգի հնարավոր անկման պարագայում քրիստոնյա, այդ թվում նաև հայ համայքին կարող է լուրջ վտանգ սպառնալ՝ դատելով որոշ իսլամիստական կազմակերպությունենրի կարգախոսներից: Նրանք հայտարարել էին` ալավիներին (իշխող կրոնական փոքրամասնությանը)` մահ, քրիստոնյաներին՝ Բեյրութ:

«Հայերն, ինչպես միշտ, փորձեցին Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և «բաշարականներից ավելի բաշարական» ու նետվեցին պրոիշխանական հանրահավաքների և միջոցառումների առաջին շարքերը, ինչը, հնարավոր է, իր բացասական հետքը թողնի ապագայում ընդդիմադիր կազմակերպությունների հետ հարաբերություններում»,- ասաց Հարությունյանը:

Նա մտահոգիչ համարեց նաեւ Սիրիայում հայ համայքի հնարավոր նոսրացման և դերակատարության նվազեցման առնչությամբ, քանի որ ավանդաբար այս համայքը մեծ նշանակություն է ունեցել թե՛ Սիրիայի հասարակական-քաղաքական գործընթացներում, թե՛ հայ-սիրիական հարաբերություններում:

Անդրադառնալով Եգիպտոսում հեղափոխությունից մեկ տարի անց տեղի ունեցող հուզումներին՝ Հարությունյանը դրանք համարեց բնական երևույթ հետհեղափոխական անցումային շրջանում գտնվող երկրի համար, ուր տեղի են ունեցել շատ լուրջ փոփոխություններ: Հեղափոխությունից հետո, սակայն, մի քանի հիմնական խնդիրներ են մնացել, որոնցից է, մասնավորապես, պետական համարգում նախկին իշխանական համակարգի ներկայացուցիչների առկայությունը, ինչից ամբողջովին հրաժարվելը կնշանակեր պետական համակարգի փլուզում և ինչը Եգիպտոսն այս փուլում իրեն թույլ տալ չի կարող, թեև՝ հասարակությունը դա է պահանջում:

Բացի դրանից, հրապարակի պահանջներից մեկը բանակի դերի նվազեցումն է: «Անցած տարի Մուբարաքի հեռանալուց հետո ես կարծիք էի հայտնել, որ Մուբարաքը իրենից հետո մի մեծ ական է թողել՝ իշխանությունը թողնելով զինվորականությանը, ինչը մեծ վտանգ կարող էր ներկայացնել, քանի որ զինվորականությունը տասնամյակներ շարունակ մեծ դերակատարություն է ունեցել Եգիպտոսում։ Եվ բնական է, որ չպետք է ցանկանար, որպեսզի իր շահերը վտանգվեն։ Այժմ այդ կանխատեսումները հաստատվում են»,- ասաց Հարությունյանը:

Նա միաժամանակ նշեց, որ միջկրոնական բախումների հաճախականությունը գրեթե չի ավելացել Մուբարաքի կառավարման ժամանակներից, և իսլամիստների իշխանության գալն այս պահին չի վտանգում քրիստոնյաներին, այդ թվում նաև` հայերին: Իսլամիստական կարգախոսները բավական քչացել են, ինչը վկայում է` իսլամիստներն իրենք էլ հասկանում են, որ իրենց ծայրահեղական կարգախոսներով չեն կարող երկար մնալ իշխանության: Ուստի հայ փոքրաթիվ համայքին մեծ փոփոխություններ չեն սպասվում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]