Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնում բոլոր ֆրանսիացիներին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալական նամակ է հղել բոլոր ֆրանսիացիներին և ֆրանսիացիներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի նամակում մասնավորապես նշվում է.«Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, ֆրանսահայերի համախմբված, համառ և հետևողական պայքարը, ինչպես նաև Ֆրանսիայի Նախագահի հաստատակամությունն ու վճռականությունը պսակվեց փայլուն հաղթանակով»:
Հրանուշ Հակոբյանը շեշտում է, որ Թուրքիայից եկող սպառնալիքները, վիրավորանքները չազդեցին Սենատի որոշման վրա: Իրավական և ժողովրդավարական պետության համար առաջնային մնացին մարդու իրավունքները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները այլևս չկրկնվելու պահանջը:
«Հայոց Ցեղասպանության մասին օրենքների, քաղաքական որոշումների ընդունումը լայնախոհ և առաջադեմ պետությունների և ժողովուրդների գործն է, ովքեր շահագրգռված են մարդկության անվտանգ ապագայով: Այսօր հարյուր հազարավոր հայեր, որոնք պատմական ճակատագիր և պատմական հիշողության կրողներ են, հպարտ են իրենց ֆրանսիական ծագմամբ և ֆրանսիական քաղաքացիությամբ: Համոզված եմ, որ ֆրանսիական պետության օրինակը վարակիչ կդառնա եվրոպական մյուս երկրների համար: Աշխարհը մի օր Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման միջոցով պիտի ասի իր վճռական խոսքը` «Այլևս` երբե՛ք»: Մենք հանձնառու ենք նախանձախնդրությամբ ուսումնասիրելու ֆրանսիական փորձը և այն տարածելու եվրոպական մյուս հայ համայնքներում»,- ասվում է նամակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում