Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գուրգեն Դալիբալթայանն Ալիեւին խորհուրդ է տալիս չմոռանալ ստացած դասը

Գուրգեն Դալիբալթայանն Ալիեւին խորհուրդ է տալիս չմոռանալ ստացած դասը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Քսանամյա հոբելյանին ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ղարաբաղյան պատերազմի տարիներին ՀՀ գլխավոր շտաբի պետ եւ ՀՀ Պաշտպանության նախարարի ներկայիս գլխավոր խորհրդական Գուրգեն Դալիբալթայանի հետ, ով կանգնած է Հայաստանի Հանարապետության Զինված ուժերի ձեւավորման ակունքներում:

 

-Պարոն Դալիբալթայան, Դուք եղել եք Հայոց բանակի ստեղծման առաջամարտիկներից մեկը: Քսան տարի անց, հետ նայելով, ինչպե՞ս եք գնահատում բանակի անցած ուղին:

-Ազգային բանակի ձեւավորումը մեծ նվաճում էր: Այն պետության ինքնուրույնության ցուցանիշերից է եւ եթե բանակը ուժեղ է, ապա պետությունը նույնպես ուժեղ է: Մեր դեպքում այն ստեղծվեց շատ ծանր պայմաններում եւ դրա հիմքերը դրվեցին դեռեւս այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը փլուզման եզրին էր: Երբ հակամարտությունը սկսեց սրվել, մեր տղաները ինքնակազմակերպվեցին եւ դա այն դեպքում, երբ միասնական ղեկավարություն չկար: Այդ ընթացքում իրականացվեցին Սումգայիթի եւ Բաքվի հայերի ջարդերը: Կամավորները նետվեցին առաջին գիծ` նպատակ ունենալով պաշտապանել ամեն մի հայկական բնակավայր, ամեն մի գյուղ ու քաղաք: Նման պայմաններում մեր առաջնահերթ խնդիրն էր միասնական ղեկավարման համակարգ ստեղծել:

 

- Ինչպե՞ս հնարավոր եղավ ստեղծել Անվտանգության խորհուրդը, ապա եւ ՀՀ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

-Ես աշխատում էի այդ ժամանակ Ռոստովում` Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի զորքերի ղեկավարի տեղակալ: Հասկանալով պահի կարեւորությունը` ժամանեցի Հայաստան` փորձելով գնահատել իրավիճակը ու կազմել այն քաղաքականությունը, որով պետք է իրականացվեր մեր հայրենակիցների պաշտպանությունը հիմնական թշնամուց` Ադրբեջանից: Իմ առաջարկով պատերազմի սկզբնական շրջանում ստեղծվեց Անվտանգության խորհուրդը: Սկզբում մենք դեռեւս չէինք կարող պաշտպանության նախարարություն ունենալ, քանի որ գտնվում էինք Խորհրդային Միության կազմում: Ես նշանակվեցի Գլխավոր շտաբի պետ: Հետագայում արդեն մենք մշակեցինք հստակ մարտավարություն, որով պետք է կազմավորեինք կանոնավոր բանակ: Ի ուրախություն մեզ, ստացվեց առանձին-առանձին գործող կամավորական խմբերին միավորել ու ենթարկել Գլխավոր շտաբին: Դրանից հետո հնարավորություն ստացանք սկսել մեր սեփական ակտիվ մարտական գործողությունների իրականացում, ինչպես օրինակ Գետաշենում, Կիրովաբադում: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, հայտարարվեց որ ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի առաջին նախարարն էլ դարձավ Վազգեն Սարգսյանը. ես զբաղեցրի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

 

-Որո՞նք են եղել ու մնում այս ընթացքում Հայաստանի Հանարապետության Զինված ուժերի հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները:

-Ինչպես արդեն նշեցի, մեր բանակը կազմավորվեց շատ յուրահատուկ պայմաններում. կարելի է ասել` պատերազմական գործողությունների թատերաբեմում: Նույնը մենք չենք կարող ասել Խորհրդային Միության մյուս պետությունների մասին, ովքեր այդ ընթացքում նույնպես անկախություն ձեռք բերեցին: Նվաճում էր այն, որ հենց սկզբից շատ հայեր, հասկանալով հայրենիքի առջեւ ծառացած պահը, ինքնակազմակերպվեցին ու նետվեցին ի պաշտպանություն հայկական բնակավայրերի: Արդեն Գլխավոր շտաբի ստեղծումից հետո հնարավոր եղավ իրականացնել միասնական ռազմական գործողություններ: Առաջին թերություներից մեկն այն էր, որ նախնական շրջանում, Ռուսաստանի տարբեր վայրերում ծառայող հայ զինվորականներ չարձագանքեցին ու Հայաստան չեկան: Մեզ համար շատ կարեւոր էր ունենալ փորձված զինվորականներ, չէ՞ որ մարտի դաշտում միայն անփորձ, սակայն հայրենասեր հայորդիներն էին, որոնց հարկավոր էր գրագետ զինվորական ղեկավարություն: Սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ, որ մենք իրականացնեինք բոլոր այն խնդիները, որոնք դրվել էին մեր առջեւ այդ շրջանում:

