Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում` Սանկտ Պետերբուրգում


ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ,  30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հունվարի 28-ին հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: Քաղաքի Նևսկու պողոտայի վրա գտնվող հայ առաքելական Սուրբ Կատերինա Եկեղեցում եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սարգիս  քահանա Չոփուրյանի  հանդիսապետությամբ մատուցվել է սուրբ օրհնության կարգ: Ապա Տեր Սարգիսը օրհնեց և բարե-մախթանքներ ցանկացավ Հայրենիքի պաշտպաններին,նրանց կոչ արեց հավատարմորեն  ծառայել երկրին, միշտ  պատրաստ լինել ապահովելու նրա անվտանգությունը: Արարողությանը ներկա  էին Սանկտ Պետերբուրգում  ՀՀ  գլխավոր  հյուպատոս Վարդան Հակոբյանը, տեղի հայ համայնքի ղեկավարությունը, Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիաներում սովորող հայ  սպաններն ու կուրսանտները:

Նույն օրը երեկոյան համայնքի ղեկավարությունը կազմակերպել էր ընդունելություն: Հայոց բանակի հոբելյանի օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորել է   գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը` նշելով, որ հայկական բանակը ծնվել է շատ ծանր պայմաններում, որով այսօր հպարտանում է յուրաքանչյուր հայ:  Կառավարությունը  մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում զինված ուժերի մարտունակության խնդիրները, բանակը բազմակողմանի զարգացած կադրերով ապահովելու հարցերը, և այդ տեսակետից ՌԴ-ում ձեռք բերած  գիտելիքները նոր լիցք կհաղորդեն մեր բանակին: Ընդունելությանն ընթերցվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագիրը` Սանկտ Պետերբուրգի ռազմական բուհերում սովորող մի խումբ սպաների ՀՀ ՊՆ տարբեր աստիճանի և հոբելյանական մեդալներով պարգևատրելու մասին: Մեկ այլ հրամանագրով  հոբելյանական  մեդալներով  են պարգևատրվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր  հյուպատոս  Վարդան  Հակոբյանը  և Սանկտ- Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների  միջև կնքված միջպետական համաձայնագրի համաձայն` հայկական բանակի համար կադրեր են պատրաստում Սանկտ Պետերբուրգի ռազմա-հրետանային, կապի, թիկունքի և տրանսպորտի, Ռազմա-տիեզերական, Ռազմա-բժշկական և ռազմկան այլ բուհեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