Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բանակի կենտրոնական մարզական ակումբը լուրջ հաջողություններ է գրանցել

Բանակի կենտրոնական մարզական ակումբը լուրջ հաջողություններ է 
գրանցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի մարզական ու մարտական ուղին իրար շաղկապված  եւ իրար լրացնող են: Նրանք, ովքեր բանակի սկզբնական շրջանում ոտքով տասնյակ կիլոմետրեր են անցել, մարաթոնյան վազորդի կամքն ունեն: Նրանք, ովքեր Շուշիի ժայռերը մագլցեցին առանց լեռնագնացության համար նախատեսված պարագաների, կարող են եւ Էվերեստը բարձրանալ: Նրանք, որ առանց հեռադիտակի եւ տեղազննության ոչնչացրին Խոջալուի եւ Աղդամի ռազմական որջերը` ամենահմուտ հրաձիգ մարզիկներն էին...Հայաստանի 20-ամյա բանակի այսօրվա մարզական վիճակը քսան հարցերի միջոցով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանը:  

 

-Պարոն Գրիգորյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ եւ մեզ բանակի ստեղծման 20-ամյա տարեդարձի առթիվ: Ցանկանք մեր բանակին բազում մարտական ու մարզական հաղթանակներ: Ասացեք խնդրեմ, եր՞բ է ստեղծվել Բանակի կենտրոնական մարզական ակումբը:

- 1993 թվականից սկսած եղել է սպորտային  վաշտ, իսկ 2001 թվականին վերանվանվել է ԲԿՄԱ:

 

-Քանի՞ մարզաձեւեր կան բանակում:

-Այսօր մեր բանակում մարզվում  են ավելի քան 15 մարզաձեւրով: Դրանք եւ նշանառության եւ ձեռնամարտի եւ զինվորի ընդհանուր ֆիզպատրաստության` առողջ եւ հաստատակամ մարզիկ-մարտիկի դաստիարակությանն են ուղղված:

 

-Քսանը երիտասա՞րդ տարիք է կայացած մարզական ակումբ ունենալու համար, առավել եւս երբ մեր բանակը ծնվել է մարտադաշտում:

-Միշտ չէ, որ տարիքն է խոսում կատարածի ու ձեռքբերումների մասին: Այսօր մենք ունենք աշխարհի ու Եվրոպայի տարբեր որակի ու գույնի մեդալներ:

 

-Խնդրում եմ թվերով մանրամասնել:

-Ասեմ, որ միայն 2011 թվականին մեր բանակի մարզական ակումբը տարբեր միջազգային մրցումներից Հայաստան է բերել չորս ոսկե, երեք արծաթե, հինգ բրոնզե մեդալներ:

 

-Ո՞ր մարզաձեւերից են թանկարժեք մեդալները:

-Ոսկե մեդալներ ունենք թեքվանդոյի աշխարհի առաջնությունից, հրաձգությունից, թեթեւ աթլետիկայից:

 

-Պարոն գնդապետ, ասում են` կարեւորը ոչ միայն մեդալի գույնն է:

-Այո, եթե մենք մեծ աշխարհի քարտեզի վրա այսքան փոքր մի պետություն, այդ մեծ աշխարհի առաջնությունում արծաթե կամ բրոնզե մեդալներ ենք շահում, ուրեմն մեզնից հետ ենք թողնում տարածքով մեծ պետությունների:

 

-Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում անցկացվում են  բանակային սպարտակիադաներ, ինչպիսի՞ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի ԶՈՒ մարզական ակումբը:

-2011 թվականի բանակային սպարտկիադան անցկացվեց Ռուսաստանի Դաշնությունում: Այդ մրցումներում մեր փոքր տրամաչափի զենքի հրաձիգները ու թեթեւ աթլետները արժանացան ոսկե մեդալների: Իսկ ինքնաձիգի հրաձգությունից շահեցինք արծաթե մեդալ:

 

 -Անցած տարվա ձյուդոյի աշխարհի առաջնության արդյունքերից գո՞հ եք:

 -Այո, Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությանը, որին մասնակցում էին 12 պետություւների թիմեր, մեր ձյուդոյիստները ընդամենը մեկ միավորի տարբերությամբ առաջին տեղը զիջեցին ՌԴ հավաքականին:

 

-Պարոն Գրիգորյան, ի՞նչ կասեք բանայակին ֆուտբոլիստների մասին:

-Մեր ֆուտբոլի թիմը առայժմ բավարարվում է հանրապետական մրցանակներով: Անցած տարի մենք մասնակցեցինք ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության եւ զբաղեցրինք 2-րդ տեղը: Դեռեւս այսքանն է:

 

-Դե ինչպես ասում են` Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել: Վերադառնանք մարզումներին: Ինչպե՞ս են համատեղվում բանակային զորավարժանքները եւ մարզումները