 

-Հասարակական բուռն քննարկումների առարկա են բանակում տեղի ունեցող միջադեպերը: Ըստ Ձեզ՝ ինչի հետևանք են դրանք, եւ ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել դրանք բացառելու համար:

-Հասարակությունը պետք է հասկանա, որ այժմ էլ պատերազմական դրություն է: Միաժամանակ այս ընթացքում զոհվող ամեն մի զինվոր մեծ ցավ է ոչ միայն զինվորների ծնողների, այլեւ մեզ համար: Պաշտպանության նախարարությունը շատ լավ է հասկանում ամեն մի զինվորի արժեքը: Բանակում կարգապահությունն ու համապատասխան առողջ մթնոլորտի ստեղծումը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուշադրության կենտրոնում եւ նա ջանք չի խնայում` բացառելու անցանկալի պատահարները: Իրենց մասնակցությունն այդ աշխատանքներում պետք է հասկանան նաեւ զինվորների ու նորակոչիկների ծնողները, ովքեր շատ հաճախ ավելի շատ բացասական ազդեցություն են ունենում դեպքերի ու գործերի քննության վրա:

 

-Անընդհատ նշվում է, որ Հայաստանի բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում: Դուք ինչպե՞ս կգնահատեք տարածաշրջանում ռազմական ուժերի հարաբերակցությունը: Ի՞նչ է անհրաժեշտ անել առկա առավելությունը ամրապնդելու համար:

- Հայտնի է, որ Հայոց Ազգային բանակը կազմի ու քանակի առումով զիջում է իր հարեւաններին, սակայն մենք ձեւավորել ենք ավելի մարտունակ ու որակյալ զինված ուժեր: Հարեւան պետությունները գերազանցում են բանակի ֆինանսավորման հարցում, այդ թվում եւ մեր հիմնական հակառակորդը` Ադրբեջանը, ու եթե մենք կարողանայինք ունենալ այդ նույն հնարավորությունների գոնե 10 տոկոսը, ապա կկարողանայինք տարածաշրջանում անպարտելի բանակ ստեղծել: Որակային առումով մենք մի քանի անգամ գերազանցում ենք շատերին: Մեր տասը զինվորականը հավասար է նրանց հարյուր հոգուն: Պատերազմի ժամանակ մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք ադրբեջանցիների անմարտունակությունը, որի մասին շատ էր խոսվում Հայրենական պատերազմի տարիներին: Նրանք շարունակում են այդպիսին մնալ ու ավելի շատ սիրում են սպառնալ ու հոխորտալ: Ցանկանում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահին խորհուրդ տալ չմոռանալ ստացած դասն ու ամեն մի ամբիոնից սպառնալիքներ չհնչեցնել, քանի որ մենք երբեք իրենցից չենք վախեցել ու չենք էլ պատրաստվում:  

 

-Բանակի 20 ամյակի կապակցությամբ ի՞նչ կմաղթեք հայ զինվորին եւ Հայոց բանակին:

-Զինվորականների գործն է հայրենիքի պաշտպանությունը ու ցանկանում եմ, որ բոլոր նոր զինվորականներն ու զինակոչիկներն այդ մասին չմոռանան: Մեր մարտիկները պետք է գնահատեն իրենց հայրենիքն ու սիրեն այն: Չպետք է մոռանալ պատմությունը, թե ինչպես է այս բանակը ստեղծվել, ում կողմից եւ որքան հայորդիներ են իրենց կյանքերը տվել այդ ամենի համար: Այժմ մենք լուրջ աշխատանք ենք տանում նոր սպայական կազմի ձեւավորման ու կրթման վրա, սակայն եւ ընդունում ենք, որ ծառայություն իրականացնող որոշ սպաներ չեն համապատասխանում իրենց կոչմանն ու համապատասխան գիտելիքների մակարդակը չեն բավարարում: Եթե մենք կարողանանք միասնաբար այդ թերությունը եւս լուծել, ապա հետագայում ավելի մարտունակ բանակ կունենանք: Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանարապետության Զինված ուժերի 20-ամյակի` այդ կարեւորագույն օրվա կապակցությամբ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]