-Բոլոր զորամասներում  կան սպորտային դահլիճներ ու մարզահրապարակներ: Հրամանատարի թույլտվությամբ մարզիկ-զինվորները անհատական գրաֆիկով անցկացնում են իրենց մարզումները;

 

-Ինչպե՞ս է կազմվում թիմը:

-Նախ անցկացնում ենք միջզորամասային մրցումներ: Հինգ կոպուսներում նույն մարզաձեւերի հաղթողները ընդգրկվում են թիմում: Այնուհետեւ Սպորտի նախարարության հետ համատեղ ուսումնամարզական հավաքներից հետո կազմվում է մարզական ակումբի հավաքականը:

 

-Պարոն գնդապետ, մարզական ակումբում աղջիկներ կա՞ն:

-Այո, ունենք պայմանագրային զինծառայող աղջիկներ, ովքեր մեր մարզական ակումբի անդամներ են: Նրանք եւս մասնակցում են միջազգային մրցումների:

 

-Առջեւում նոր մարզական տարին է: Ինչպիսի՞ մրցումների ու առաջնությունների է պատրաստվում ակումբը:

-Այս տարի կան բազմաթիվ միջազգային մրցումներ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ, որոնց լրջորեն նախապատրաստվում ենք: Ղազախստանում անցկացվելու է ԱՊՀ բանակային սպարտակիադան: Բացի այդ, պատրաստվում ենք ամռանը անցկացվելիք ռազմանակ սպորտի միջազգային կազմակերպության մրցումներին: Տարբեր մարզաձեւերից անցկացվելիք այլ առաջնություների: Այս տարի Կազանում կանցկացվի կադետների սպարտակիադան: Մոնթե Մոլքոնյանի անվան ռազմական վարժարանի սովորողներն ու «Փոքր Մհեր» կրթօջախի սաները պատրաստվում են մասնակցելու այդ մրցումներին:

 

-Թվարկեք խնդրեմ  մի քանի ոսկե մեդալակիր զինվորների անուններ:

-Անդրանիկ Չափարյանը Եվրոպայի սամբոյի երիտասարդական առաջնության չեմպիոն է:  Գոռ Հարութունյանը ձյուդոյի Եվրոպայի, Լեւոն Սարգսյանը` քիքբոքսինգի աշխարհի  եւ Նարեկ Խաչատրյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունների ոսկե մեդալակիրներ են:

 

-Սպայական կազմում կա՞ն սպորտի վարպետներ կամ թեկնածուներ:

-Իհարկե, ես ինքս նախկին ԽՍՀՄ հրաձգության սպորտի վարպետ եմ: Արման Դավթյանը բասկետբոլի  եւ Նարեկ Չալիկյանը բռնցքամարտի  սպորտի վարպետության թեկնածուներ են: Ունենք նաեւ դասակի հրամանատարներ, ովքեր տարբեր մարզաձեւերի սպորտի վարպետներ եւ թեկնածուներ են:

 

-Ինչպիսի՞նն է շախմատային «մարզավիճակը» բանակում: 

-Այսօր զորամասերում անցկացվում են շախմատի, շաշկու եւ այլ «սեղանային»  մարզաձեւերի մրցումների, բայց գրոսմաստերական կարգավիճակ դեռ չունենք: 

 

-Բանակի տարեդարձին  նվիրված սպորտային միջոցառումներ անցկացնելու՞ եք:

-Այո, հունվարի 28-ին  Թբիլիսիում նախատեսված  բռնցքամարտի միջազգային մրցաշարին կմասնակցեն նաեւ մեր երկու մարզիկերը: Նրանք արդեն մեկնել են Վրաստան:

 

-Պարոն գնդապետ, մտադրություն կա՞ ԱՊՀ բանակային սպարտակիադա անցկացնել Հայաստանում:

-Նման առաջարկությամբ մենք հանդես ենք եկել: Ծաղկաձորում ունենք բոլոր պայմանները սպարտակիադա անցկացնելու: Այդ հարցերը որոշվում են ԱՊՀ շրջանակներում: Կարծում եմ, եթե ոչ 2013-ին, ապա հաջորդ տարի` 2014-ին կանցկացնենք մեզ մոտ: Հաղթանակների մասին կխոսենք հետո: Ավեկացնեմ նաեւ, որ ԲԿՄԱ-ի մարզիկներ տարբեր մարզաձեւերում այսօր ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում:

 

-Իսկ ազգային խաղերի մրցումներ անցկացվու՞մ են բանակում:

-Ազգային խաղերից կոխի մրցումներ ենք անցկացնում: Բայց ասեմ, որ մեր շատ սպաների ընտանիքներ մասնակցում են հանրապետական  ընտանեկան մրցումների, որտեղ պայքարում են տարբեր մարզաձեւերում հաղթելու համար:

 

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]